Արդյոք տեսնելու և ճանաչելո՞ւ ենք մեր ընտանիքի անդամների ու ընկերներին, երբ Երկնքնում լինենք:


Հարց՝ Արդյոք տեսնելու և ճանաչելո՞ւ ենք մեր ընտանիքի անդամների ու ընկերներին, երբ Երկնքնում լինենք:

Պատասխան՝
Շատերն են ասում, որ առաջին բանը իրենց Երկինք մուտք գործելուց հետո լինելու է իրենց սիրելիներին ու ծանոթներին տեսնելը, որոնք իրենցից առաջ են այնտեղ գնացել։ Հավիտենության մեջ բավարար ժամանակ ենք ունենալու, որպեսզի տեսնենք մեր սիրելիներին ու նրանց հետ ժամանակ անցկացնենք։ Սակայն սա չէ լինելու Երկնքում մեր հիմնական զբաղմունքը։ Մենք շատ ավելի կենտրոնացած ենք լինելու Աստծուն երկրպագելու և Երկնքի իրողությունը վայելելու վրա։ Մեր սիրելիների հետ վերամիավորվելու ուրախությունը, ամենայն հավանականությամբ, միախառնված է լինելու Աստծո փառքի ու շնորհի, Նրա անըմբռնելի սիրո և զորավոր գործերի ուրախության հետ։ Մենք ավելի շատ ցնծալու ենք մյուս հավատացյալների հետ միասին Աստծուն փառաբանելու և երկրպագելու հնարավորության համար և, հատկապես, քանի որ դա անելու ենք նաև մեր սիրելիների հետ միասին։

Իսկ ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը այն հարցի մասին, թե արդյոք մենք ճանաչելո՞ւ ենք մեր մտերիմներին, թե՞ ոչ։ Սավուղ թագավորը ճանաչեց Սամուելին, երբ Ենդովրի վհուկը կանչեց նրան մահացածների աշխարհից (Ա Թագավորաց 28․8-17)։ Երբ Դավթի նորածին որդին մահացավ, նա ասաց․ «Ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ» (Բ Թագավորաց 12․23)։ Դավիթ թագավորը ենթադրում էր, որ կարողանալու է ճանաչել իր որդուն, չնայած այն փաստին, որ վերջինս նորածին էր, երբ մահացավ։ Ղուկաս 16․19-31 հատվածում Աբրահամը, Ղազարոսը և հարուստը ճանաչելի էին մահից հետո։ Այլակերպության ժամանակ Մովսեսն ու Եղիան ճանաչելի էին (Մատթեոս 17․3-4)։ Այս օրինակներում Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մարդը մահից հետո ճանաչելի է լինելու։

Աստծո Խոսքը սովորեցնում է, որ երբ մենք Երկինք մտնենք, «Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան, ինչպես որ է» (Ա Հովհաննես 3․2)։ Ճիշտ ինչպես մեր երկրային մարմինները Ադամի նմանությամբ են, այնպես էլ մեր երկնային մարմինները լինելու են Քրիստոսի նմանությամբ (Ա Կորնթացիս 15․47)։ «Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ» (Ա Կորնթացիս 15․49,53)։ Շատերը ճանաչեցին Տեր Հիսուսին Իր հարությունից հետո (Հովհաննես 20․16,20, 21․12, Ա Կորնթացիս 15․4-7)։ Եթե Տեր Հիսուսը ճանաչելի էր Իր փառավորված մարմնով, ապա մենք էլ ճանաչելի ենք լինելու մեր փառավորված մարմնիններով։ Մեր սիրելիներին տեսնելու հնարավորությունը Երկնքի փառավոր իրողության մի մասն է լինելու, սակայն Երկինքն ավելի շատ Աստծո մասին է լինելու և ավելի քիչ՝ մեր։ Ինչպիսի՜ վայելք է լինելու հավիտենության մեջ մեր սիրելիների հետ վերամիավորվելը և նրանց հետ միասին Աստծուն երկրպագելը։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք տեսնելու և ճանաչելո՞ւ ենք մեր ընտանիքի անդամների ու ընկերներին, երբ Երկնքնում լինենք: