settings icon
share icon
Հարց

Արդյոք հավատն առ Աստված և գիտությունը հակասո՞ւմ են միմյանց։

Պատասխան


Գիտությունը սահմանվում է որպես «ուսումնասիրություն, նույնականացում, նկարագրություն, փորձարարական հետազոտություն և երևույթների տեսական բացատրություն»։ Գիտությունը բնական տիեզերքի վերաբերյալ գիտելիք ստանալու մարդկության կողմից օգտագործվող մեթոդն է։ Այն ուսումնասիրությունների միջոցով գիտելիքի փնտրտուքն է։ Գիտության զարգացումը խոսում է մարդկային տրամաբանության ու երևակայության սահմանների մասին։ Սակայն քրիստոնեական մոտեցումն ու հավատը գիտության հանդեպ երբեք չպետք է նման լինեն Աստծո հանդեպ մեր հավատին։ Քրիստոնյան կարող է հավատալ Աստծուն և հարգանքով վերաբերվել գիտությանը, քանի դեռ նա հստակ զանազանում է, թե որ կողմում է անսխալականությունը և որ կողմում՝ սխալականությունը։

Աստծո հանդեպ մեր համոզումը հավատն է։ Մենք հավատում ենք Նրա Որդուն մեր փրկության հարցում, Նրա Խոսքին՝ մեզ խրատելու հարցում, և Սուրբ Հոգուն՝ մեզ առաջնորդելու հարցում։ Աստծո հանդեպ մեր հավատը պետք է լինի բացարձակ։ Մենք հավատում ենք կատարյալ, ամենակարող, և ամենագետ Արարչին։ Իսկ մեր հավատը գիտության նկատմամբ պետք է ավելին չլինի, քան տրամաբանական եզրահանգումները։ Մենք կարող ենք վստահել գիտությանը բազմաթիվ օգտակար բաների հարցում, սակայն պետք է նաև հաշվի առնենք, որ գիտությունը կարող է սխալվել։ Եթե մենք մեր հավատը դնենք գիտության վրա, ապա պետք է գիտակցենք, որ հենվում ենք մի բանի վրա, որը կատարյալ չէ և սահմանափակ, մահկանացու և մեղքի իշխանության տակ գտնվող մարդկանց տրամաբանության արդյունք է։ Պատմության ընթացքում գիտությունը շատ անգամ է բացահայտել սեփական սխալները, որոնց օրինակներ կարող են լինել երկրի ձևը, թռչող սարքերը, պատվաստանյութերը, արյան փոխներարկումը և անգամ մարդկանց վերարտադրողական հարցերը։ Մյուս կողմից, պետք է նշել, որ Աստված երբեք չի սխալվել։

Ճշմարտությունից պետք չէ վախենալ, ևւ քրիստոնյաները ոչ մի պատճառ չունեն ճշմարիտ գիտությունից վախենալու համար։ Աստծո արարած տիեզերքի մասին ավելին իմանալը օգնում է մարդկությանը ընկալել Աստծո արարչագործության ողջ սքանչությունը։ Մեր գիտելիքների ընդլայնումը օգնում է մեզ հիվանդությունների հաղթահարման, անտեղյակությունից և սխալ տեղեկատվությունից ազատվելու հարցերում։ Այնուամենայնիվ, վտանգ գոյություն ունի, որ գիտությանը վստահողները մարդկային տրամաբանության հանդեպ իրանց հավատը ավելի բարձր դնեն Աստծո հանդեպ ունեցած հավատից։ Այս մարդիկ նման են կրոնական մոլեռանդների, որոնք մարդու հանդեպ իրենց հավատը դարձրել են առաջնային և բազմաթիվ փաստարկներ են բերում այդ հավատն արդարացնելու համար։

Սակայն ամենասթափ մտածող գիտնականները և անգամ նրանք, որոնք նաև մերժում են Աստծո հանդեպ հավատը, խոստովանում են տիեզերքի ընկալման հարցում սեփական սահմանափակումները։ Նրանք ընդունում են, որ գիտությունը չի կարող ապացուցել կամ հերքել ո՛չ Աստծո գոյութունը, ո՛չ էլ Աստվածաշնչի ճշմարտացիությունը ճիշտ այնպես, ինչպես հնարավոր չէ հերքել կամ ապացուցել այսօրվա տարածված տեսություններից շատերը։ Գիտությունը պետք է իրապես չեզոք ոլորտ լինի, որը միայն ճշմարտությունն է փնտրում, այլ ոչ թե շարժվում կանխակալ նախապաշարումներով։

Գիտության մեծ մասը հաստատում է Աստծո գոյությունն ու Նրա գործերի իրական լինելը։ Սաղմոս 19․1 խոսքում կարդում ենք․ «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է Նրա ձեռքի գործերը»։ Ժամանակակից գիտությունն ավելի ու ավելի խորը բացահայտումներ է կատարում տիեզերքի վերաբերյալ, որոնք խոսում են արարման ապացույցների մասին։ ԴՆԹ-ի զարմանալի բարդությունն ու կրկնօրինակումը, ֆիզիկայի բազմազան և փոխկապակցված օրենքները և Երկրի վրա առկա պայմաններն ու քիմիական երևույթների բացարձակ ներդաշնակությունը ծառայում են որպես Աստվածաշնչի ուղերձի վստահելի ապացույցներ։ Քրիստոնյայի համար ճշմարտություն որոնող գիտությունը պետք է լինի ընդունելի, սակայն մենք պետք է մերժենք «գիտության այն քրմերին», որոնք մարդկային գիտելիքը վեր են դասում Աստծուց։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք հավատն առ Աստված և գիտությունը հակասո՞ւմ են միմյանց։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries