Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ամուսնալուծության և կրկնամուսնության մասին:


Հարց՝ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ամուսնալուծության և կրկնամուսնության մասին:

Պատասխան՝
Նախ պետք է նշենք, որ անկախ ամուսնալուծության վերաբերյալ ցանկացած մարդու ունեցած տեսակետից, կարևոր է հիշել աստվածաշնչյան այս խոսքը․ «Որովհետև Ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը»։ Ըստ Աստվածաշնչի, ամուսնությունը ամբողջ կյանքի տևողությամբ ուխտ է․ «․․․որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթեոս 19․6)։ Աստված շատ լավ գիտակցում է, որ քանի որ ամուսնությունը մեղավոր բնույթ ունեցող երկու մարդկանց միությունն է, ապա ամուսնալուծություններ, այսպես թե այնպես, տեղի են ունենալու։ Հին Կտակարանում Նա որոշ օրենքներ էր սահմանել ամուսնալուծվածների և, հատկապես, կանանց իրավունքների պաշտպանության նպատակով (Բ Օրինաց 24․1-4)։ Տեր Հիսուս նշում է, որ այս օրենքները տրվել էին, քանի որ այն ժամանակի մարդիկ խստասիրտ էին, այլ ոչ թե քանի որ Աստծո համար ընդունելի էր ամուսնալուծությունը (Մատթեոս 19․8)։

Ըստ Աստվածաշնչի, ամուսնալուծության և կրկնամուսնության ընդունելի կամ մերժելի հարցի շուրջ տարաձայնությունները, հիմնականում, Մատթեոս 5․32 և 19․9 հատվածներում ասած խոսքերի շուրջ են։ Աստվածաշնչյան հնարավոր միակ բացառությունը, որի ժամանակ թույլատրվում է ամուսնալուծությունն ու հնարավոր կրկնամուսնությունը ամուսնական անհավատարմությունն է։ Սակայն բազմաթիվ մեկնաբանություններ, «ամուսնալուծության այս բացառությունը» բացատրում են որպես «ամուսնական անհավատարմություն» նշանադրության ընթացքում։ Հրեական ավանդության մեջ տղամարդն ու կինը ամուսնացած էին ընկալվում անգամ նշանադրության շրջանում։ Ըստ այս մոտեցման, ամուսնալուծության միակ ընդունելի տարբերակը սեռական անհավատարմության դրսևորումն էր նշանված լինելու ընթացքում։

Սակայն «ամուսնական անհավատարմություն» թարգմանված հունարեն արտահայտությունը նկարագրում է մարդու ցանկացած սեռական անբարո վարքագիծը։ Այն կարող է նշանակել շնություն, պոռնկություն, մարմնավաճառություն և այլն։ Տեր Հիսուս հավանաբար ասում էր, որ ամուսնալուծությունը թույլատրելի է միայն սեռական անհավատարմության դրսևորման պարագայում։ Սեռական հարաբերությունը ամուսնական ուխտի կարևոր բաղադրիչն է․ «երկուսը մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2․24, Մատթեոս 19․5, Եփեսացիս 5․31)։ Հետևաբար, ամուսնական ուխտից դուրս սեռական ցանկացած հարաբերություն կարող է ամուսնալուծության հիմք դառնալ։ Եթե այսպես է, ապա կարող ենք ենթադրել, որ Տեր Հիսուս, այս խոսքերն ասելով, Իր մտքում ուներ նաև կրկնամուսնության թույլտվությունը։ «․․․և ուրիշի հետ ամուսնանա» արտահայտությունը (Մատթես 19․9) խոսում է այն մասին, որ ամուսնալուծությունը և կրկնամուսնությունը թույլատրելի են միայն նշված բացառության առկայության պարագայում, ինչպիսին էլ լինի դրա մեկնաբանությունը։ Կարևոր է նշել, որ միայն ամուսնալուծության մեղավորությունն իր վրա չկրող կողմին է թույլատրվում կրկին ամուսնանալ։ Թեև այս մասին չի խոսվում տեքստում, սակայն կրկնամուսնության թույլտվությունը ամուսնալուծությունից հետո Աստծո ողորմությունն է այն անհատին, ում հանդեպ մեղք է գործվել, այլ ոչ թե նրա, ով թույլ է տվել սեռական անհավատարմությունը։ Կարող են նաև լինել իրավիճակներ, երբ «մեղավոր կողմին» նույնպես թույլատրվի կրկին ամուսնանալ, սակայն այդ մասին չի խոսվում այս հատվածում։

Ոմանք Ա Կորնթացիս 7․15 խոսքն ընկալում են որպես մեկ այլ «բացառություն», որը թույլատրում է ամուսնալուծությունը, եթե անհավատ ամուսինն է ուզում ամուսնալուծվել հավատացյալից։ Սակայն նշենք, որ այս հատվածի համատեքստը չի խոսում կրկնամուսնության մասին, այլ սովորեցնում է, որ հավատացյալը կապված չէ ամուսնական ուխտով, եթե անհավատ կողակիցը ցանկանում է լքել նրան։ Մյուսները պնդում են, որ բռնությունը (ամուսնական կամ երեխաների նկատմամբ) նույնպես ընդունելի պատճառ է ամուսնալուծության համար, թեև նման ձևակերպում չենք գտնում Աստվածաշնչում։ Թեև ասվածը կարող է ճշմարիտ լինել, մենք պետք է զգույշ լինենք Աստծո Խոսքի վերաբերյալ ենթադրություններ անելուց։

Մենք երբեմն մոլորվում ենք «ամուսնական անհավատարմության» բացառության իմաստի մասին քննարկումներում․ այն ամուսնալուծության թույլատվությո՞ւն է, թե՞ պահանջ՝ տվյալ իրավիճակում։ Անգամ այն ժամանակ, երբ սեռական անհավատարմություն է տեղի ունեցել, ամուսնական զույգը Աստծո շնորհով կարող է սովորել ներել ու փորձել վերականգնել փլուզված ամուսնությունը (Եփեսացիս 4․32)։ Սակայն շատ դեպքերում ամուսիններից մեկը չի ուզում ապաշխարել և շարունակում է սեռական անբարո վարքագիծը։ Հենց այստեղ է, որ, ամենայն հավանականությամբ, կարելի է կիրառել Մատթեոս 19․9 խոսքի սկզբունքը։ Շատերն էլ փորձում են ամուսնալուծությունից հետո արագ ամուսնանալ՝ չխորհելով այն մասին, որ, հնարավոր է, Աստված կամենում է, որպեսզի նրանք մնան ամուրի։ Աստված երբեմն մարդկանց կանչում է ամուրիության, որպեսզի նրանք ավելի արդյունավետ լինեն ծառայության մեջ (Ա Կորնթացիս 7․32-35)։ Ամուսնալուծությունից հետո կրկնամուսնությունը կարող է հնարավոր տարբերակներից մեկը լինել, սակայն դա չի նշանակում, որ միակ տարբերակն է։

Հավատացյալ քրիստոնյաների շրջանում ամուսնալուծության մակարդակը տխրեցնող վիճակագրություն է, քանի որ այն գրեթե նույնքան բարձր է, որքան անհավատ աշխարհում։ Աստվածաշունչն ավելի քան հստակ է ասում, որ Աստված ատում է ամուսնալուծությունը (Մաղաքիա 2․16) և որ հաշտությունն ու ներումը պետք է լինեն հավատացյալի կյանքի առանձնահատուկ հատկանիշները (Ղուկաս 11․4, Եփեսացիս 4․32)։ Այնուամենայնիվ, Աստված գիտի, որ ամուսնալուծություններ տեղի են ունենալու և որ դրանք տեղի են ունենալու անգամ Իր զավակների շրջանում։ Ամուսնալուծված կամ կրկին ամուսնացած հավատացյալը չպետք է իրեն ավելի քիչ սիրված զգա Աստծո կողմից, անգամ եթե այդ ամուսնալուծությունը կամ կրկնամուսնությունը տեղի չի ունեցել Մատթեոս19․9 խոսքում նշված բացառության առկայության պարագայում։ Աստված երբեմն անգամ մեղավոր անհնազանդությունն է օգտագործում Իր զավակների մոտ բարի փոփոխություններ իրագործելու համար։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը ամուսնալուծության և կրկնամուսնության մասին: