settings icon
share icon
Հարց

Արդյոք Հիսուսն իրո՞ք գոյություն է ունեցել։Կա՞ն արդյոք Նրա գոյության պատմական ապացույցներ:

Պատասխան


Սովորաբար, երբ մարդն այս հարցն է տալիս, նա ի նկատի է ունենում «Աստվածաշնչից դուրս» գտնվող աղբյուրների բերած ապացույցները։ Մենք համամիտ չենք այն գաղափարի հետ, թե Աստվածաշունչի չի համարվում Հիսուսի գոյության ապացույցների աղբյուր։ Նոր Կտակարանում Հիսուսի մասին հարյուրավոր մեջբերումներ կան։ Կան մարդիկ, ովքեր պնդում են, թե ավետարանները գրվել են երկրորդ դարում՝ Հիսուսի մահից մոտ հարյուր տարի անց։ Եթե այս պնդումը լիներ ճշմարիտ (ինչը, բնականաբար, այդպես չէ), ապա անգամ այդ պարագայում, ըստ անտիկ աշխարհի գրվածքների հանդեպ գիտական մոտեցման, իրական իրադարձություններից հետո 200 տարվա ընթացքում գրի առնված աղբյուրները համարվում են վստահելի, իսկ դրանցում տեղ գտած ապացույցները՝ խելամիտ։ Ավելին, հետազոտողների մեծամասնությունը (քրիստոնյա և ոչ քրիստոնյա) համոզված են, որ Պողոս առաքյալի թղթերի հեղինակը հենց Պողոսն է (ոմանք համաձայնում են, թե դրանցից որոշներն է նա գրի առել) և որ դրանք գրի են առնվել Հիսուսի մահից հետո 40 տարուց էլ պակաս ժամակահատվածում։ Հին աշխարհի գրվածքների վստահելիության չափորոշիչների վրա հիմնվելով՝ կարող ենք պնդել, որ սովորականից շատ ավելի ամուր ապացույցներ գոյություն ունեն, որ Հիսուս անունով մարդ է ապրել Իսրայելում առաջին դարի սկզբներին։

Կարևոր է նաև նշել, որ Ք․հ․ 70 թվականին հռոմեացիները գրավեցին ու կործանեցին Երուսաղեմն ու Իսրայելի մեծ մասը՝ կոտորելով այնտեղի բնակիչներին։ Ամբողջական քաղաքներ բառացիրորեն կրակի մատնվեցին ու մոխրացան։ Հիսուսին տեսած մարդկանցից շատերը պետք է որ մահացած լինեին։ Այս փաստերը սահմանափակեցին Հիսուսին տեսած մարդկանց վկայությունների քանակը։

Հաշվի առնելով այն փաստը, որ Հիսուսի ծառայությունը հիմնականում կենտրոնացած էր Հռոմեական կայսրության փոքր ու աննշան համարվող մի տեղանքի սահմաններում, Նրա մասին տեղեկատվության աննախադեպ մեծ քանակ կարելի է քաղել ոչ քրիստոնեական պատմական աղբյուրներից։ Հիսուսի գոյության պատմական համեմատաբար կարևոր ապացույցներ պարունակող աղբյուրներից են հետևյալները՝

Առաջին դարի հռոմեացի պատմիչ Տակիտուսը, ով Հին աշխարհի ամենավստահելի պատմիչներից մեկն է, հիշատակում է «սնահավատ քրիստոնյաների», ովքեր հալածանքների են ենթարկվել Պոնտացի Պիղատոսի իշխանության ներքո Տիբերիոսի գահակալության ժամանակներում։ Ադրիանոս կայսեր քարտուղար Սվետոնիոսը գրում է, որ եղել է Քրեստուս (կամ Քրիստոս) անունով մի մարդ, ով ապրել է առաջին դարում (Տարեգրություններ 15.44)։

Հովսեփոս Փլավիոսը ամենահայտնի հրեա պատմիչն է։ Իր «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ նա անդրադառնում է Հակոբոսին, ով «Քրիստոս կոչվող Հիսուսի եղբայրն էր»։ Մի հակասական մեջբերում կա (18․3), որն ասում է, «․․․մետավորապես այս ժամանակներում էր, որ մի իմաստուն մարդ կար, ում Հիսուս էին անվանում, եթե ընդհանրապես ճիշտ է նրան մարդ անվանելը։ Քանի որ նա մեկն էր, ով անբացատրելի գործեր էր գործում․․․ Նա Քրիստոսն էր․․․ Նա երրորդ օրը ողջ և առողջ նրանց առջև կանգնեց ճիշտ այնպես, ինչպես Աստծուց ներշնչված մարգարեներն էին մարգարեացել և հազարավոր այլ մարգարեություններ էին իրականացել նրա մասին»։ Այս տեքստի մեկ այլ տարբերակ հետևյալ ձևակերպումն ունի․ «այդ ժամանակներում Հիսուս անունով մի իմաստուն մարդ էր ապրում։ Նա բարի գործեր էր անում և հայտնի էր իր առաքինություններով։ Հրեաներից և այլազգիներից շատերը դարձան նրա աշակերտները։ Պիղատոսը նրան դատապարտեց խաչելության ու մահվան։ Բայց նրա աշակերտները չդադարեցրին իրենց աշակերտ լինելու ընթացքը։ Նրանք պնդում էին, թե Հիսուսը իր խաչելությունից երեք օր անց հայտնվել է իրենց և ապացուցել, որ ողջ է։ Հետևաբար, հավանական է, որ այս մարդը Մեսիան է եղել, ում մասին մարգարեացել են մարգարեները»։

Հուլիոս Ափրիկանոսը մեջբերում է կատարում Թալլոս պատմիչից և նշում, որ Քրիստոսի խաչելության ժամանակ խավարում է եղել (Առկա նամակներ, 18).

Պլինիոս Կրտսերը իր Նամակներում 10․96, գրի առել վաղ քրիստոնեական շրջանի երկրպագության կերպերը՝ ներառյալ այն փաստը, որ քրիստոնյաները Հիսուսին պաշտում էին որպես Աստծո և որ նրանք շատ պարկեշտ մարդիկ էին։ Նա նաև նշում է նրանց հավաքույթների և հաղորդության ընթրիքի մասին։

Բաբելոնյան Թալմուդը (Սինեդրիոն 43ա) հաստատում է Հիսուսի խաչելությունը Պասեքի տոնի նախօրեին և խոսում նրան ուղղված մեղադրանքների մասին, որոնցից էին կախարդությունն ու հրեաներին հավատուրացության մղելը։

Երկրորդ դարի հույն գրող Լուկիանոսը գրում է, որ Հիսուսը քրիստոնյաների պաշտամունքի կենտրոնն էր, ով նոր ուսմունքներ էր ներմուծել և խաչվել էր նրանց համար։ Նա նշում է, որ Հիսուսի ուսուցումները ներառում էին հավատացյալների եղբայրասիրությունը, ապաշխարության կարևորությունը և մյուս աստվածներին մերժելը։ Քրիստոնյաներն ապրում էին ըստ Հիսուսի օրենքի, հավատում, որ անմահ են, ինչպես նաև բնութագրվում էին մահվան հանդեպ վախի բացակայությամբ, ինքնակամ նվիրաբերմամբ ու նյութական բարիքների ընդհանրությամբ։

Մարա բար Սերապիոնը հաստատում է, որ Հիսուսին ընկալում են որպես իմաստուն ու առաքինի մարդու, և շատերի կարծիքով նա հենց Իսրայելի թագավորն է եղել, ում հրեաները սպանել են և ով ապրում է իր աշակերտների ուսուցումների մեջ։

Բացի այս ամենը, մենք ունենք նաև գնոստիկական գրվածքները (Ճշմարտության ավետարանը, Հովհաննեսի ապոկրիֆը, Թովմասի ավետարանը, Հայտնության եռահատորը, և այլն), որոնք անդրադարձ ունեն Հիսուսի անձին։

Իրականում, մենք կարող ենք անգամ վերակազմել ավետարանը ոչ քրիստոնեական աղբյուրներից՝ Հիսուսին Քրիստոս էին կոչում (Հովսեփոս), Նա հրաշքներ էր անում, հրեաներին նոր ուսուցում էր մատուցում և Պասեքի տոնին խաչվեց նրանց համար (Բաբելոնյան Թալմուդ) Հրեաստանում (Տակիտուս), պնդում էր, որ Աստված է և վերադառնալու է (Եղիազար), ինչին հավատում էին Նրա հետևորդներն ու Նրան երկրպագում որպես Աստծո (Պլինիոս Կրտսեր)։

Հիսուս Քրիստոսի գոյության մասին բազմաթիվ ապացույցներ կան թե՛ աստվածաշնչյան և թե՛ ոչ աստվածաշնչյան աղբյուրներից։ Սակայն Քրիստոսի գոյության ամենազորեղ ապացույցը, հավանաբար, այն է, որ առաջին դարի հազարավոր քրիստոնյաներ, ներառյալ տասներկու առաքյալները, պատրաստ էին հանուն Նրա զոհել իրենց կյանքերը։ Մարդիկ կարող են մահանալ այն բանի համար, ինչը կարծում են, թե ճշմարիտ է, սակայն ոչ ոք պատրաստ չի լինի մահանալու այն բանի համար, ինչը գիտեն, որ սուտ է։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Արդյոք Հիսուսն իրո՞ք գոյություն է ունեցել։Կա՞ն արդյոք Նրա գոյության պատմական ապացույցներ:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries