Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դեպրեսիայի մասին։ Ինչպես կարող է քրիստոնյա հավատացյալը հաղթահարել դեպրեսիան։


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դեպրեսիայի մասին։ Ինչպես կարող է քրիստոնյա հավատացյալը հաղթահարել դեպրեսիան։

Պատասխան՝
Դեպրեսիան բավականին տարածված երևույթ է մեր օրերում, որն իր ազդեցությունն է թողնում միլիոնավոր մարդկանց վրա՝ հավատացյալ և ոչ հավատացյալ։ Դեպրեսիայից տառապող մարդիկ կարող են տխրության, բարկության, անհուսության, հոգնածության և շատ այլ ախտանիշերի խիստ դրսևորումներ ունենալ։ Նրանք կարող են անօգտակարության զգացում և անգամ ինքնասանության մտքեր ունենալ՝ կորցնելով հետաքրքրությունը գրեթե ամեն բանի նկատմամբ, ինչպես նաև այն մարդկանց հադեպ, որոնց ներկայությունը մի ժամանակ վայելք էր իրենց համար։ Դեպրեսիան հաճախ կապված է կյանքի այնպիսի իրավիճակների հետ, ինչպիսիք են աշխատանքի կորուստը, սիրելիի մահը, ամուսնալուծությունը կամ այնպիսի հոգեբանական խնդիրները, որոնք բխում են բռնությունից կամ ցածր ինքնագնահատականից։

Աստվածաշունչը հորդորում է մեզ լցվել ուրախությամբ ու փառաբանությամբ (Փիլիպպեցիս 4․4, Հռոմեացիս 15․11), և Աստված հստակ տեղակացնում է մեզ, որ կամենում է, որպեսզի մենք ապրենք ուրախությամբ լեցուն կյանք։ Սա դյուրին բան չէ այն մարդկանց համար, ովքեր տառապում են իրավիճակային դեպրեսիայից, սակայն ուրախության կյանքը բժշկության շնորհիվ կարող է իրականություն դառնալ աղոթքի, Աստվածաշնչի սերտողությունների և դրանց կիրառության, օգնող խմբերի, հավատացյալների հետ հաղորդակցության, խոստովանության, ներման և խորհրդատվության պարգևների շնորհիվ, որոնք Աստված է հոգացել նման մարդկանց համար։ Մենք պետք է գիտակցված ջանք գործենք, որպեսզի չպարփակվենք ինքներս մեր մեջ, այլ մեր ջանքերը դեպի դուրս ուղղենք։ Դեպրեսիայի զգացողությունը հաճախ կարելի է հաղթահարել, երբ դրանից տառապող մարդիկ իրենց վրայից կենտրոնացվածությունը տեղափոխում են Տեր Հիսուսի և մյուսների վրա։

Կլինիկական դեպրեսիան ֆիզիկական վիճակ է, որը կարիք ունի բժիշկների ախտորոշման։ Այն կարող է չլինել ցավալի իրադարձությունների հետևանք և ոչ էլ ախտանիշները հնարավոր է թուլացնել սեփական կամքի ուժի դրսևորման արդյունքում։ Հակառակ որոշ քրիստոնեական համայնքների ունեցած համոզման, կլինիկական դեպրեսիան միշտ չէ, որ մեղքի հետևանք է։ Այն երբեմն կարող է ֆիզիկական խնդրի արդյունք լինել, որը կարիք է զգում բժշկական կամ խորհրդատվական միջամտության։ Անշուշտ, Աստված կարող է ցանկացած հիվանդություն ու խնդիր բժշկել։ Սակայն որոշ դեպքերում բժշկի մոտ դեպրեսիայի բուժման համար գնալը նույնքան անհրաժեշտ է, որքան կոտրվածքի համար բժշկին դիմելը։

Որոշակի բաներ կան, որ դեպրեսիայով տառապողները կարող են անել, որպեսզի մեղմեն իրենց անհանգստությունները։ Նրանք պետք է համոզված լինեն, որ մնում են Աստծո Խոսքի մեջ անգամ այն պարագայում, երբ նրանք ձգտում չունեն այդ անելու համար։ Զգացմունքները կարող են մոլորեցնել մեզ, բայց Աստված հաստատուն է ու անփոփոխ։ Մենք պետք է ամուր հավատ ունենանք Աստծո հանդեպ, և այդ հավատն ավելի ամուր բռնենք, երբ անցնում ենք փորձությունների ու գայթակղությունների միջով։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված երբեք թույլ չի տա, որ մեր կյանք այցելեն այնպիսի փորձություններ, որոնց դիմակայելը վեր է մեր ուժից (Ա Կորնթացիս 10․13)։ Թեև դեպրեսիայի մեջ ընկնելը մեղք չէ, սակայն յուրաքանչյուր ոք պատասխանատու է այն հարցում, թե ինչպես է արձագանքում այս տկարությանը՝ ներառյալ որակավորված մասնագետից օգնություն ստանալուն ուղղված քայլերի իրագործումը։ «Ուստի Նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ Նրա անունը դավանող շրթունքների պտուղը» (Եբրայեցիս 13․15)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դեպրեսիայի մասին։ Ինչպես կարող է քրիստոնյա հավատացյալը հաղթահարել դեպրեսիան։