Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ժամադրության և սիրահետելու մասին։


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ժամադրության և սիրահետելու մասին։

Պատասխան՝
Թեև «սիրահետել» և «ժամադրվել» բառերը չեն հանդիպում Աստվածաշնչում, սակայն մենք որոշակի սկզբունքներ ենք տեսնում, որոնց պետք է հետևեն քրիստոնյաները նախաամուսնական հարաբերությունների ընթացքում։ Առաջինն այն է, որ մենք պետք է չընդունենք ժամադրությունների հանդեպ աշխարհի սկզբունքները, քանի որ Աստծո սկզբունքները հակառակ է աշխարհում ընդունված մոտեցումներին (Բ Պետրոս 2․20)։ Աշխարհի համար ժամադրությունները համատեղ ժամանակ անցկացնելու միջոց են, իսկ մենք պետք է կարևորենք մարդուն ճանաչելը նախքան նրա հետ ամուսնական ուխտի մեջ մտնելու որոշում կայացնելը։ Մենք պետք է փորձենք բացահայտել, թե արդյոք տվյալ անձնավորությունը վերստին ծնվե՞լ է Քրիստոսի Հոգուց, թե՞ ոչ (Հովհաննես 3․3-8), և արդյոք նա Քրիստոսին նմանվելու այն նույն ձգտումն ունի՞, որը Ձեր կյանքի փափագն է (Փիլիպեցիս 2․5): Ժամադրությունների կամ սիրահետման նպատակը պետք է լինի ամուսնական զույգ կազմելու համար կողակից գտնելը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մենք, որպես հավատացյալ քրիստոնյաներ, չպետք է ամուսնանանք անհավատի հետ (Բ Կորնթացիս 6․14-15), քանի որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ Քրիստոսի հետ մեր փոխհարաբերության վրա և փոխզիջումների հանգեցնել մեր բարոյական ու հոգևոր սկզբունքների առումով։

Երբ մարդը նախաամուսնական հարաբերության մեջ է՝ լինի դա ժամադրությունը կամ սիրահետելու ընթացքը, ապա պետք է կարևորի Տեր Հիսուսին ամեն բանից առավել սիրելը (Մատթեոս 10․37)։ Ասել կամ ընդունել, թե դիմացինը մեր «ամենն» է կամ մեր կյանքի ամենակարևոր անձնավորությունը, մեզ կտանի կռապաշտության, ինչը լրջագույն մեղքերից մեկն է (Գաղատացիս 5․20, Կողոսացիս 3․5)։ Մենք պետք է զգուշանանք նաև մեր մարմինները նախաամուսնական սեռական հարաբերությունների արդյունքում պղծելուց ու ապականելուց (Ա Կորնթացիս 6․9,13, Բ Տիմոթեոս 2․22)։ Սեռական անբարոյությունը ոչ միայն Աստծո հանդեպ, այլև հենց մեր մարմինների հանդեպ գործվող մեղք է (Ա Կորնթացիս 6․18)։ Կարևոր է դիմացինին սիրելն ու պատվելն այնպես, ինչպես մենք մեր անձերն ենք սիրում (Հռոմեացիս 12․9-10)։ Եվ սա ճշմարիտ է հատկապես ժամադրությունների և սիրահետման ընթացքում։ Այդ ընթացքում վերը բերված աստվածաշնչյան սկզբունքների պահպանումը ապահով հիմք է ստեղծում հետագա ամուսնության համար։ Սա մարդու կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է, քանի որ երբ տղամարդը և կինն ամուսնանում են, նրանք հարում են միմյանց և մեկ մարմին դառնում այն հարաբերության մեջ, որն, ըստ Աստծո, պետք է լինի մնայուն և անխախտ (Ծննդոց 2․24, Մատթեոս 19․5)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ժամադրության և սիրահետելու մասին։