Ո՞րն է կուլտի սահմանումը։


Հարց՝ Ո՞րն է կուլտի սահմանումը։

Պատասխան՝
Երբ մարդիկ լսում են կուլտ բառը, նրանք հաճախ պատկերացնում են մարդկանց խմբի մասին, ովքեր պաշտում են սատանային, կենդանիներ զոհաբերում կամ չար, արտառոց և հեթանոսական ծիսակարգերի մաս կազմում: Սակայն, իրականում, կուլտերի մեջ հազվադեպ են նման երևույթներ հանդիպում։ Կուլտը, այդ բառի ավելի լայն իմաստով, կրոնական մի համակարգ է, որն ունի սեփական սովորույթներն ու ծիսակարգերը։

Այնուամենայնիվ, սովորաբար, կուլտին ավելի նեղ սահմանում է տրվում, և այդ բառը բնութագրում է այն ոչ ուղղադավան աղանդներին, որոնց անդամները աղավաղում են տվյալ կրոնի հիմնարար վարդապետությունները։ Քրիստոնեության համատեքստում, մասնավորապես, կուլտը «կորոնական այն խումբն է, որը մերժում է աստվածաշնչյան հիմնարար ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը»։ Կուլտը մարդկանց մի համախումբ է, որը ուսուցանում է այնպիսի վարդապետություններ, որոնց հավատալու դեպքում մարդը կմնա չփրկված։ Կուլտը պնդում է, թե այն մաս է կազմում տվյալ կրոնի, սակայն մերժում է այդ կրոնի կարևորագույն ճշմարտությունները։ Հետևաբար, քրիստոնեական կուլտը մարդկանց այն համախումբն է, որը մերժում է քրիստոնեության հիմնարար ճշմարտությունները, միևնույն ժամանակ, պնդելով, թե քրիստոնեական ուղղություն է։

Քրիստոնեական կուլտերի ամենատարածված երկու ուսուցումները վերաբերում են Քրիստոսի Աստված լինելը մերժելուն և փրկության համար հավատից բացի այլ պահանջներին։ Քրիստոսի Աստված լինելը մերժելը հանգեցնում է այն եզրահանգմանը, թե Հիսուսի մահը չէր կարող բավարար վճար հանդիսանալ մեր մեղքերի համար։ Միայն հավատով փրկության մերժումը հանգեցնում է այնպիսի ուսուցումների ի հայտ գալուն, թե փրկության համար նաև մեր սեփական գործերն են անհրաժեշտ։ Քրիստոնեության վաղ տարիներին առաքյալները նույնպես բախվում էին տարբեր կուլտերի։ Օրինակ, Հովհաննես առաքյալը Ա Հովհաննես 4․1-3 հատվածում անդրադառնում է գնոստիցիզմի խնդիրներին։ Նա տալիս է ճշմարիտ վարդապետության բացահայտման բանալին․ «Հիսուս Քրիստոսին մարմնով եկած» (խոսք 2), ինչը ուղղակիորեն հակադիր էր գնոստիկական հերձվածողության վարդապետությանը (զուգահեռ՝ Բ Հովհաննես 1․7)։

Մերօրյա երկու ամենահայտնի կուլտերի օրինակներ են Եհովայի վկաները և մորմոնները։ Այս երկու խմբերն էլ պնդում են, թե իրենք քրիստոնյաներ են, մինչդեռ երկուսն էլ մերժում են Քրիստոսի Աստված լինելը և միայն հավատքով հասու փրկությունը։ Եհովայի վկաները և մորմոնները հավատում են բազմաթիվ բաների, որոնք համահունչ են Աստվածաշնչին։ Սակայն Քրիստոսի Աստված լինելը և միայն հավատքով փրկության մերժման հարցերը նրանց որակավորում են որպես կուլտեր։ Եհովայի վկաների, մորմոնների և այլ կուլտերի բազմաթիվ անդամներ բարոյական մարդիկ են և անկեղծորեն հավատում են, թե ճշմարտությանն են հետևում։ Որպես քրիստոնյաներ, մեր հույսը և աղոթքը պետք է լինի այն, որ կուլտերի մեջ ներգրավված հնարավորինս շատ մարդիկ տեսնեն այն ողջ սուտը, որին հավատացել են, և գան դեպի այն ճշմարտությունը, որի շնորհիվ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի արդյունքում կընդունեն փրկությունը։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ո՞րն է կուլտի սահմանումը։