Արդյոք կարևո՞ր է համատեղ աղոթք ունենալը։ Արդյոք համատեղ աղոթքը ավելի զորավո՞ր է, քան անհատական աղոթքը:


Հարց՝ Արդյոք կարևո՞ր է համատեղ աղոթք ունենալը։ Արդյոք համատեղ աղոթքը ավելի զորավո՞ր է, քան անհատական աղոթքը:

Պատասխան՝
Համատեղ աղոթքը եկեղեցական կյանքի կարևոր մասն է կազմում երկրպագության, առողջ վարդապետության, հաղորդության և միմյանց հետ հաղորդակցության հետ միասին։ Վաղ շրջանի եկեղեցին կանոնավոր կերպով հավաքվում էր առաքյալների վարդապետությունը սովորելու, միասին հաց կտրելու և համատեղ աղոթքների համար (Գործք 2․42)։ Երբ մենք մյուս հավատացյալների հետ համատեղ աղոթքում ենք, ապա արդյունքը կարող է շատ դրական լինել։ Համատեղ աղոթքը շինություն է պարգևում և միաբանում է հավատացյալներին։ Յուրաքանչյուր հավատացյալի ներսում բնակվող Սուրբ Հոգին մեր սրտերին ցնծություն է պարգևում, երբ մենք լսում ենք մեր Տիրոջն ու Փրկչին ուղղված փառաբանությունն ու մեծարանքը՝ մի առանձնահատուկ կապով մեզ իրար կապելով։ Նման կապ մենք մեր կյանքի ոչ մի այլ ոլորտում չենք կարող գտնել։

Կյանքի դժվարությունների և հոգսերի ծանրության տակ կքված հավատացյալների համար մյուսների քաջալերական աղոթքները կարող են մեծ օգնություն լինել Տիրոջ շնորհքի աթոռին մոտենալու հարցում։ Համատեղ աղոթքը մեզ նաև սիրո մեջ է աճեցնում և մյուսների հանդեպ հոգատարություն ծնում, երբ բարեխոսական աղոթքներ ենք բարձրացնում Աստծուն։ Միևնույն ժամանակ, համատեղ աղոթքը այդ աղոթքին մասնակցող հավատացյալների սրտերի արտացոլանքն է։ Մենք Աստծուն պետք է մոտենանք խոնարհությամբ (Հակոբոս 4․10), ճշմարտությամբ (Սաղմոս 145․18), հնազանդությամբ (Ա Հովհաննես 3․21-22), գոհությամբ (Փիլիպպեցիս 4․6) և համարձակությամբ (Եբրայեցիս 4․16)։ Ցավոք, համատեղ աղոթքը կարող է նաև դառնալ հարթակ այն մարդկանց համար, որոնց աղոթքի մեջ հնչած խոսքերն ուղղված չեն Աստծուն, այլ ուղղված են ներկաներին։ Տեր Հիսուսը Մատթեոս 6․5-8 հատվածում մեզ զգուշացնում է, որպեսզի նման պահվածք չունենանք ու հեռու մնանք ցուցադրական, երկարաճառ ու կեղծավոր աղոթքներից, այլ աղոթենք ծածուկում՝ ներքին սենյակում, որպեսզի չտրվենք կեղծավոր աղոթքների գայթակղությանը։

Աստվածաշնչում չենք հանդիպում որևէ տեղ, որը մեզ ասի, թե Աստծո միջամտությունը առաջ բերելու առումով համատեղ աղոթքն ավելի զորավոր է, քան անհատական աղոթքները։ Բազմաթիվ քրիստոնյաների համար աղոթքը «Աստծուց ինչ-որ բան ստանալու» միջոց է, և համատեղ աղոթքները, հիմնականում, դառնում են ցանկությունների ցուցակը Աստծուն հայտնելու միջոցներ։ Սակայն աստվածաշնչյան աղոթքները բազմաշերտ են՝ ներառելով սուրբ, կատարյալ և արդար Աստծո հետ գիտակցված ու մտերիմ հաղորդակցության մեջ մտնելու մեր ամբողջական փափագը։ Հենց միայն այն, որ Աստված ականջալուր է Իր կողմից արարված մարդկանց խնդրվածքներին, արդեն իսկ հիացմունքի ու փառաբանելու փափագ է ծնում հավատացյալի ներսում (Սաղմոս 27․4, 63․1-8), ծնում է սրտանց ապաշխարություն և խոստովանություն (Սաղմոս 51, Ղուկաս 18․9-14), գոհության ու շնորհակալության հեղման առիթ հանդիսանում (Փիլիպպեցիս 4․6, Կողոսացիս 1․12) և առաջ բերում անկեղծ բարեխոսական աղոթքներ մյուսների համար (Բ Թեսաղոնիկեցիս 1․11, 2․16)։

Այսպիսով, աղոթքը Աստծո հետ մեր համագործակցության դրսևորում է, որը նպատակ ունի Նրա ծրագրերն իրականություն դարձնելու, այլ ոչ թե մեր կամքը Նրան համոզելու։ Երբ մենք հրաժարվում ենք մեր սեփական ցանկություններից՝ հանձնվելով Նրան, Ով մեզնից շատ ավելի լավ գիտի մեր իսկ իրավիճակը և «գիտի, թե ի՛նչ է մեզ պետք նախքան նրանից որևէ բան խնդրելը» (Մատթեոս 6․8), ապա մեր աղոթքները ամենազորեղ աղոթքներն են դառնում։ Աստծո կամքին հնազանդության մեջ կատարված աղոթքները միշտ դրական պատասխան են ունենում՝ լինեն դրանք մեկ անհատի կողմից բարձրաձայնված կամ հազարավորների։

Այն կարծիքը, թե համատեղ աղոթքներն ավելի մեծ հավանականությամբ են Աստծուց դրական պատասխան ընդունում, գալիս է հիմնականում Մատթեոս 18․19-20 հատվածի սխալ մեկնաբանությունից․ «Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։ Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։ Այս խոսքերը գրված են եկեղեցում մեղքից ապաշխարելը մերժող անդամի հանդեպ կարգապահական պատժի մասին ուսուցանող ավելի մեծ համատեքստում։ Այս հատվածը մեկնաբանել որպես Աստծուց տրված խոստում, թե Նա կկատարելի ցանկացած խնրդանք, որը երկու հոգի միաբանված կխնդրեն, անկախ այդ խնդրվածքի մեղավոր ու անիմաստ բնույթից, ոչ միայն չի համապատասխանում չապաշխարող մեղավորի հանդեպ կարգապահական պատժի համատեքստին, այլև հակասում է Աստվածաշնչի մյուս հատվածներին և, հատկապես, Աստծո ինքնիշխանության գաղափարին։

Ավելին, աստվածաշնչյան չէ կարծելը, թե երբ «երկու կամ երեք հոգի մի բանի համար միաբանվում են», մի առասպելական զորություն է հայտնվում մեր աղոթքների պատճառով։ Նման մոտեցումը չունի աստվածաշնչյան որևէ հիմք։ Անշուշտ, Տեր Հիսուս ներկա է, երբ երկու կամ երեք հոգի միասին աղոթում են, սակայն Նա հավասարապես ներկա է, երբ հավատացյալը միայնակ է աղոթում, անգամ եթե աղոթողը հազարավոր կիլոմետրերով հեռու մյուս հավատացյալներից։ Համատեղ աղոթքը կարևոր է, որովհետև այն միաբանություն է ծնում (Հովհաննես 17․22-23), կարևոր է հավատացյալների իրար քաջալերելու համար (Ա Թեսաղոնիկեցիս 5․11) և մղում է միմյանց սիրելուն ու բարի գործեր գործելուն (Եբրայեցիս 10․24)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք կարևո՞ր է համատեղ աղոթք ունենալը։ Արդյոք համատեղ աղոթքը ավելի զորավո՞ր է, քան անհատական աղոթքը: