settings icon
share icon
Հարց

Ինչո՞ւ է եկեղեցի հաճախելը կարևոր:

Պատասխան


Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ կարիք ունենք եկեղեցի հաճախելու, որպեսզի մյուս հավատացյալների հետ միասին երկրպագենք Աստծուն և մեր հոգևոր աճի համար ընդունենք Աստծո Խոսքի ուսուցումը։ Վաղ շրջանի եկեղեցու հավատացյալները «ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին» (Գործք 2․42)։ Մենք պետք է հետևենք ջերմեռանդ նվիրման այս օրինակին և նույն գործողություններն անենք։ Այն ժամանակ նրանք չունեին եկեղեցական շինություններ, սակայն «Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով» (Գործք 2․46)։ Որտեղ էլ լիներ նրանց հանդիպման վայրը, հավատացյալները փափագ ունեին մյուսների հետ հաղորդակցության և Աստծո Խոսքի համատեղ ուսումնասիրության։

Եկեղեցի հաճախելը պարզապես «մի բարի խորհուրդ» չէ։ Դա Աստծո կամքն է հավատացյալների համար։ Եբրայեցիս 10․25 խոսքը մեզ սովորեցնում է, որպեսզի «մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է»։ Անգամ վաղ շրջանի եկեղեցում ոմանք ընկնում էին այդ վատ սովորության թակարդը և կանոնավոր կերպով չէին հաճախում եկեղեցի։ Եբրայեցիների թղթի հեղինակը չի համաձայնում նման մոտեցման հետ։ Մենք կարիք ունենք այն քաջալերանքի, որը բխում է եկեղեցի հաճախելուց։ Եվ վերջին օրերի մոտենալը մեզ պետք է մղի ավելի մեծ նվիրումով եկեղեցի հաճախելուն։

Եկեղեցին մի վայր է, որտեղ հավատացյալները կարող են միմյանց հանդեպ ունեցած սերը գործնականում դրսևորել (Ա Հովհաննես 4․12), միմյանց քաջալերել (Եբրայեցիս 3․13), միմյանց մղել դեպի սիրո և բարի գործերի (Եբրայեցիս 10․24), ծառայել միմյանց (Գաղատացիս 5․13), խրատել միմյանց (Հռոմեացիս 15․14), պատվել միմյանց (Հռոմեացիս 12․10) և միմյանց հանդեպ բարության ու կարեկցանքի գործեր ունենալ (Եփեսացիս 4․32)։

Երբ մարդն իր փրկության հարցում վստահում է Հիսուս Քրիստոսին, նա դառնում է Քրիստոսի Մարմնի անդամ (Ա Կորնթացիս 12․27)։ Որպեսզի եկեղեցին որպես մարմին ճիշտ կենսագործունեություն ունենա, «մարմնի բոլոր անդամները» պետք է ներկա լինեն և գործեն (Ա Կորնթացիս 12․14–20)։ Բավարար չէ միայն եկեղեցի հաճախելը։ Մենք պետք է ներգրավված լինենք մյուսներին ուղղված որևէ ծառայության մեջ՝ կիրառության մեջ դնելով Աստծուց տրված հոգևոր պարգևները (Եփեսացիս 4․11–13)։ Հավատացյալը երբեք չի հասնի լիարժեք հոգևոր հասունության առանց իր հոգևոր պարգևների դրսևորելու հնարավորության, և այս առումով բոլորս էլ կարիք ունենք մյուս հավատացյալների օգնությանն ու քաջալերանքին (Ա Կորնթացիս 12․21–26)։

Վերը բերված պատճառները միայն մի մասն են այն բազմաթիվ հիմնավորումների, թե ինչու պետք է եկեղեցի հաճախելը, ծառայություններին մեջ մասնակցությունը և մյուսների հետ հաղորդակցությունը լինեն հավատացյալի կյանքի կանոնավոր ընթացքը։ Ամեն շաբաթ եկեղեցի հաճախելը հավատացյալի համար չպետք է լինի օրենքի պահանջ, սակայն Քրիստոսին պատկանող մարդու համար փափագելի պետք է լինի Աստծուն երկրպագելը, Աստծո Խոսքի ուսուցում ստանալն ու մյուս հավատացյալների հետ հաղորդակցությունը։

Տեր Հիսուսը Եկեղեցու Անկյունաքարն է (Ա Պետրոս 2․6), և մենք «կենդանի քարերի պես կառուցվում ենք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցենք» (Ա Պետրոս 2․5)։ Որպես Աստծո հոգևոր Տաճարի կենդանի քարեր, մենք բնականորեն կապված ենք մեկս մյուսի հետ, և այդ կապը ակնհայտ կերպով դրսևորվում է, երբ Եկեղեցին «եկեղեցի» է գնում։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչո՞ւ է եկեղեցի հաճախելը կարևոր:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries