Ի՞նչ է նշանակում լինել վերստին ծնված քրիստոնյա։


Հարց՝ Ի՞նչ է նշանակում լինել վերստին ծնված քրիստոնյա։

Պատասխան՝
Ի՞նչ է նշանակում լինել վերստին ծնված քրիստոնյա։ Աստվածաշնչի այս հարցին պատասխանող դասական մեջբերումը Հովհաննես 3․1-21 հատվածն է։ Տեր Հիսուս Քրիստոս խոսում է Նիկոդեմոսի հետ, ով հայտնի փարիսեցի էր և ատյանի (հրեաների կառավարող մարմնի) անդամ։ Նա Տեր Հիսուսի մոտ էր եկել գիշերով, քանի որ որոշ հարցեր ուներ Նրան տալու։

Հիսուսը նրան ասաց․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու Արքայությունը չի կարող տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. «Դուք պետք է վերստին ծնվեք» (Հովհաննես 3․3-7)։

«Վերստին ծնվել» արտահայտությունը բառացիորեն ունի «վերևից ծնվել» նշանակությունը։ Նիկոդեմոսն իրական կարիք ուներ։ Նա կարիք ուներ, որպեսզի իր սիրտը փոխվի։ Նա կարիք ուներ հագևոր փոխակերպման։ Նոր ծնունդը՝ վերստին ծնվելը, Աստծո այն միջամտությունն է անհատի կյանքում, երբ վերջինս հավատքի շնորհիվ ընդունում է հավիտենական կյանքի պարգևը (Բ Կորնթացիս 5․17, Տիտոս 3․5, Ա Պետրոս 1․3, Ա Հովհաննես 2․29, 3․9, 4․7, 5․1-4,18)։ Հովհաննես 1․12,13 հատվածը խոսում է այն մասին, որ «վերստին ծնված» լինելու գաղափարը իր մեջ կրում է նաև Հիսուս Քրիստոսի անվանը վստահելու շնորհիվ «Աստծո զավակներ դառնալու» իմաստը։

Տրամաբանական հարց է առաջ գալիս․ «Ինչո՞ւ է անհրաժեշտ, որպեսզի մարդը վերստին ծնունդ ապրի»։ Պողոս ԱռաքյալըԵփեսացիս 2․1 խոսքում ասում է․ «Եվ դուք [կենդանացաք], որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով»։ Հռոմեացիներին նա գրում է․ «Որովհետև բոլորը մեղանչեցին և զրկվեցին Աստծո փառքից» (Հռոմեացիս 3․23)։ Մեղավորները հոգևորապես «մահացած» մարդիկ են, և երբ նրանք Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ հոգևոր կյանք են ընդունում, Աստվածաշունչը դա նմանեցնում է կրկին ծնվելուն։ Միայն վերստին ծնված մարդկանց մեղքերն են ներված և միայն նրանք կարող են Աստծո հետ հարաբերություն ունենալ։

Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Եփեսացիս 2․8-9 հատվածում կարդում ենք․ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա»։ Երբ մարդը փրկվում է, նա վերստին ծնունդ է ապրում, հոգևորապես նորոգվում և վերստին ծնունդի իրավունքով Աստծո զավակ դառնում։ «Վերստին ծնունդ» ապրելու միջոցը Հիսուս Քրիստոսին վստահելն է, Ով վճարեց մեր մեղքի պատիժը՝ մահանալով խաչի վրա։ Այդ պատճառով, «եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5․17)։

Եթե Դուք երբևէ չեք վստահել Տեր Հիսուս Քրիստոսին որպես Ձեր Փրկչի, ապա կարո՞ղ եք այժմ զգալ Սուրբ Հոգու մղումը, երբ Նա խոսում է Ձեր սրտին։ Դուք վերստին ծնվելու կարիք ունեք։ Կաղոթե՞ք ապաշխարության աղոթքով, որպեսզի այսօր Քրիստոսով նոր արարած դառնաք։ «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․12-13)։

Եթե կամենում եք Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Ձեր Փրկչի և վերստին ծնվել, ապա կարող եք աղոթել այս պարզ աղոթքով։ Հիշե՛ք, որ այս աղոթքը կամ ցանկացած այլ աղոթք ասելը չէ, որ փրկում է Ձեզ։ Մենք մեղքից փրկվում ենք միայն Քրիստոսին վստահելու արդյունքում։ Այս աղոթքը Աստծո հանդեպ Ձեր հավատքն արտահայտելու և Ձեր փրկության համար Նրան երախտագիտություն հայտնելու մի պարզ միջոց է։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատքի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման դրսևորման՝ հավիտենական կյանքի պարգևի համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է նշանակում լինել վերստին ծնված քրիստոնյա։