settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը հղիությունից պաշտպանվելու մասին։

Պատասխան


Աստված մարդուն պատվիրել է․ «աճել և բազմանալ» (Ծննդոց 1․28)։ Աստված ամուսնությունը հաստատել է որպես մի կայուն միջավայր, որտեղ երեխաներ են ծնվելու և զարգանալու։ Ցավալիորեն, երեխաներին այսօր երբեմն դիտում են որպես բեռ և անիմաստություն։ Երեխաները խանգարում են մարդկանց աշխատանքային առաջընթացին և ֆինանսական նպատակների իրագործմանը, ինչպես նաև սոցիալական առումով «ճնշում են գործադրում մեր կենսաոճի վրա»։ Հաճախ հենց նման եսասիրությունն է մղում մարդկանց հակաբեղմնավորիչներ օգտագործելուն։

Հակառակ հղիությունից պաշտպանվելու եսակենտրոն մոտեցման Աստվածաշունչը երեխաներին ներկայացնում է որպես Աստծուց տրված պարգևներ (Ծննդոց 4․1, 33․5)։ Նրանք Աստծո ժառանգությունն են (Սաղմոս 127․3-5)։ Երեխաներն օրհնություն են Աստծուց (Ղուկաս 1․42)։ Երեխաները ծերերի պսակն են (Առակաց 17․6)։ Աստված ամուլ կանանց օրհնում է զավակներով (Սաղմոս 113․9, Ծննդոց 21․1-3, 25․21-22, 30․1-2, Ա Թագավորաց 1․6-8, Ղուկաս 1․7,24-25)։ Աստված երեխաներին կազմավորում է կնոջ արգանդում (Սաղմոս 139․13-16)։ Աստված ճանաչում է երեխաներին նախքան նրանց ծնվելը (Երեմիա 1․5, Գաղատացիս 1․15)։

Հղիության վերահսկմանն ամենամոտ աստվածաշնչյան հատվածը Ծննդոց 38-րդ գլուխն է, որտեղ պատմվում է Հուդայի որդիներ Էրի և Օնանի մասին։ Էրը ամուսնացած էր Թամար անունով մի կնոջ հետ, սակայն չար մարդ էր և Աստված սպանեց նրան։ Թամարը երեխաներ չուներ և նրան կնության տվեցին Էրի եղբայր Օնանին, քանի որ այդպիսի պահանջ էր ներկայացնում ամուսնության մասին օրենքը, որը նկարագրված է Բ Օրինաց 25․5-6 հատվածում։ Օնանը չէր ցանկանում իր ժառանգությունը կիսել իր եղբոր կնոջից ունեցած զավակների հետ։ Այդ պատճառով նա կիրառում էր բեղմնավորումից խուսափելու հնագույն մեթոդը՝ նա սերմը գետնին էր թափում։ Ծննդոց 38․10 խոսքում կարդում ենք․ «Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և Նա նրան էլ սպանեց»։ Օնանի շարժառիթը եսասիրական էր։ Նա Թամարին սեփական հաճույքի համար էր օգտագործում, սակայն չէր ցանկանում կատարել իր մահացած եղբոր համար սերունդ ապահովելու օրինական պարտականությունը։ Այս հատվածը հաճախ ներկայացվում է որպես Աստծո կողմից հղիության վերահսկման հարցում բարկության դրսևորում։ Սակայն հստակ է, որ Օնանի արարքը չէր, որ ծնեց Աստծո բարկությունը, այլ այդ արարքի հետևում ընկած նրա եսասիրական շարժառիթը։

Կարևոր է, որպեսզի մենք երեխաներին տեսնենք այնպիսին, ինչպիսին Աստված է նրանց տեսնում, այլ ոչ թե աշխարհի ընակլումների համեմատ։ Այս ամենով հանդերձ, պետք է ընդունենք, որ Աստվածաշունչը, որպես այդպիսին, չի արգելում հակաբեղմնավորումը։ Այն, ըստ սահմանման, բեղմնավորման հակառակն է։ Հակաբեղմնավորման գործողությունը չէ, որ որոշում է դրա ճիշտ կամ սխալ լինելը։ Օնանի օրինակի մեջ տեսնում ենք, որ հակաբեղմնավորման գործողության հետևում կանգնած շարժառիթն է, որը այն դարձնում է ճիշտ կամ սխալ։ Եթե ամուսնացած զույգը պաշտպանվում է հղիությունից սեփական կյանքն ավելի հեշտ դարձնելու համար, ապա դա սխալ է։ Եթե նրանք ժամանակավորապես պաշտպանվում են հղիությունից, որպեսզի երեխաներ ունենան ավելի ուշ, երբ ավելի հասուն լինեն և ֆինանսապես ու հոգևորապես ավելի պատրաստ, ապա, հավանաբար, հակաբեղմնավորման գործողությունը կարող է ընդունելի լինել։ Ամեն բան կախված է շարժառիթից։

Աստվածաշունչը երեխաներ լույս աշխարհ բերելը մշտապես ներկայացնում է որպես բարի բան։ Աստվածաշունչը «ակնկալում» է, որ ամուսնացած զույգը երեխաներ լույս աշխարհ կբերի։ Երեխաներ ունենալու անկարողությունը Աստվածաշունչը միշտ ներկայացնում է որպես վատ բան։ Աստվածաշնչում չկա որևէ մեկն, ով ընդհանրապես երեխաներ չունենալու ցանկություն արտահայտած լինի։ Միևնույն ժամանակ, Աստվածաշնչի վրա հիմնվելով, չենք կարող պնդել, թե սխալ է որոշակի ժամանակով բեղմնավորումից պաշտպանվելու գործողությունները իրականացնելը։ Բոլոր ամուսնացած զույգերը պետք է Աստծո կամքը որոնեն այն հարցում,թե երբ են ուզում երեխաներ ունենալ և թե քանի երեխա են ուզում լույս աշխարհ բերել։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը հղիությունից պաշտպանվելու մասին։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries