settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս էին մարդիկ փրկվում նախքան մեր մեղքերի համար Հիսուսի մահանալը:

Պատասխան


Մարդու անկման պահից սկսած փրկության հիմքը մշտապես եղել է Քրիստոսի մահը։ Ոչ ոք ո՛չ խաչից առաջ և ո՛չ էլ խաչից հետո չէր կարող փրկվել առանց մարդկային պատմության այս կարևորագույն իրադարձության։ Քրիստոսի մահը վճարեց հինկտակարանյան սուրբերի անցյալ մեղքերի և նորկտակարանյան սուրբերի ապագա մեղքերի գինը։

Փրկության նախապայմանը միշտ եղել է հավատը։ Փրկության հավատը միշտ է ուղղված է եղել Աստծուն։ Սաղմոսերգուն գրում է․ «երանի նրանց, որ ապավինել են Նրան (Սաղմոս 2․12)։ Ծննդոց 15․6 խոսքում կարդում ենք, որ Աբրահամը հավատաց Աստծուն, և դա բավարար էր, որպեսզի Աստված նրան դա արդարություն համարեր (տե՛ս Հռոմեացիս 4․3-8)։ Հինկտակարանյան զոհաբերությունների համակարգը ոչ մի մեղք ունակ չէր ջնջելու։ Այդ մասին հստակ սովորեցնում է Եբրայեցիս 10․1-10 հատվածը։ Սակայն դրանք խոսում էին այն օրվա մասին, երբ Աստծո Որդին Իր արյունն է հեղելու մեղավոր մարդկության փրկության համար։

Ի՞նչն է փոփոխության ենթարկվել դարերի ընթացքում հավատացյալների հավատի մեջ։ Աստծո պահանջը մեր հավատի առումով հիմնված է եղել մինչ տվյալ ժամանակահատվածը Նրա կողմից մարդկությանը տրված հայտնությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա։ Սա կոչվում է զարգացող հայտնություն։ Ադամը հավատաց Ծննդոց 3․15 խոսքում նկարագրված սատանային հաղթելու վերաբերյալ կնոջ սերնդից դուրս եկող Մեկի մասին Աստծո խոստմանը։ Այս հավատը դրսևորվեց Ադամի կողմից Եվային տրված անվան մեջ (խ. 20), և Աստված էլ Իր բարեհաճությունը դրսևորեց անմիջապես նրանց մորթե հագուստով ծածկելու գործողության մեջ (խ. 21)։ Այդ ժամանակ սա էր ամենը, ինչ Ադամը գիտեր փրկության մասին, և նա հավատաց դրան։

Աբրահամը հավատաց Աստծուն ըստ այն նոր հայտնությունների, որոնք Տերը տվեց նրան Ծննդոց 12 և 15 գլուխներում։ Նախքան Մովսեսը Սուրբ Գրվածքներ գոյություն չունեին, սակայն մարդկությունը պատասխանատվություն էր կրում այն ամենի համար, ինչ Աստված հայտնել էր նրանց։ Հին Կտակարանում նկարագրվում է, որ հավատացյալները փրկվում էին, քանի որ հավատում էին Աստծո խոստմանն առա այն, որ մի օր Նա լուծելու է իրենց մեղքի խնդիրը։ Այսօր մենք հետ ենք նայում՝ հավատալով, որ խաչի վրա Նա լուծել է մեր մեղքերի խնդիրը (Հովհաննես 3․16, Եբրայեցիս 9․28)։

Իսկ ի՞նչ կարող ենք ասել այն հավատացյալների համար, ովքեր ապրում էին Քրիստոսի ժամանակներում նախքան խաչն ու հարությունը։ Ինչի՞ն էին նրանք հավատում։ Արդյոք նրանք լիովին հասկանո՞ւմ էին, որ Քրիստոս խաչի վրա մահացավ՝ վճարելով իրենց մեղքերի գինը։ Իր ծառայության ընթացքում «Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ Ինքը պետք է Երուսաղեմ գնա, ծերերից, քահանայապետներից, դպիրներից շատ չարչարանքներ կրի, սպանվի ու երրորդ օրը հարություն առնի» (Մատթեոս 16․21-22)։ Ինչպիսի՞ն էր Նրա աշակերտների արձագանքն այն խոսքերին։ «Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց նրան հանդիմանել ու ասել. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող քեզ այդպիսի բան չպատահի»։ Պետրոսն ու մյուս աշակերտները չգիտեին ամբողջական ճշմարտությունը, սակայն փրկված էին, քանի որ հավատում էին, որ Աստված հոգալու է իրենց մեղքերի խնդիրը։ Նրանք հստակ պատկերացում չունեին, թե ինչպես է այդ ամենն իրագործվելու, ինչպես չէին պատկերացնում Ադամը, Աբրահամը, Մովսեսը կամ Դավիթը, սակայն հավատում էին Աստծուն։

Այսօր մենք շատ ավելի ենք տեղեկացած, քան նախքան Քրիստոսի հարությունն ապրող մարդիկ։ Մենք ամբողջական պատկերն ենք տեսնում։ «Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը (Եբրայեցիս 1․1-2)։ Մեր փրկությունը հիմնված է Քրիստոսի մահվան փաստի վրա։ Մեր փրկության համար հավատ է անհրաժեշտ։ Իսկ հավատը պետք է Աստծուն ուղղված լինի։ Այսօր մեզ համար մեր հավատի բովանդակությունն այն է, որ Հիսուս Քրիստոս մահացել է մեր մեղքերի համար, դրվել գերեզման և երրորդ օրը հարություն է առել (Ա Կորնթացիս 15․3-4)։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս էին մարդիկ փրկվում նախքան մեր մեղքերի համար Հիսուսի մահանալը:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries