Հարց
Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որպեսզի վատ բաներ պատահեն լավ մարդկանց հետ:
Պատասխան
Մենք ապրում ենք մի աշխարհում, որը լի է ցավով ու տառապանքով։ Թերևս, չկա գեթ մի մարդ, ում վրա իրենց ազդեցությունն ունեցած չլինեն կյանքի դժվարությունները, իսկ «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որպեսզի վատ բաներ պատահեն լավ մարդկանց հետ» հարցը, հավանաբար, աստվածաբանության ամենաբարդ հարցերից մեկն է։ Աստված ինքնիշխան է, և ամենն բան, որ տեղի է ունենում, պետք է առնվազն Նրա թույլտվությամբ պատահի, եթե չասենք՝ Նրա կամքով։ Պետք է նշել նաև, որ մարդկային արարածները, որոնք հավիտենական, կատարյալ ու ամենագետ չեն, չեն կարող ակնկալել, որ ամբողջովին կհասկանան Աստծո ուղիներն ու նպատակները։
Հոբի գիրքն անդրադառնում է այն հարցին, թե ինչու է Աստված թույլ տալիս, որպեսզի վատ բաներ պատահեն լավ մարդկանց։ Հոբն արդար մարդ էր (Հոբ 1․1), սակայն այնպիսի տառապանքներ կրեց, որոնք դժվարությամբ են տեղավորվում մարդկային պատկերացման սահմաններում։ Աստված սատանային թույլ տվեց Հոբի հետ անել այն ամենն, ինչ ուզում էր անել, բացի սպանելուց, և սատանան արեց դա ամենադասժան կերպով։ Ինչպիսի՞ն էր Հոբի արձագանքը։ «Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես Իրեն եմ հուսալու» (Հոբ 13․15)։ «Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի» (Հոբ 1․21)։ Հոբը չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էր Աստված թույլ տալիս այդ ամենը, սակայն գիտեր, որ Աստված բարի է, և, հետևաբար, շարունակում էր Նրան վստահելը։ Ի վերջո, այսպիսին պետք է լինի նաև մեր արձագանքը։
Ինչո՞ւ են վատ բաներ պատահում բարի մարդկանց։ Որքան էլ դժվար լինի այս մտքի հետ համաձայնելը, մենք պետք է միշտ հիշենք, որ «բարի» մարդիկ գոյություն չունեն այդ բառի բացարձակ իմաստով։ Մեզնից յուրաքանչյուրը հակում ունի դեպի մեղքը և վարակված է դրանով (Ժողովող 7․20, Հռոմեացիս 3․23, Ա Հովհաննես 1․8)։ Ինչպես Տեր Հիսուս է ասել․ «․․․ոչ ոք բարի չէ, բացի Մեկից՝ Աստծուց» (Ղուկաս 18․19)։ Մեզնից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ զգում է մեղքի ազդեցությունը։ Երբեմն դա մեր անձնական մեղքերն են, երբեմն՝ մյուսներինը։ Մենք ապրում ենք անկում ապրած աշխարհում և կրում ենք այդ անկման հետևանքները։ Դրանցից մեկն էլ անարդարությունն է և այն տառապանքը, որն առաջին հայացքից անիմաստ է թվում։
Այս թեմայի շուրջ մեր մտորումների մեջ օգտակար կլինի նաև հաշվի առնել այս չորս կետերը, որոնք վերաբերում են վատ բաներ պատահելուն՝
1) Վատ բաներն այս աշխարհում կարող են լավ մարդկանց պատահել, սակայն այս աշխարհը վերջնական իրականությունը չէ։ Քրիստոնյաները հավիտենական հեռանկար ունեն․ «Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։ Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար, քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (Բ Կորնթացիս 4․16–18)։ Մենք մի օր պարգևատրվելու ենք, և դա փառավոր օր է լինելու։
2) Վատ բաները պատահում են բարի մարդկանց, սակայն Աստված այդ վատ բաներն, ի վերջո, դեպի բարին է գործածում Իրեն սիրող մարդկանց համար։ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ Երբ Հովսեփը, ով ոչ մի սխալ բան չէր արել, վերջապես դուրս եկավ իր անասելի տառապանքների շրջապտույտից, միայն այդ ամենից հետո կարողացավ հասկանալ իր հետ պատահածի մեջ Աստծո ծրագրի բարի լինելը (տե՛ս Ծննդոց 50․19–21)։
3) Վատ բաները պատահում են բարի մարդկանց, սակայն դրանք հավատացյալներին զորացնում են ծառայության ավելի խորը նվիրման համար։ «Օրհնյա՜լ է․․․ Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի» (Բ Կորնթացիս 1․3–5)։ Պատերազմական սպիներ ունեցող մարդիկ ավելի արդյունավետ կերպով են օգնում այդ նույն պատերազմով անցնողներին։
4) Վատ բաները պատահում են բարի մարդկանց, և ամենավատ բաները, կարծես, ամենալավ մարդկանց են պատահում։ Տեր Հիսուս է միակ իրական արդար Մեկը, սակայն Նա այնպիսի տառապանքներով անցավ, որոնք վեր են մարդկային երևակայությունից։ Մենք Նրա ոտնահետքերով ենք գնում․ «Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք։ «Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց նրա բերանում» ։ Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին» (Ա Պետրոս 2․20–23)։ Տեր Հիսուսն անտեղյակ չէ մեր ցավին ու տառապանքներին։
Հռոմեացիս 5․8 խոսքը հայտարարում է․ «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Չնայած այս աշխարհի մարդկանց մեղավոր բնույթին, Աստված սիրում մեզնից յուրաքանչյուրին։ Տեր Հիսուս մեզ այնքան է սիրում, որ մահացավ մեր փոխարեն՝ Իր վրա վերցնելով մեր մեղքերի պատիժը (Հռոմեացիս 6․23)։ Եթե մենք Հիսուս Քրիստոսին ընդունում ենք, որպես մեզ Փրկիչ (Հովհաննես 3․16, Հռոմեացիս 10․9), մենք ներում կընդունենք և հավիտենական կյանքի խոստումը կընդունենք (Հռոմեացիս 8․1)։
Աստված բաներ է թույլ տալիս հատուկ նպատակով։ Հասկանանք այդ նպատակները, թե՝ ոչ, մենք պետք է հիշենք, որ Աստված բարի է, արդար, սիրող և ողորմած (Սաղմոս 135․3)։ Հաճախ մեզ այնպիսի վատ բաներ են պատահում, որոնք անկարող ենք հասկանալ, թե ինչու։ Աստծո բարի լինելու հարցում կասկածներ ունենալու փոխարեն, մեր արձագանքը պետք է լինի Նրան վստահել շարունակելը։ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3․5–6)։ Մենք հավատով ենք ընթանում, այլ ոչ թե աչքի երևույթով։
English
Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որպեսզի վատ բաներ պատահեն լավ մարդկանց հետ: