Որո՞նք են Աստծո հատկանիշները::


Հարց՝ Որո՞նք են Աստծո հատկանիշները::

Պատասխան՝
Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքը, մեզ տեղեկացնում է, թե ինչպիսին է Աստված և ինչպիսին չէ։ Առանց Աստվածաշնչի հեղինակության հաստատման Աստծո հատկանիշների բնութագրման ցանկացած փորձ չի կարող ավելին լինել, քան, պարզապես, մի հերթական տեսակետ, որը հաճախ կարող է լինել մոլորված, հատկապես, եթե այն վերաբերում է Աստծուն հասկանալուն (Հոբ 42․7)։ Շատ քիչ է ասելը, որ կարևոր է Աստծուն ճիշտ հասկանալ փորձելը։ Այս հարցում ձախողվելը կարող է հանգեցնել Աստծո կամքին հակառակ սուտ ու կեղծ աստվածների երկրպագության մեջ ընկնելուն և դրանց ուղղված պաշտամունքներին մասնակից դառնալուն (Ելից 20․3-5)։

Մենք միայն կարող ենք իմանալ այն, ինչն Աստված որոշել է հայտնել մարդկությանը։ Աստծո հատկանիշներից կամ որակներից մեկը «լույսն» է։ Սա նշանակում է, որ Նա Ինքն է լուսավորում կամ բացահայտում Իր մասին տեղեկությունները (Եսայիա 60․19, Հակոբոս 1․17)։ Չի կարելի և վտանգավոր է անտեսել այն փաստը, որ Աստված Ինքն է հայտնել Իր մասին գիտելիքը (Եբրայեցիս 4․1)։ Արարչագործությունը, Աստվածաշունչը և մարմնով եկած Խոսքը (Հիսուս Քրիստոս) կօգնեն մեզ հասկանալու, թե ինչպիսին է Աստված։

Եկե՛ք սկսենք Աստծուն որպես մեր Արարիչ ընկալելուց և հասկանանք, որ մենք մաս ենք կազմում Նրա արարչագործության (Ծննդոց 1․1, Սաղմոս 24․1) և ստեղծված ենք Նրա պատկերով։ Մարդն արարվել է ավելի բարձր դիրքով, քան մյուս արարածները, և մարդուն դրանց վրա իշխելու պատվեր է տրվել (Ծննդոց 1․26-28)։ Թեև արարչագործության փայլը խամրել է մեղքի անկման պատճառով, սակայն այն մեզ օգնում է ընկալել Աստծո գործերը (Ծննդոց 3․17-18, Հռոմեացիս 1․19-20)։ Տեսնելով արարչագործության մասշտաբները, բարդությունը, գեղեցկությունն ու կանոնակարգվածությունը՝ մենք կարող ենք զգալ Աստծո մեծությունը։

Աստծո որոշ անունների ընթերցումը կարող է օգնել Նրան ընկալելու հարցում։ Ահա այդ անուններից մի քանիսը՝

Էլոհիմ՝ Զորեղ Մեկը, աստվածային (Ծննդոց 1․1)
Ադոնայ՝ Տեր, խոսում է տեր և ստրուկ հարաբերության մասին (Ելից 4․10,13)
Էլ Էլիոն՝ Բարձրյալ, ամենահզոր Մեկը (Ծննդոց 14․20)
Էլ Ռոի՝ զորեղ Մեկն, Ով տեսնում է (Ծննդոց 16․13)
Էլ Շադդայ՝ Ամենակարող Աստված (Ծննդոց 17․1)
Էլ Օլամ՝ Հավիտենական Աստված (Եսայիա 40․28)
Յահվեհ՝ «Ես Եմ» Տերը, ցույց է տալիս Աստծո հավիտենական ինքնագո վիճակը (Ելից 3․13,14)։

Աստված հավիտենական է, այսինքն՝ չունի սկիզբ և Նրա գոյությունը երբեք ավարտ չի ունենալու։ Նա անմահ է և հավիտենական (Բ Օրինաց 33․27, Սաղմոս 90․2, Ա Տիմոթեոս 1․17)։ Աստված անփոփոխ է, այսինքն՝ չի փոփոխվում, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ Նա բացարձակապես վստահելի է և կայուն (Մաղաքիա 3․6, Թվոց 23․19, Սաղմոս 102․26,27)։ Աստված անկրկնելի է։ Նրա հետ ոչ ոք և ոչ մի բան չի կարող համեմատվել։ Նա աննման է և կատարյալ (Բ Թագավորաց 7․22, Սաղմոս 86․8, Եսայիա 40․25, Մատթեոս 5․48)։ Աստված անքննելի է։ Անհնարին է Նրան ամբողջովին հասկանալը, ընկալելն ու քննելը (Եսայիա 40․28, Սաղմոս 145․3, Հռոմեացիս 11․33,34)։

Աստված արդար է։ Նա աչառությամբ չի վերաբերվում մարդկանց (Բ Օրինաց 32․4, Սաղմոս 18․30)։ Աստված ամենակարող է։ Նա ունի անսահամանափակ զորություն և կարող է անել ամեն բան, ինչն Իր աչքին հաճելի կերևա, սակայն Նրա գործերը միշտ լինում են Նրա բնույթին համապատասխան (Հայտնություն 19․6, Երեմիա 32․17,27)։ Աստված ամենագո է։ Սա նշանակում է, որ Նա ամենուր է ներկա, սակայն չի նշանակում, թե Աստված մեզ շրջապատող ամեն ինչն է (Սաղմոս 139․7-13, Երեմիա 23․23)։ Աստված ամենագետ է։ Սա նշանակում է, որ Նա գիտի անցյալը, ներկան և ապագան՝ ներառյալ այն ամենը, ինչը մենք մտածում ենք ժամանակի տվյալ պահին։ Եվ քանի որ Նա ամեն բան գիտի, ապա Նրա դատաստանները միշտ արդար են (Սամոս 139․1-5, Առակաց 5․21)։

Աստված մեկ է։ Ոչ միայն չկա ուրիշ Աստված, այլ Նա միակն է, Ով ունակ է բավարարելու մեր ամենախորը կարիքներն ու մեր սրտի փափագները։ Աստված միակն է, Ով արժանի է մեր նվիրմանն ու երկրպագությանը (Բ Օրինաց 6․4)։ Աստված արդար է։ Սա նշանակում է, որ Նա անկարող է տանել արարդարությունը։ Աստծո արդարության և արդարադատության արդյունքում էր, որ մեր մեղքերի ներման համար Տեր Հիսուս կրեց Աստծո բարկությունը՝ Իր վրա վերցնելով մեր մեղքերի պատիժը (Ելից 9․27, Մատթեոս 27․45-46, Հռոմեացիս 3․21-26)։

Աստված ինքնիշխան է։ Սա նշանակում է նաև, որ Նա բարձրագույնն է։ Ողջ արարչագործությունը միասին վերցրած չի կարող խոչընդոտել Նրա նպատակների իրագործմանը (Սաղմոս 93․1, 95․3, Երեմիա 23․20)։ Աստված Հոգի է։ Սա նշանակում է, որ Նա անտեսանելի է (Հովհաննես 1․18, 4․24)։ Աստված Երրորդություն է։ Նա եռամեկ Աստված է՝ նույնահավասար, հավասար զորությամբ և փառքով։ Աստված ճշմարտություն է։ Նա անապական է և չի կարող ստել (Սաղմոս 117․2, Ա Թագավորաց 15․29)։

Աստված սուրբ է՝ առանձնացած ցանկացած տեսակի բարոյական ապականությունից և թշնամական՝ նման ցանկացած դրսևորման հանդեպ։ Աստված տեսնում է չարիքի յուրաքանչյուր դրսևորում և բարկությամբ լցվում դրա հանդեպ։ Աստված նկարագրվում է որպես մաշող կրակ (Եսայիա 6․3, Ամբակում 1․13, Ելից 3․2,4-5, Եբրայեցիս 12․29)։ Աստված շնորհառատ է, և Նրա շնորհը ներառում է Իր բարությունը, բարեհաճությունը, ողորմությունն ու սերը։ Եթե չլիներ նրա շնորհը, ապա Նրա սրբությունը մեզ համար անհնարին կդարձներ Նրա ներկայության մեջ մուտք ունենալը։ Փա՜ռք Աստծուն, որ դա այդպես չէ, քանի որ Նա փափագում է մեզնից յուրաքանչյուրի հետ անձնական հաղորդակցություն ունենալուն (Ելից 34․6, Սաղմոս 31․19, Ա Պետրոս 1․3, Հովհաննես 3․16, 17․3)։

Քանի որ Աստված հավիտենական Անձ է, ոչ մի մարդկային էակ չի կարող լիովին պատասխանել Աստծո մասին հարցերին, սակայն Աստծո Խոսքի շնորհիվ մենք կարող ենք բավականին կարևոր տեղեկություններ ու գիտելիք ստանալ Աստծո և Նրա բնույթի մասին։ Թո՛ղ որ յուրաքանչյուրս ամբողջ սրտով շարունակի Նրան որոնելու և ճանաչելու ընթացքը (Երեմիա 29․13)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Որո՞նք են Աստծո հատկանիշները::