Ի՞նչ է աթեիզմը:


Հարց՝ Ի՞նչ է աթեիզմը:

Պատասխան՝
Աթեիզմը համոզում է առ այն, որ Աստված գոյություն չունի։ Սա նոր մոտեցում չէ։ Սաղմոս 14․1 խոսքը Դավթի կողմից գրվել է Ք․ա․ 1000 թվականին և անդրադառնում է աթեիզմի գաղափարին․ «Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա»։ Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս իրենց աթեիստ համարող մարդկանց թվի աճ․ այն կազմում է մոլորակի բնակչության մոտ 10 տոկոսը։ Այսպիսով, ինչո՞ւ են ավելի ու ավելի շատ թվով մարդիկ դառնում աթեիստներ։ Արդյոք աթեիզմը իրապես այդքան տրամաբանակա՞ն է, ինչպես պնդում են աթեիստները։

Ինչո՞ւ աթեիզմը գոյություն ունի։ Ինչո՞ւ Աստված Իրեն չի հայտնում մարդկանց, որպեսզի ապացուցի Իր գոյությունը։ Այս տրամաբանության շարունակությունն ասում է, որ եթե Աստված հայտներ Իրեն մարդկանց, ապա բոլոր մարդիկ Նրան կհավատային։ Խնդիրը նրանում է, որ Աստծո նպատակը մարդկանց Իր գոյության հարցում համոզելը չէ։ Աստված կամենում , որ մարդիկ հավատան Իրեն (Բ Պետրոս 3․9) և հավատով ընդունեն Նրա առաջարկած փրկության պարգևը (Հովհաննես 3․16)։ Աստված Հին Կտակարանում բազմաթիվ անգամ հստակ դրսևորել է Իր գոյությունը (Ծննդոց 6-9, Ելից 14․21-22, Գ Թագավորաց 18․19-31)։ Արդյոք մարդիկ հավատացի՞ն Նրա գոյությանը։ Այո՛։ Արդյոք նրանք հեռացա՞ն իրենց չար ճանապարհներից ու հնազանդվեցին Աստծուն։ Ո՛չ։ Եթե մարդը չի կամենում Աստծո գոյությունը հավատով ընդունել, ապա նա, անկասկած, պատրաստ չէ նաև Քրիստոսին հավատքով ընդունելու որպես Իր կյանքի Տեր ու Փրկիչ (Եփեսացիս 2․8-9)։ Աստծո փափագն է, որպեսզի մարդիկ դառնան քրիստոնյա հավատացյալներ, այլ ոչ թե միայն թեիստներ (Աստծո գոյությանը հավատացողներ)։

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստծո գոյությունը պետք է ընդունել հավատքով։ Եբրայեցիս 11․6 խոսքում կարդում ենք․ «Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում»։ Աստվածաշնչում կարդում ենք նաև, որ մենք օրհնված ենք, երբ հավատքով վստահում ենք Աստծուն․ «Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհաննես 20․29)։

Աստծո գոյությունը պետք է ընդունել հավատքով, սակայն սա չի նշանակում, թե Աստծո հանդեպ հավատն անտրամաբանական է։ Բազմաթիվ ամուր փաստարկներ գոյություն ունեն, որոնք խոսում են Աստծո գոյության մասին։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստծո գոյությունը հստակ երևում է տիեզերքի մեջ (Սաղմոս 19․1-4), բնության մեջ (Հռոմեացիս 1․18-22) և մեր սրտերում (Ժողովող 3․11)։ Այս ամենի հետ մեկտեղ կրկին նշենք, որ Աստծո գոյությունը ոչ թե պետք է ապացուցել, այլ ընդունել հավատքով։

Միևնույն ժամանակ, Աստծուն հավատալը չի պահանջում ավելի շատ հավատք, քան աթեիզմին հավատալը։ «Աստված գոյություն չունի» պնդումը որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելը նշանակում է, որ մարդը պնդում է, թե գիտի բացարձակապես ամեն բան ամեն ինչի մասին և տիեզերքի բոլոր գաղտնիքներին ծանոթ է ու կարող է վկայել իր տեսածները։ Անշուշտ, ոչ մի աթեիստ նման բան չի պնդում։ Սակայն հենց այս իմաստն է կրում նրանց կողմից շրջանառվող Աստծո գոյություն չունենալու մասին դրույթը։ Աթեիստները չեն կարող, օրինակ, պնդել, թե Աստված չի բնակվում արեգակի մեջտեղում կամ Յուպիտերի ամպամածության վրա, կամ մի հեռավոր գալակտիկայում։ Քանի որ նշված վայրերը մեր ուսումնասիրության դաշտից դուրս են, ապա չենք կարող պնդել, թե Աստված այնտեղ չէ։ Աթեիստ լինելը նույնքան հավատք է պահանջում, որքան թեիստ լինելը։

Աթեիզմը ապացուցելի չէ, և Աստծո գոյությունը պետք է հավատքով ընդունվի։ Ակնհայտ է, որ քրիստոնյաներն ամուր հավատք ունեն Աստծո գոյության փաստի հանդեպ, և ընդունում են, որ Աստծո գոյությունը հավատքով ընկալման հարց է։ Միևնույն ժամանակ, մենք մերժում ենք այն կարծիքը, թե Աստծո հանդեպ հավատքն անտրամաբանական է։ Մենք հավատում ենք, որ Աստված գոյություն ունի, և հնարավոր է հստակ ընկալել Նրան, խորապես զգալ և փիլիսոփայական ու գիտական մոտեցումների արդյունքում ապացուցել Նրա գոյությունը։ «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։ Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։ Զրույց չկա, և խոսքեր չկան. լսելի չէ նրանց ձայնը, Բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը. երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց․․․» (Սաղմոս 19․1-4)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է աթեիզմը: