settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել իմ փրկված լինելու հարցում:

Պատասխան


Հիսուս Քրիստոսի բազմաթիվ հետևորդներ իրենց փրկված լինելու վստահությունը սխալ տեղերում են փնտրում։ Մենք փորձում ենք փրկության վստահությունը որոնել մեր կյանքում Աստծո կատարած գործերի մեջ, մեր հոգևոր աճի, բարի գործերի կամ մեր քրիստոնեական ընթացքի ժամանակ Աստծո Խոսքին ակնհայտորեն հնազանդվելու մեջ։ Թեև նշվածները կարող են խոսել փրկություն ունենալու մասին, դրանք այն հիմքը չեն, որոնց վրա պետք է կառուցվի մեր փրկության վստահությունը։ Փոխարենը, մենք մեր փրկության վստահությունը պետք է գտնենք Աստծո Խոսքի օբյեկտիվ ճշմարտությունների մեջ։ Մենք հիմնավորված վստահություն պետք է ունենանք մեր փրկված լինելու հարցում, որը բխում է Աստծո տված խոստումներից, այլ ոչ թե մեր սուբյեկտիվ փորձառությունների եզրահանգումներից։

Ինչպե՞ս կարող է մարդը ձեռք բերել փրկված լինելու վստահությունը։ Խորհե՛ք Ա Հովհաննես 5․11–13 հատվածի շուրջ․ «Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք»։ Ո՞վ է այն մարդը, որ ունի Որդուն։ Այս մարդիկ բոլոր նրանք են, ովքեր հավատացել ու ընդունել են Նրան (Հովհաննես 1․12)։ Եթե ունեք Հիսուսին, ապա ունեք կյանք։ Ոչ թե ժամանակավոր կյանքի մասին է խոսքն, այլ հավիտենականի։

Աստված ուզում է, որպեսզի մենք փրկության վստահություն ունենանք։ Մենք չպետք է ապրենք մեր քրիստոնեական կյանքն՝ ամեն օր մտածելով ու անհանգստանալով, թե արդյոք իրապես փրկվա՞ծ ենք, թե՞ ոչ։ Հենս այս պատճառով է Աստվածաշունչը փրկության ծրագիրն այդքա՜ն հստակ ներկայացնում։ Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին (Հովհաննես 3․16, Գործք 16․31)։ «Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես» (Հռոմեացիս 10․9)։ Ապաշխարե՞լ եք Ձեր մեղքերից։ Հավատո՞ւմ եք, որ Հիսուս մահացել է, որպեսզի վճարի Ձեր մեղքերի պատժի գինը, և հետո հարություն է առել մահացածների միջից (Հռոմեացիս 5․8, Բ Կորնթացիս 5․21)։ Փրկության հարցում արդյոք միայն Նա՞ է Ձեր վստահության աղբյուրը։ Եթե այս հարցերին Ձեր պատասխաններն «այո» են , ապա Դուք փրկված եք։ Վստահությունը ունենալ նշանակում է ազատ լինել բոլոր կասկածներից։ Եթե թույլ տաք, որ Աստծո Խոսքը լցվի Ձեր սրտի մեջ, ապա ոչ մի կասկած չեք ունենա Ձեր հավիտենական փրկության հարցում։

Տեր Հիսուս Ինքն է վստահեցնում Իրեն հավատացողներին․ «Եվ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց Իմ ձեռքից չի հափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց Ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց Իմ Հոր ձեռքից հափշտակել» (Հովհաննես 10․28–29)։ Հավիտենական կյանքը հավիտենական է։ Ոչ ոք և անգամ Դուք ինքներդ չեք կարող հեռացնել Ձեզնից հավիտենական կյանքի Քրիստոսի աստվածատուր պարգևը։

Ցնծացե՛ք այն ամենով, ինչն Աստծո Խոսքն ասում է Ձեզ․ կասկածների փոխարեն մենք կարող ենք ապրել վստահության մեջ։ Մենք վստահություն կարող ենք ունենալ հենց Տեր Հիսուսի խոսքերից, որ մեր փրկությունը երբեք չի կարող կասկածի տակ դրվել։ Փրկության հանդեպ մեր վստահությունը հիմնված է Հիսուսի Քրիստոսի միջոցով Աստծո ապահոված կատարյալ ու ամբողջական փրկության վրա։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել իմ փրկված լինելու հարցում:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries