settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է ագնոստիցիզմը։

Պատասխան


Ագնոստիցիզմը համոզում է առ այն, թե անհնարին է իմանալ կամ ապացուցել Աստծո գոյությունը։ «Ագնոստիկ» բառը կրում է «առանց գիտելիք» իմաստը։ Ագնոստիցիզմը աթեիզմի ավելի ինտելեկտուալ ու անկեղծ տարատեսակն է։ Աթեիզմը պնդում է, որ Աստված գոյություն չունի, ինչը անապացուցելի պնդում է։ Ագնոստիցիզմը պնդում է, որ Աստծո գոյությունն անհնարին է ապացուցել, ինչպես անհնարին է ապացուցել Նրա գոյություն չունենալը։ Ըստ ագնոստիցիզմի, անհնարին է իմանալ Աստված գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Որոշակի առումով, ագնոստիցիզմը ճիշտ է այն պնդման մեջ, որ էմպիրիկ առումով անհնարին է Աստծո գոյությունն ապացուցել կամ հերքել։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք Աստծո գոյությունը պետք է ընդունել հավատքով։ Եբրայեցիս 11․6 խոսքն ասում է, որ «առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում»։ Աստված Հոգի է (Հովհաննես 4․24), և անհնարին է Նրան տեսնել կամ շոշափել։ Քանի դեռ Աստված չի որոշել Ինքն Իրեն հայտնել մեզ, Նա ընկալելի չէ մեր զգայարանների համար (Հռոմեացիս 1․20)։ Աստվածաշունչը հայտարարում է, որ Աստծո գոյությունը հստակ երևում է տիեզերքի մեջ (Սաղմոս 19․1-4), կարելի է զգալ բնության մեջ (Հռոմեացիս 1․18-22) և Նրա գոյության փաստը դրված է մեր սրտերում (Ժողովող 3․11)։

Ագնոստիկները խուսափում են այս հարցում որևէ հստակ որոշում կայացնելուց՝ լինի դա կողմ կամ դեմ Աստծո գոյությանը։ Սա «պարսպի վրա նստած և երկու ոտքերը տարբեր կողմերում կախած» դիրքորոշման դրսևորում է։ Թեիստները հավատում են, որ Աստված գոյություն ունի։ Աթեիստները հավատում են, թե Աստված գոյություն չունի։ Ագնոստիկները հավատում են, թե մենք չպետք է հավատանք կամ չհավատանք Աստծո գոյությանը, քանի որ անհնարին է իմանալ թե՛առաջինը և թե՛ երկրորդը։

Հանուն փաստարկման եկեք մի պահ մի կողմ դնենք Աստծո գոյության անհերքելի ապացույցները և մեկ հարթության վրա տեսնենք թեիզմի և ագնոստիցիզմի դիրքորոշումները։ Մահից հետո կյանքի գոյության առումով դրանցից ո՞րն է ավելի խելամիտ։ Եթե Աստված գոյություն չունի, ապա թե՛ թեիստները և թե՛ ագնոստիկները մահից հետո դադարելու են գոյություն ունենալ։ Եթե Աստված գոյություն ունի, ապա և՛ թեիստները, և՛ ագնոստիկները մահից հետո հաշիվ են տալու Աստծուն իրենց ապրած կյանքի համար։ Այս տեսանկյունից շատ ավելի «խելամիտ» է թեիստ և ոչ թե ագնոստիկ լինելը։ Եթե, ըստ ագնոստիկների, Աստծո գոյության կողմ և դեմ պնդումներն անհնարին է ապացուցել կամ հերքել, ապա ավելի խելամիտ է խորապես ու ջանասիրաբար ուսումնասիրել այն տեսակետը, որը հավիտենության մեջ ավելի նախընտրելի վերջնաարդյունքի կարող է հանգեցնել։

Կասկածներ ունենալը սխալ չէ։ Բազմաթիվ բաներ կան աշխարհում, որոնք մենք դժվարանում ենք հասկանալ ու ընկալել։ Հաճախ մարդիկ կասկածներ են ունենում Աստծո գոյության մասին, քանի որ նրանք չեն ընկալում Նրա գործերը կամ չեն համաձայնվում Նրա կողմից թույլ տրված իրադարձությունների հետ։ Սակայն, որպես սահամանափակ մարդկային արարածներ, մենք չպետք է ակնկալենք, որ լիովին ըմբռնելու ենք անսահման Աստծուն և Նրա գործերը։ Հռոմեացիս 11․33-34 հատվածում կարդում ենք․ «Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։ Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ, կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ»։ Մենք պետք է հավատանք Աստծուն և հավատքով վստահենք Նրա ճանապարհներին։ Աստված պատրաստ է և կամենում է Իրեն զարմանահրաշ կերպով հայտնել այն մարդկանց, ովքեր հավատում են Իրեն։ Բ Օրինաց 4․29 խոսքը հռչակում է․ «․․․դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես Նրան»։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է ագնոստիցիզմը։
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries