Ի՞նչ է լինում մահից հետո:


Հարց՝ Ի՞նչ է լինում մահից հետո:

Պատասխան՝
Քրիստոնեական հավատի մեջ մահից հետո կյանք լինելու մանրամասների շուրջ բավականին շփոթմունք գոյություն ունի։ Ոմանք կարծում են, թե մահից հետո բոլորը «քնի» վիճակում են մինչև վերջնական դատաստանի օրը, երբ կորոշվի յուրաքանչյուրի դրախտ կամ դժոխք ուղարկվելը։ Մյուսները հավատում են, որ մարդիկ հենց նույն պահին ստանում են իրենց դատաստանը և ուղարկվում իրենց հավիտենական իրողության մեջ։ Կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, թե երբ մարդիկ մահանում են, նրանց հոգիներն ուղարկվում են «ժամանակավոր» դրախտ կամ դժոխք, որտեղ սպասում են վերջնական դատաստանին, և հետո ուղարկվում այն վայրը, որտեղ անցկացնելու են հավիտենությունը։ Այսպիսով, իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում այն մասին, թե ինչ է տեղի ունենում մարդու մահից հետո։

Նախ, Հիսուս Քրիստոսին հավատացող մարդու առումով Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահից հետո հավատացյալի հոգին տարվում է դրախտ, քանի որ նրա մեղքերը ներված են Քրիստոսին Փրկիչ ընդունելու շնորհիվ (Հովհաննես 3․16,18,36)։ Հավատացյալների համար մահը «այս մարմնից դուրս գալն է և Տիրոջ մոտ՝ տուն գնալը» (Բ Կորնթացիս 5․6-8, Փիլիպեցիս 1․23)։ Այնուամենայնիվ, աստվածաշնչյան այնպիսի մեջբերումներ, ինչպիսիք են Ա Կորնթացիս 15․50-54 և Ա Թեսաղոնիկեցիս 4․13-17 հատվածները, նկարագրում են հավատացյալների հարություն առնելն ու փառավորված մարմիններ ընդունելը։ Եթե հավատացյալը մահից հետո անմիջապես գնում է Քրիստոսի մոտ, ապա ո՞րն է այս հարության նպատակը։ Կարելի է ենթադրել, որ թեև հավատացյալների հոգին մահից անմիջապես հետո գնում է Քրիստոսի մոտ, սակայն նրանց մարմինները «ննջած» վիճակում մնում են գերեզմաններում։ Հավատացյալների հարության ժամանակ ֆիզիկական մարմինն է հարություն առնում՝ լինելով փառավորված և միավորվելով հոգու հետ։ Վերամիավորված և փառավորված հոգի-շունչ-մարմին ամբողջությունը նոր երկնքում և նոր երկրի վրա հավատացյալների հավիտենական վիճակն է լինելու (Հայտնություն 21-22)։

Երկրորդ, բոլոր այն մարդկանց պարագայում, ովքեր չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրենց կյանքի Տեր և Փրկիչ, մահը հավիտենական պատիժ է նշանակելու։ Սակայն, նման հավատացյալների պարագային, անհավատները նույնպես անմիջապես ուղարկվում են ժամանակավոր մի վայր, որտեղ սպասում են վերջնական հարությանը, դատաստանին և իրենց հավիտենական իրողության մեջ ուղարկվելուն։ Ղուկաս 16․22-23 հատվածը նկարագրում է հարուստին, ով մահից անմիջապես հետո տանջվում էր կրակների մեջ։ Հայտնություն 20․11-15 հատվածը նկարագրում է մահացած անհավատների հարությունն ու դատաստանը Մեծ սպիտակ գահի առջև, որից հետո նրանք ուղարկվում են կրակե լճի մեջ։ Այսպիսով, ոչ հավատացյալ մարդիկ իրենց մահից հետո անմիջապես չէ, որ ուղարկվում են հավիտենական տանջանքի վայր (կրակե լիճ), այլ գտնվում են դատապարտության ու պատժի մի ժամանակավոր իրականության մեջ։ Անգամ թեև անհավատները անմիջապես չեն ուղարկվում կրակե լիճ, նրանց վիճակը մահից անմիջապես հետո տանջալի մի իրողություն է։ Հարուստ մարդն աղաղակում էր․ «կրակի բոցի մեջ տանջվում եմ» (Ղուկաս 16․24)։

Հետևաբար, մահից հետո մարդը սպասում է «ժամանակավոր» երանության կամ տանջանքի վայրում։ Այս ժամանակավոր իրականության ավարտից հետո, վերջնական հարության ժամանակ մարդու հավիտենական ճակատագիրը փոփոխության չի ենթարկվելու։ Փոփոխվում է միայն մարդու հավիտենական իրողությունն անցկացնելու «վայրը»։ Հավատացյալներին շնորհվելու է նոր երկինք և նոր երկիր մուտք գործելու հնարավորութունը (Հայտնություն 21․1)։ Իսկ ոչ հավատացյալները ուղարկվելու են կրակե լճի հավիտենական տանջանքի վայրը (Հայտնություն 20․11-15)։ Այս վայրերը բոլոր մարդկանց գտնվելու վերջնական և հավիտենական իրողությունն են կազմելու, ինչը հիմնված է լինելու Հիսուս Քրիստոսին իրենց փրկության հարցում վստահելու կամ չվստահելու փաստի վրա (Մատթեոս 25․46, Հովհաննես 3․36)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է լինում մահից հետո: