settings icon
share icon
Հարց

Գոյություն ունի՞ արդյոք բացարձակ ճշմարտություն:

Պատասխան


Որպեսզի հասկանանք բացարձակ կամ համընդհանուր ճշմարտությունը, մենք նախ պետք է սահմանենք, թե ինչ է ճշմարտությունը։ Ըստ բացատրական բառարանի, «ճշմարտությունը փաստին կամ իրականությանը համապատասխանությունն է, ինչպես նաև պնդումը, որը ապացուցվում կամ ընդունվում է որպես ճշմարիտ»։ Ոմանք ասում են, թե գոյություն չունի ճշմարիտ իրականություն, այլ միայն տպավորություններ ու կարծիքները։ Մյուսները պնդում են, որ պետք է գոյություն ունենա որոշակի բացարձակ իրականություն կամ ճշմարտություն։

Տեսակերտներից մեկն ասում է, թե իրականություն սահմանող բացարձակ ճշմարտություններ գոյություն չունեն։ Այս տեսակետին հարողները հավատում են, թե ամեն բան հարաբերական է մեկ ուրիշ բանի համեմատ և, հետևաբար, ճշմարիտ իրականություն գոյություն չունի։ Այդ պատճառով էլ չեն կարող գոյություն ունենալ բարոյական ճշմարտություններ, ինչպես նաև չի կարող լինել որևէ հեղինակություն, որը կորոշեր գործողության դրական կամ բացասական, ճիշտ կամ սխալ բնույթը։ Այս տեսակետը ծնում է «իրավիճակային էթիկա» հասկացությունը, որը դավանում է, թե ճիշտը և սխալը հարաբերական են և կախված տվյալ իրավիճակից։ Գոյություն չունի բացարձակ ճիշտ կամ սխալ և, հետևաբար, որոշակի ժամանակահատվածում որպես ճիշտ ընկալվող կամ թվացող երևույթը հենց ճիշտն է։ Անշուշտ, իրավիճակային էթիկան մարդուն մղում է սուբյեկտիվ «ինչը ճիշտ է թվում» մտածելակերպին ու կենսակերպին, որը կործանարար ազդեցություն է ունենում անհատների ու հասարակության վրա։ Սա պոստմոդեռնիզմն է, որը ձևավորել է մի հասարակություն, որտեղ բոլոր արժեքները, հավատալիքները, կենսակերպերն ու ճշմարտությունները հավասարապես վավեր են համարվում։

Մյուս տեսակետն ասում է, որ, անշուշտ, գոյություն ունեն բացարձակ իրողություններ ու չափանիշներ, որոնք որոշում են, թե ինչն է ճիշտ և ինչը՝ ոչ։ Հետևաբար, արարքները կարող են որակվել կա՛մ ճիշտ, կա՛մ սխալ՝ համեմատելով դրանք այդ բացարձակ արժեքների հետ։ Եթե բացարձակ ճշմարտություն գոյություն չունի, ապա չկա հստակ իրականություն, և տիրում է քաոսը։ Օրինակ, վերցնենք ձգողականության օրենքը։ Եթե այն բացարձակ չէ, ապա չենք կարող վստահ լինել, որ կարող ենք կանգնել կամ նստած մնալ մի տեղում։ Կամ եթե երկու գումարած երկուսը հավասար չէ չորսի, ապա դրա հետևանքները մեր քաղաքակրթության վրա կարող են աղետալի լինել։ Գիտության և բնության օրենքները կդառնան անտեղի, իսկ տնտեսության կառավարումը կդառնա անհնարին։ Ինչպիսի՜ խառնաշփոթ կստեղծվի։ Բացարձակ ճշմարտությունն իրական է, և այն հնարավոր է գտնել և ուսումնասիրել։

Բացարձակ ճշմարտություն գոյություն չունենալու պնդումն անտրամաբանական է։ Սակայն մինչ օրս բազմաթիվ մարդիկ հարում են մշակութային հարաբերականության գաղափարին, որը մերժում է բացարձակ ճշմարտության գոյությունը որևէ տեսքով։ Մի կարևոր հարց է կարելի է տալ այն մարդկանց, ովքեր պնդում են, թե բացարձակ ճշմարտություն գոյություն չունի․ «արդյոք դուք բացարձակապես համոզվա՞ծ եք ձեր պնդման ճշմարտացիության մեջ»։ Եթե նրանք «այո» պատասխանեն, ապա հենց բացարձակ պնդում կատարած կլինեն, ինչը խոսում է բացարձակ ճշմարտության գոյության մասին։ Դրանով նրանք ասում են, որ բացարձակ ճշմարտություն գոյություն չունենալու իրենց պնդումը բացարձակ ճշմարտություն է։

Բացի սեփական պնդմանը հակասելու խնդիրը, գոյություն ունեն նաև մի քանի տրամաբանական անհամապատասխանություններ, որոնք կարիք ունեն լուծման, որպեսզի մարդը կարողանա պնդել, թե գոյություն չունի որևէ բացարձակ կամ համընդհանուր ճշմարտություն։ Դրանցից մեկն այն է, որ մարդիկ սահամանափակ գիտելիք ունեն, ինչպես նաև մեր ընկալման հնարավորություններն են սահմանափակ։ Հետևաբար, տրամաբանական չի կարող լինել այնպիսի բացարձակ ժխտողական պնդում, ինչպիսին «Աստված գոյություն չունի» արտահայտությունն է (թեև շատերն են դա անում), քանի որ նման պնդում անելու համար մարդը պետք է ողջ տիեզերքի մասին բացարձակ գիտելիք ունենա՝ սկսած տիեզերքի մի ծայրից մինչև մյուսը։ Քանի որ դա անհնարին է, ապա տրամաբանական կլինի, որ նման մարդիկ ասեն հետևյալը․ «Իմ սահմանափակ գիտելիքով, ես միայն կարող եմ ասել, որ չեմ հավատում Աստծո գոյությանը»։

Բացարձակ/համընդհանուր ճշմարտության գոյության ժխտման հարցում մեկ այլ խնդիր է առաջացնում այն, որ նման մոտեցումը հակասում է այն ամենին, ինչը մենք գիտենք, որ ճշմարիտ է մեր սեփական գիտակցության մեջ, մեր փորձառություններում և իրական աշխարհում։ Եթե բացարձակ ճշմարտություն գոյություն չունի, ապա չի կարող լինել որևէ վերջնական իմաստով ճիշտ կամ սխալ երևույթ։ Այն, ինչը «ճիշտ» է քեզ համար, կարող է «ճիշտ» չլինել ինձ համար։ Թեև մակերեսային մակարդակում նման հարաբերականությունը կիրառելի է թվում, սակայն իրականում դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք կարող է իր կյանքի սեփական կանոնները մշակել և անել այն ամենը, ինչը ճիշտ է գտնում։ Սա անխուսափելիորեն հանգեցնելու է այնպիսի մի իրավիճակի, երբ մի անձնավորության պատկերացրած «ճիշտը» բախվելու է մեկ ուրիշի պատկերացրած «ճշմարտությանը»։ Ի՞նչ կպատահի, եթե ինձ համար «ճիշտ» է լուսացույցի գունային ազդանշաններն անտեսելը, հատկապես կարմիր գույնն արհամարհելը։ Ես շատ ուրիշ կյանքերի համար վտանգի աղբյուր կդառնամ։ Հստակ է, որ ճիշտ ու սխալի մեր ընկալումները հակասություններ ու բախումներ են ծնելու։ Եթե բացարձակ ճշմարտութուն գոյություն չունի, ապա չի կարող լինել ճիշտ ու սխալի որևէ չափանիշ, որին մենք հաշվետու ենք։ Այդ դեպքում, ոչ մի բանի հարցում չենք կարող վստահություն ունենալ։ Մարդիկ ազատ կլինեն անելու այն ամենը, ինչն իրենց դուր է գալիս՝ մարդասպանություն, բռնաբարություն, գողություն, սուտ, խաբեություն և այլն։ Այդ դեպքում, ոչ ոք չի կարող ասել, որ այս ամենն անողները սխալ բաներ են գործում։ Չի կարող լինել կառավարություն, չեն կարող լինել օրենքներ կամ արդարադատություն, քանի որ չենք կարող անգամ պնդել, թե մարդկանց մեծամասնությունը իրավունք ունի որոշակի չափանիշներ սահմանելու և պարտադրելու փոքրամասնությանը։ Աշխարհն առանց բացարձակ ճշմարտությունների կվերածվի մի ահասարսուռ վայրի։

Հոգևոր տեսանկյունից նման հարաբերականությունը հավատքի խառնաշփոթ կառաջացնի, որտեղ չկա մեկ ճշմարիտ կրոն և Աստծո հետ հարաբերություն հաստատելու ճշմարիտ ուղի։ Բոլոր կրոնները կարող են համարվել որպես կեղծ, քանի որ բացարձակ պնդումներ ունեն իրենց մեջ մահից հետո կյանքի առկայության վերաբերյալ։ Մեր օրերում տարածված երևույթ է, երբ մարդը հավատում է, թե երկու իրարամերժ կրոնները կարող են հավասարապես ճշմարիտ լինել, անգամ եթե երկուսն էլ պնդում են, թե իրենք են «միակ» ճանապարհը, որ դեպի Երկինք է տանում, կամ ուսուցանել հակադիր «ճշմարտություններ»։ Բացարձակ ճշմարտության գոյությանը չհավատացող մարդիկ անտեսում են վերը նշված խնդիրները և հարում ավելի հանդուրժողական ունիվերսալիզմին, որն ուսուցանում է, թե բոլոր կրոնները հավասարազոր ճշմարտություններ են և նույն Երկնքին տանող տարբեր ճանապարհներ։ Այս տեսակետին հարողները խիստ թշնամաբար են տրամադրված ավետարանական քրիստոնյաների հանդեպ, ովքեր հավատում են Աստվածաշնչի խոսքերին, որտեղ ասվում է, որ Տեր Հիսուս է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» և որ Նա է ճշմարտության կատարյալ մարմնավորումը, ինչպես նաև միակ ճանապարհը, որով կարող ենք հասնել Երկինք (Հովհաննես 14․6)։

Հանդուրժողականությունը դարձել է պոստմոդեռնիստական հասարակության հիմնարար առաքինությունը՝ միակ բացարձակը, և, հետևաբար, անհանդուրժողականությունը միակ չարիքն է։ Ցանկացած դոգմատիկ հավատալիք և, հատկապես, բացարձակ ճշմարտության հանդեպ հավատը, դիտվում է որպես անհանդուրժողականության դրսևորում և մեծագույն մեղք։ Բացարձակ ճշմարտության գաղափարը մերժողները հաճախ են ասում, թե մարդն իրավունք ունի հավատալու այն ամենին, ինչին ցանկանում է, քանի դեռ չի փորձում իր հավատացածը փոխանցել մյուսներին։ Սակայն նման տեսակետն արդեն իսկ հավատ է որոշակի ճիշտ կամ սխալ երևույթի հանդեպ, և նման տեսակետին հարող մարդիկ, ամենայն հավանականությամբ, փորձում են իրենց այս տեսակետը տարածել մյուսների վրա։ Նրանք վարքագծային կանոններ են սահմանում, որոնք պարտադիր են դարձնում մյուսների համար, ինչով էլ հակասում են մարդկային ազատության իրենց իսկ մոտեցմանը, ինչը ևս մեկ հակասություն է սեփական դիրքորոշմանը։ Նման հավատալիքներ կրողները չեն սիրում իրենց արարքների համար հաշվետու լինելը։ Եթե կա բացարձակ ճշմնարտություն, ապա կան նաև ճիշտ ու սխալի բացարձակ չափանիշներ, և մենք հաշվետու ենք այդ չափանիշների առջև։ Բացարձակ ճշմարտության գաղափարը մերժողները իրականում մերժում են հաշվետու լինելու հենց այս իրողությունը։

Բացարձակ/համընդհանուր ճշմարտության մերժումը և մշակութային հարաբերականության հետ միասին եկող պատկերացումները կյանքի առաջացման էվոլյուցիոնիստական մոտեցումը որդեգրած հասարակության տրամաբանական հետևանքներն են։ Եթե նատուրալիստական էվոլյուցիան ճշմարիտ է, ապա կյանքն իմաստ չունի և չի կարող լինել բացարձակ ճիշտ կամ սխալ։ Այդ դեպքում մարդը ազատ է ապրելու իր հաճույքների համար և ոչ մեկին հաշվետու չէ նման մոտեցման հարցում։ Անկախ այն փաստից, թե մեղավոր մարդիկ մերժում են Աստծո գոյությունն ու բացարձակ ճշմարտության գաղափարը, թե՞ ոչ, միևնույնն է, նրանք մի օր կանգնելու են Աստծո առաջ և դատաստանի են ենթարկվելու։ Աստվածաշունչը հայտարարում է, որ «ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով՝ Նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան» (Հռոմեացիս 1․19-22)։

Գոյություն ունի՞ արդյոք բացարձակ ճշմարտության գաղափարի որևէ ապացույց։ Այո՛։ Նախ, գոյություն ունի մարդկային խիղճը, որը մեր ներսում մի ինչ-որ բան է, որը հուշում է մեզ, որ մեզ շրջապատող աշխարհը պետք է որոշակի կերպ լինի, որ որոշ բաներ ճիշտ են, իսկ որոշ բաներ սխալ։ Մեր խիղճը հուշում է մեզ, որ ինչ-որ բան սխալ է, երբ տեղի են ունենում տառապանքներ, սով, բռնություն, ցավ և չարիք։ Մեր խիղճն է, որ մեզ սովորեցնում է, որ սերը, առատաձեռնությունը, կարեկցանքը և խաղաղությունը դրական բաներ են, որոնց պետք է ձգտենք։ Սրանք համընդհանուր ճշմարտություններ են բոլոր ժամանակների և բոլոր մշակույթների համար։ Աստվածաշունչը մարդկային խղճի դերակատարումը նկարագրում է Հռոմեացիս 2․14-16 հատվածում․ «Ուրեմն երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջները բնականորեն կատարեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով»։

Բացարձակ ճշմարտության գոյության երկրորդ ապացույցը գիտությունն է։ Գիտությունը գիտելիք հավաքագրելու գործընթաց է՝ մեր իմացած բաների ուսումնասիրությունը և ավելին ունենալու ձգտումը։ Հետևաբար, բոլոր գիտական հետազոտությունները անհրաժեշտաբար պետք է հիմնված լինեն այն համոզման վրա, որ աշխարհում գոյություն ունի օբյեկտիվ իրողություններ և այդ իրողությունները պետք է բացահայտվեն ու ապացուցվեն։ Առանց բացարձակ ճշմարտությունների չի կարող լինել որևէ ուսումնասիրություն։ Ինչպե՞ս կարող է մարդը համոզված լինել, որ գիտության բացահայտումները ճշմարիտ են։ Իրականում, հենց գիտության օրենքները հիմնված են բացարձակ ճշմարտության գաղափարի վրա։

Բացարձակ/համընդհանուր ճշմարտության գոյության երկրորդ ապացույցը կրոնն է։ Աշխարհի բոլոր կրոնները փորձում են տալ կյանքի սահմանումն ու ներկայացնել դրա իմաստը։ Դրանք պատասխան են պարզապես գոյություն ունենալուց ավելիին մղող մարդկային ձգտմանը։ Կրոնի միջոցով մարդիկ Աստծուն են փնտրում, որոնում են ապագայի հույսը, մեղքերի ներումը, խաղաղություն՝ տառապանքների մեջ, և պատասխաններ իրենց ամենախորը հարցերին։ Կրոնը ապացույց է այն փաստի, որ մարդիկ ավելին են, քան բարձրագույն զարգացում ունեցող կենդանիներ։ Այն ապացույցն է ավելի բարձր նպատակի և անձնական ու նպատակային Արարչի գոյության, Ով դառնում է մեր բացարձակ ճշմարտության չափանիշը, և հենց Նրա իշխանությամբ է, որ հաստատվել է այդ ճշմարտությունը։

Փառք Աստծուն, որ գոյություն ունի Արարիչը, և Նա հայտնել է մեզ Իր ճշմարտությունն Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Բացարձակ//համընդհանուր ճշմարտությունը հնարավոր է ընկալել միայն Ճշմարտությունը լինելու պնդումն արած Տեր Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերություն հաստատելու շնորհիվ։ Նա պնդում էր, որ Ինքն միակ ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը և միակ ուղին, որ տանում է դեպի Աստված (Հովհաննես 14․6)։ Բացարձակ ճշմարտության գոյության փաստը խոսում է ինքնիշխան Աստծո գոյության մասին, Ով արարել է Երկինքն ու երկիրը և Ով հայտնել Իրեն մեզ, որպեսզի մենք անձնապես ճանաչենք Իրեն Նրա Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա բացարձակ ճշմարտություն է։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Գոյություն ունի՞ արդյոք բացարձակ ճշմարտություն:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries