Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հղիության արհեստական ընդհատման մասին:


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հղիության արհեստական ընդհատման մասին:

Պատասխան՝
Աստվածաշունչը երբեք հատուկ կերպով չի անդրադարձել հղիության արհեստական ընդհատման հարցին։ Սակայն Աստծո Խոսքի մեջ բազմաթիվ ուսուցումներ ենք գտնում, որոնք չափազանց հստակ ներկայացնում են Աստծո տեսակետը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ։ Երեմիա 1․5 խոսքում կարդում ենք, որ Աստված տեսել է մեզ անգամ նախքան մեր մոր որովայնում մեզ կազմավորելը։ Սաղմոս 139․13-16 հատվածը խոսում է կնոջ արգանդի մեջ երեխայի արարման ու կազմավորման գործում Աստծո ակտիվ ներգրավվածության մասին։ Ելից 21․22-25 հատվածը համահավասար պատիժ՝ մահապատիժ է սահմանում ինչպես դեռ չծնված երեխայի մահվան պատճառ հանդիսացող, այնպես էլ սովորական մարդ սպանող մարդասպանների համար։ Սա հստակ խոսում է այն մասին, որ Աստված դեռ չծնված երեխաներին մարդ է համարում ճիշտ այնպես, ինչպես մարդ է համարում հասուն անհատներին։ Քրիստոնյայի համար հղիության արհեստական ընդհատումը երբեք չի կարող լինել կնոջ կողմից ընտրություն կատարելու իրավունք։ Այն Աստծո պատկերով ստեղծված մարդու կյանքի ու մահվան միջև ընտրություն է (Ծննդոց 1․26-27, 9․6)։

Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ քրիստոնեական դիրքորոշման դեմ առաջնային հակափաստարկը հետևյալն է․ «Իսկ ի՞նչ կասեք բռնաբարության և ինցեստի դեպքերի մասին»։ Սակայն արդյոք նման կերպով հղիանալու ահավոր իրողության լուծումը կարո՞ղ է մարդասպանությունը լինել։ Երկու սխալ քայլը միասին չի կարող դառնալ ճիշտ մոտեցում։ Բռնաբարության կամ ինցեստի հետևանքով ծնված երեխաները կարող են որդեգրվել սիրով լեցուն ընտանիքների կողմից, որոնք չեն կարողանում երեխաներ ունենալ, կամ կարող են մնալ մոր խնամքի ներքո։ Կրկին շեշտենք այն փաստը, որ երեխան բացարձակապես անմեղ է այս հարցում և չպետք է պատժվի իր հոր չար արարքի համար։

Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ քրիստոնեական մոտեցման դեմ երկրորդ հակափաստարկը հետևյալն է․ «Իսկ եթե մոր կյա՞նքն է վտանգված»։ Անկեղծ ասած, սա հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ամենադժվար հարցն է։ Նախ, եկե՛ք հիշենք, որ նման իրավիճակ հանդիպում է աշխարհում հղիության արհեստական ընդհատման ընդհանուր դեպքերի մեկ տոկոսի տասներորդ մասից էլ քիչ դեպքերում։ Անհամեմատ ավելի շատ թվով մայրեր են իրենց երեխաներին սպանում իրենց հարմարավետության համար, քան սեփական կյանքը փրկելու։ Երկրորդ, եկեք հիշե՛նք, որ Աստված հրաշքներ գործող Տեր է։ Նա կարող է թե՛ երեխայի և թե՛ մոր կյանքը փրկել՝ անկախ բոլոր բժշկական կանխատեսումների։ Ի վերջո, պետք է նշենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն կնոջ, ամուսնու և Աստծո միջև։ Յուրաքանչյուր զույգ, որը կանգնել է նման ծայրահեղ բարդ ընտրության առջև պետք է Աստծուն աղոթի իմաստության համար (Հակոբոս 1․5), որպեսզի հասկանա, թե ինչ որոշման է նրանց մղում Աստված։

Մեր օրերում իրագործվող հղիության արհեստական ընդհատումների ընդհանուր թվի 95 տոկոսը կատարվում է այն կանանց կողմից, որոնք պարզապես չեն ցանկանում երեխա ունենալ։ Այդ թվի 5 տոկոսից պակաս դեպքերը պատճառ են բռնաբարության, ինցեստի և մոր առողջության վտանգված լինելու։ Անգամ այդ 5 տոկոսը ներկայացնող բարդ դեպքերի պարագայում հղիության արհեստական ընդհատումը չպետք է դիտվի որպես հնարավոր լուծում։ Դեռ չծնված երեխայի կյանքն այնքան թանկ է, որ պետք է ամեն ջանք ներդրվի, որպեսզի երեխան լույս աշխարհ գա։

Հղիության արհեստական ընդհատման ցավալի քայլին դիմածների համար հիշեցնենք, որ այս մեղքը պակաս ներելի չէ, քան մյուս մեղքերը։ Քրիստոսի հանդեպ հավատի շնորհիվ մարդու բոլոր մեղքերը կարող են ներում ստանալ (Հովհաննես 3․16, Հռոմեացիս 8․1, Կողոսացիս 1․14)։ Հղիության արհեստական ընդհատում կատարած կինը, իր համաձայությունը տված կամ կնոջն այդ քայլին դրդած տղամարդը և բժիշկը, ով իրականացրել է հղիության արհեստական ընդհատումը, բոլորն էլ կարող են ներվել Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի շնորհիվ։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հղիության արհեստական ընդհատման մասին: