Որո՞նք են Տասը պատվիրանները։


Հարց՝ Որո՞նք են Տասը պատվիրանները։

Պատասխան՝
Տասը պատվիրանները այն տասը օրենքներն են, որոնք Աստված տվեց Իսրայելին Եգիպտոսից դուրս գալուց ոչ շատ ժամանակ հետո։ Տասը պատվիրանները իրենց էության մեջ Հին Կտակարանի օրենքի մեջ ամփոփված 613 պատվիրանների ամփոփ ներկայացումն է։ Դրանցից առաջին չորսը առնչվում են Աստծո հետ մեր հարաբերությանը, իսկ հաջորդ վեցը՝ մյուս մարդկանց հետ մեր հարաբերությանը։ Տասը պատվիրանները գրված են Ելից 20․1-17 և Բ Օրինաց 5․6-21 հատվածներում։ Ահա դրանք՝

1) «Ինձնից բացի ուրիշ աստվածներ չունենաս»։ Այս պատվիրանը արգելում է երկրպագել այլ աստվածների։ Երկրպագության արժանի է միայն միակ ճշմարիտ Աստված, իսկ մյուսները սուտ աստվածներ են։

2) «Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են Ինձ, և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են Ինձ և պահում են Իմ պատվիրանները»։ Այս պատվիրանը մեզ զգուշացնում է, որպեսզի կուռքեր չպատրաստենք և նրանց երկրպագություն չանենք։ Կուռքերը տեսանելի կերպով աստվածներին կամ Աստծուն ներկայացնող առարկաներ են։ Չկա մի այնպիսի պատկեր կամ քանդակ, որը կարողանա ճշգրիտ կերպով ներկայացնել Աստծուն։ Իրական Աստծուն ներկայացնելու համար կուռք պատրաստելն ու դրան երկրպագելը նույնպես նշանակում է կեղծ աստված երկրպագել։

3) «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի»։ Այս պատվիրանը Աստծո անունը անիմաստ կերպով հնչեցնելու դեմ է։ Մենք մեր ակնածանքն ու մեծարանքն Աստծո հանդեպ պետք է ցուցաբերենք Նրա անունը միայն պատվով ու հարգանքով հիշատակելու մեջ։

4) «Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։ Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը. որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն»։ Այս պատվիրանը առանձնացնում է Շաբաթը օրը (որը շաբաթվա վերջին օրն էր) որպես Տիրոջը նվիրված օր։

5) «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ»։ Սա ծնողների հանդեպ պատվի ու հարգանքի մշտական վերաբերմունք ունենենալու մասին պատվիրան է։

6) «Մի՛ սպանիր»։ Սա մեկ այլ մարդու կանխամտածված ձևով կյանքից զրկելու դեմ պատվիրան է։

7) «Մի՛ շնացիր»։ Սա ամուսնության շրջանակից դուրս, այսինքն՝ քո կողակցից բացի, մեկ ուրիշի հետ սեռական հարաբերությունն արգելող պատվիրան է։

8) «Մի՛ գողացիր»։ Սա մեկ ուիշին պատկանող ցանկացած բան առանց այդ մարդու թույլտվության վերցնելն արգելող պատվիրան է։

9) «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»։ Սա մեկ այլ անձի մասին սուտ բաներ խոսելն արգելող պատվիրան է։ Ընդհանուր առմամբ, այս պատվիրանն արգելում է ստախոսությունը։

10) «Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր»։ Այս պատվիրանը քեզ չպատկանող որևէ բանի հանդեպ ցանկություն արգելող պատվիրան է։ Նախանձը կարող է Ձեզ մղել վերը թվարկված պատվիրաններից որևէ մեկը խախտելուն՝ սպանության, շնության կամ գողության։ Եթե ինչ-որ բան անելը սխալ է, ապա սխալ է նաև դա ցանկանալը։

Ոմանք թյուրիմացաբար Տասը պատվիրաններն ընկալում են որպես կանոնների մի հավաքածու, որն անելու պարագայում մարդը երաշխավորված կերպով մահից հետո կգնա Երկինք։ Սակայն Տասը պատվիրանների իմաստը նրանում էր կայանում, որ մարդկանց գիտակցության մեջ առաջացնի այն համոզումը, որ անհնարին է Օրենքին կատարելապես հնազանդվելը (Հռոմեացիս 7․7-11) և, հետևաբար, մարդը կարիք ունի Աստծո ողորմության ու շնորհի։ Թեև Մատթեոս 19․16 հատվածում հարուստ երիտասարդն ասում էր, թե պահում է բոլոր պատվիրանները, սակայն, իրականում, ոչ ոք չի կարող դրանք կատարյալ կերպով պահել (Ժողովող 7․20)։ Տասը պատվիրանները ցույց են տալիս, որ բոլորս ենք մեղանչել (Հռոմեացիս 3․23) և, հետևաբար, կարիք ունենք Աստծո ողորմությանն ու շնորհին, որոնք մեզ հասու են դառնում միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի արդյունքում։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Որո՞նք են Տասը պատվիրանները։