Ի՞նչ է Սուրբ Հոգուն ուղղված հայհոյությունը:


Հարց՝ Ի՞նչ է Սուրբ Հոգուն ուղղված հայհոյությունը:

Պատասխան՝
«Սուրբ Հոգուն ուղղված հայհոյության» մասին խոսվում է Մարկոս 3․22–30 և Մատթեոս 12․22–32 հատվածներում։ Տեր Հիսուս հրաշք էր գործել։ Մի դիվահարի էին բերել Նրա մոտ, և Տերը ազատագրել էր նրան այդ դևից ու բժշկել նրան կուրությունից ու համրությունից։ Այս դիվահանության ականատեսները սկսեցին խորհել, թե արդյոք Հիսուսն իրո՞ք խոստացված Մեսիան էր, Ում նրանք սպասում էին։ Փարիսեցիների մի խումբ, լսելով Մեսիայի մասին մարդկանց խոսակցությունը, արագ փորձեցին խեղդել ժողովրդի մեջ ծնվող հավատը․ «Դա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով» (Մատթեոս 12․24)։

Հիսուս հակառակվեց փարիսեցիներին մի քանի տրամաբանական եզրահանգումներով այն մասին, որ Նա դևերին սատանայի զորությամբ չի հանում մարդկանց միջից (Մատթեոս 12․25–29)։ Դրանից հետո Նա խոսում է Սուրբ Հոգու դեմ արվող հայհոյության մասին․ «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում» (31–32 խոսքեր)։

Հայհոյություն տերմինը կարելի է սահմանել որպես «անհարգալի վիրավորանք»։ Այս տերմինը կարելի է կիրառել այնպիսի մեղքերի հանդեպ ինչպիսին են Աստծուն անիծելը կամ Աստծո գործերը գիտակցված կերպով վարկաբեկելը։ Հայհոյությունը նաև Աստծուն որոշակի չարիք վերագրելն է կամ Նրա արած բարի բաները Նրան չվերագրելը։ Սակայն հայհոյության նշված դեպքն անվանվում է «Սուրբ Հոգու դեմ ուղղված հայհոյություն» (Մատեոս 12․31): Հիսուսի գործած հրաշքի Սուրբ Հոգով լինելու անհերքելի ապացույցը տեսնող փարիսեցիները պնդում էին հակառակը, թե Հիսուս Ինքը Իր մեջ դև ուներ (Մատթեոս 12․24)։ Ուշադրություն դարձրեք, որ Մարկոս 3․30 խոսքում Հիսուս շատ հստակ է ասում, որ փարիսեցիների ասածը Սուրբ Հոգու դեմ հայհոյություն է․ «Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին, թե նրա մեջ պիղծ ոգի կա»։

Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը կայանում էր նրանում, որ Սուրբ Հոգով լցված Հիսուսին մարդիկ մեղադրում էին դիվահար լինելու մեջ։ Հայհոյության այս տեսակը հնարավոր չէ այսօր իրագործել։ Փարիսեցիները պատմության առանձնահատուկ ժամանակահատվածում էին գտնվում։ Նրանք ուներին Օրենքը և Մարգարեները, նրանց սրտերը տակնուվրա էին լինում Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ, նրանց առջև հենց Աստծո Որդին էր կանգնած, և սեփական աչքերով տեսնում էին այն բոլոր հրաշքները, որոնք Նա էր գործում։ Պատմության մեջ երբեք նախկինում և ոչ էլ դրանից հետո այդքան շատ աստվածային լույս չի շնորհվել մարդկությանը։ Եթե կան մարդիկ, որոնք պետք է տարբերակեին, որ իրենց առջև կանգածն Աստծո Որդին է, ապա դա փարիսեցիներն էին։ Նրանք դիտավորյալ կերպով Սուրբ Հոգու գործը վերագրեցին դևերի իշխանին, թեև գիտեին ճշմարտությունը և ունեին բոլոր ապացույցները։ Տեր Հիսուս նրանց միտումնավոր «կուրությունը» հռչակեց որպես աններելի մեղք։ Սուրբ Հոգու դեմ ուղղված նրանց հայհոյությունըԱստծո շնորհի նրանց վերջնական մերժումն էր։

Հավաքված մարդկանց Տերը հայտարարեց, որ Սուրբ Հոգու դեմ փարսեցիների հայհոյությունը «չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթեոս 12․32)։ Սա մեկ այլ կերպ էր ասելու, որ նրանց մեղքը երբեք ու երբեք ներում չի գտնելու՝ ո՛չ այդ ժամանակ և ո՛չ էլ հավիտենության մեջ։ Մարկոս 3․29 խոսքն ասում է․ «․․․բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի»։

Փարիսեցիների կողմից Քրիստոսին հրապարակայնորեն մերժելու (և, այդպիսով, Աստծո կողմից մերժվելու) անմիջական հետևանքը նկարագրվում է հաջորդ գլխում։ Հիսուս առաջին անգամ «շատ բաներ նրանց հետ առակներով էր խոսում (Մատթեոս 13․3, նաև՝ Մարկոս 4․2)։ Աշակերտները զարմացել էին, թե ինչո՞ւ էր Տերը փոխել Իր ուսուցանելու մեթոդը, և Նա բացատրեց, թե ինչու․ «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։ … Դրա՛ համար եմ նրանց հետ առակներով խոսում, որ նայելով չեն տեսնում և ականջ դնելով չեն լսում ու չեն հասկանում» (Մատթեոս 13․11,13)։ Հիսուս սկսեց ճշմարտությունը առակների և փոխաբերությունների միջոցով մատուցել, քանի որ հրեա առաջնորդները պաշտոնապես մերժեցին Իրեն։

Կրկին նշենք, որ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը հնարավոր չէ այսօր գործել, թեև ոմանք փորձում են դա անել։ Հիսուս Քրիստոս երկրի վրա չէ։ Նա Աստծո աջ կողմում է բազմած։ Ոչ ոք չի կարող վկայել, որ Հիսուս հրաշք գործեց, բայց հետո ասել, թե Սուրբ Հոգու փոխարեն Նա լցված էր որևէ դևով։

Մերօրյա աններելի մեղքը շարունակական անհավատության վիճակն է։ Այսօր Հոգին աշխարհին հանդիմանում է մեղքի, արդարության ու դատաստանի համար (Հովհաննես 16․8)։ Այս հանդիմանությանն ընդդիմանալը և գիտակցաբար ապաշխարությունը մերժելը «հայհոյություն» է Հոգու դեմ։ Նման մարդկանց ներում չի լինելու ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ այն հանդերձյալում, քանի որ այն անձնավորությունն, ով մերժում է Քրիստոսին վստահելու Սուրբ Հոգու մղումը, մահանալու է անհավատության մեջ։ Սակայն Աստծո սերը շատ բացահայտ է․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Իսկ ընտրությունը հստակ է․ «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա» (Հովհաննես 3․36)։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է Սուրբ Հոգուն ուղղված հայհոյությունը: