Հարց
Ո՞ր օրվան է վերաբերում Շաբաթը պահելը՝ շաբա՞թ, թե՞ կիրակի։ Արդյոք քրիստոնյաները պե՞տք է պահեն Շաբաթը:
Պատասխան
Շաբաթի և արարչագործության միջև Ելից 20․11 խոսքում նկարագրված կապի արդյունքում հաճախ կարելի է լսել, թե «Աստված Շաբաթի պատվիրանը Եդեմի պարտեզում է տվել»։ Թեև յոթերորդ օրը Աստծո հանգիստը (Ծննդոց 2․3) նախապատկերն էր Շաբաթի վերաբերյալ հետագայում տրվելիք օրենքի, սակայն Շաբաթի մասին ոչ մի աստվածաշնչյան անդրադարձ չենք գտնում մինչև Իսրայելի Եգիպտոսից դուրս գալը։ Աստվածաշնչում ոչ մի ակնարկ չկա այն մասին, որ Շաբաթը պահվել է Ադամից մինչև Մովսեսն ընկած ժամանակահատվածում։
Աստծո Խոսքն ավելի քան հստակ է այն հարցում, որ Շաբաթը հատուկ նշան էր Աստծո և Իսրայելի հարաբերության մեջ․ «Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։ Դա հավիտենական նշան է իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեց և հանգստացավ» (Ելից 31․16,17)։
Բ Օրինաց 5-րդ գլխում Մովսեսը իսրայելացիների հաջորդ սերնդի համար վերահաստատում է Տասը Պատրվիրանները։ Այստեղ 12-14 խոսքերում Շաբաթը պահելու հրահանգը փոխանցելուց հետո Նա հստակեցնում է, թե ինչու է այդ պատվիրանը տրվել Իսրայելի ժողովրդին․ «Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով և բարձր բազկով. դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը» (Բ Օրինաց 5․15)։
Շաբաթը Իսրայելին տալու Աստծո նպատակը ոչ թե արարչագործության մասին նրանց հիշեցնելն էր, այլ Եգիպտոսի ստրկության և Աստծո բերած ազատագրության հիշողությունը պահելը։ Ուշադրություն դարձրեք Շաբաթի օրենքի տակ գտնվող մարդու հանդեպ Աստծո Խոսքի պահանջին․ նա չպետք է դուրս գար իր տնից (Ելից 16․29), տանը կրակ չպետք է վառեր (Ելից 35․3), և ոչ մեկին չպետք է աշխատեցներ (Բ Օրինաց 5․14)։ Շաբաթը խախտող մարդուն մահապատժի էին մատնում քարկոծելու միջոցով (Ելից 31․15, Թվոց 15․32-35)։
Նորկտակարանյան հատվածների ուսումնասիրությունը չորս կարևոր կետեր է բացահայտում՝ 1) Հարություն առած Քրիստոսի բոլոր նկարագրությունները, որտեղ օր է նշված, տեղի են ունեցել շաբաթվա առաջին օրը (Մատթեոս 28․1,9,10, Մարկոս 16․9, Ղուկաս 24․1,13,15, Հովհաննես 20․19,26)։ 2) Գործք Առաքելոց գրքից մինչև Հայտնություն միակ հատվածը, որտեղ նշվում է Շաբաթը հրեաների շրջանում ավետարանչության պատմություններն են, որոնց միջավայրը, սովորաբար, ժողովարաններն էին (Գործք 13–18 գլուխներ)։ Պողոս առաքյալը գրում է․ «Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ» (Ա Կորնթացիս 9․20)։ Պողոս առաքյալը չէր գնում ժողովարան, որպեսզի փրկվածների հետ երկրպագեր Աստծուն, այլ որպեսզի քարոզեր ու դարձի բերեր կորսվածներին 3) Հետագայում նա ասում է․ «Այսուհետ ես հեթանոսների մոտ եմ գնում» (Գործք 18․6), որից հետո այլև Շաբաթը չի հիշատակվում։ Եվ 4) Շաբաթը պահելու հարցում հավատարմության հորդորների փոխարեն Նոր Կտակարանում մենք հակառակն ենք տեսնում (ներառյալ վերը նշված 3-րդ կետի բացառության դեպքը, որը նկարագրվում է Կողոսացիս 2․16 խոսքում)։
Վերը բերված 4-րդ կետի ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նորկտակարանյան հավատացյալի համար գոյություն չունի Շաբաթը պահելու պարտավորվածություն և որ կիրակի օրվա ընկալումը որպես «քրիստոնեական Շաբաթ» նույնպես աստվածաշնչյան չէ։ Ինչպես արդեն նշեցինք, Պողոս առաքյալի կողմից հեթանոսների վրա կենտրոնանալու որոշումը կայացնելուց հետո միայն մեկ անգամ է հիշատակվում Շաբաթը․ «Արդ թող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա կամ ամսամուտի կամ շաբաթը պահելու համար։ Սրանք գալիքի ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է» (Կողոսացիս 2․16,17)։ Հրեական Շաբաթը չեղարկվեց խաչի վրա, որտեղ Քրիստոս «ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց» (Կողոսացիս 2․14)։
Այս գաղափարին մի քանի անգամ ենք հանդիպում Նոր Կտակարանում․ «Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։ Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում» (Հռոմեացիս 14․5,6ա)։ «Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում այն տկար ու աղքատ տարերային ուժերին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։ Դուք պահում եք օրեր, ամիսներ, եղանակներ ու տարիներ» (Գաղատացիս 4․9,10)։
Սակայն ոմանք պնդում են, թե Կոնստանտինիոսի Ք․հ․ 321 թվականի հրամանագիրն է «փոխել» Շաբաթը շաբաթ օրից կիրակիին։ Ո՞ր օրն էր վաղ շրջանի եկեղեցին հավաքվում պաշտամունքների։ Այս հարցում Աստվածաշնչում երբեք չենք հանդիպում շաբաթ օրվա հիշատակմանը։ Ի հակառակ դրա, հստակ հիշատակումներ կան, որ դա արվում էր շաբաթվա առաջին օրը։ Օրինակ, Գործք 20․7 խոսքում կարդում ենք․ «Շաբաթվա առաջին օրը, երբ հավաքվել էինք հաց կտրելու․․․»։ Ա Կորնթացիս 16․2 խոսքում Պողոս առաքյալը հորդորում է կորնթացի հավատացյալներին․ «Ամեն շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ պահի այն խնայողությունը, որ հաջողվել է հավաքել․․․»։ Քանի որ Պողոս առաքյալը Բ Կորնթացիս 9․12 խոսքում այս նվիրատվությունը նկարարգում է որպես ծառայություն, ապա այն պետք է որ կապված լիներ կիրակի օրը կատարվող քրիստոնեական հավաքույթների հետ։ Պատմականորեն, կիրակին և ոչ թե շաբաթն է եղել քրիստոնյաների եկեղեցում ժողովվելու օրը, և նման վկայություններ մենք գտնում ենք սկսած առաջին դարի արձանագրություններից։
Շաբաթը Իսրայելին էր տրվել և ոչ թե Եկեղեցուն։ Շաբաթը շաբաթ օրվան է վերաբերում և ոչ թե կիրակիին։ Սա երբեք փոփոխության չի ենթարկվել։ Սակայն Շաբաթը հինկտակարանյան օրենքի մի մասն է, և քրիստոնյաները ազատ են օրենքի կապանքից (Գաղատացիս 4․1-26, Հռոմեացիս 6․14)։ Շաբաթը պահելը քրիստոնյաներին ուղղված պահանջ չէ՝ լինի դա շաբաթ օրը թե կիրակին։ Տերունական օրը շաբաթվա առաջին օրն է՝ կիրակին (Հայտնություն 1․10)։ Մենք կապված չենք մովսիսական Շաբաթի հանգստի պահանջներով, այլ ազատ ենք հետևելու ու ծառայելու հարություն առած Քրիստոսին։ Պողոս առաքյալը յուրաքանչյուր քրիստոնյայի ասում էր, որ նրա սեփական որոշումն է՝ պահե՞լ Շաբաթը, թե՞ ոչ․ «Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի» (Հռոմեացիս 14․5)։ Մենք մեր Աստծուն պետք է պաշտենք ամեն օր և ոչ թե միայն շաբաթ կամ կիրակի օրերին։
English
Ո՞ր օրվան է վերաբերում Շաբաթը պահելը՝ շաբա՞թ, թե՞ կիրակի։ Արդյոք քրիստոնյաները պե՞տք է պահեն Շաբաթը: