Ի՞նչ է փրկության տանող Հռոմեացիների ճանապարհը:


Հարց՝ Ի՞նչ է փրկության տանող Հռոմեացիների ճանապարհը:

Պատասխան՝
Փրկության տանող Հռոմեացիների ճանապարհը փրկության Բարի լուրը փոխանցելու կերպ է, որի ժամանակ օգտագործվում են մեջբերումներ Հռոմեացիս թղթից։ Դա մի պարզ, սակայն, միևնույն ժամանակ, զորավոր կերպ է, որի շնորհիվ բացատրվում է մեր փրկության կարիքը, Աստծո հոգացած փրկության և այն ընդունելու ուղին, ինչպես նաև ընդունած փրկության բերած օրհնությունները։

Հռոմեացիների ճանապարհի առաջին հատվածը Հռոմեացիս 3․23 խոսքն է․ «Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից»։ Բոլորս ենք մեղանչել։ Բոլորս ենք արարքներ գործել, որոնք Աստծուն հաճելի չեն եղել։ Անմեղ մարդ գոյություն չունի։ Հռոմեացիս 3․10-18 հատվածը մանրամասնորեն նկարագրում է, թե ինչ է իրենից ներկայացնում մեր կյանքում առկա մեղքը։ Փրկության տանող Հռոմեացիների ճանապարհի երկրորդ հատվածը Հռոմեացիս 6․23 խոսքն է։ Այն մեզ սովորեցնում է մեղքի հետևանքների մասին․ «Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»: Մեր մեղքերի համար արդար հատուցումը մահն է։ Ոչ միայն ֆիզիկական մահը, այլև հավիտենական մահը։

Փրկության տանող Հռոմեացիների ճանապարհի երրորդ հատվածը սկսում է այն մտքից, որով ավարտվեց Հռոմեացիս 6:23 հատվածը․ «․․․իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Հռոմեացիս 5․8 խոսքը հայտարարում է․ «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Հիսուս Քրիստոս մահացավ մեզ համար։ Նա Իր մահով վճարեց մեր մեղքերի գինը։ Տեր Հիսուսի հարությունը ապացույցն է այն բանի, որ Աստված ընդունեց Նրա մահը որպես վճար մեր մեղքերի համար։

Փրկության տանող Հռոմեացիների ճանապարհի չորրորդ հատվածը Հռոմեացիս 10․9 խոսքն է․ «Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված Նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես»։ Քանի որ Տեր Հիսուս մեր փոխարեն մահացավ, ապա ամենն, ինչ պահանջվում է անել, Նրան հավատալն է՝ վստահելով, որ Նրա մահը մեր մեղքերի համար է տեղի ունեցել։ Եվ երբ մենք ունենք այս հավատը, ապա ունենք նաև փրկությունը։ Հռոմեացիս 10․13 խոսքը կրկին ասում է․ «Քանի որ ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի»։ Տեր Հիսուս մահացավ, որպեսզի վճարի մեր մեղքերի գինը և փրկի մեզ հավիտենական մահից։ Փրկությունը՝ մեղքերի ներումը, յուրաքանչյուր մեկի համար է, ով կվստահի Հիսուս Քրիստոսին որպես իր Տիրոջ և Փրկչի։

Փրկության տանող Հռոմեացիների ճանապարհի վերջին հատվածը փրկության հետևանքների մասին է։ Հռոմեացիս 5․1 խոսքում հանդիպում ենք այդ հրաշալի ուղերձին․ «Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք խաղաղության հարաբերություն ունենալ Աստծո հետ։ Հռոմեացիս 8․1 խոսքը մեզ ուսուցանում է․ «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար»։ Մեր փոխարեն Տեր Հիսուսի մահվան արդյունքում մենք մեր մեղքերի համար երբեք չենք դատապարտվելու։ Եվ վերջապես, մենք Աստծուց մի անգին խոստում ունենք, որը գրված է Հռոմեացիս 8․38-39 հատվածում․ «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»։

Ոզո՞ւմ եք հետևել փրկության տանող Հռոմեացիների ճանապարհին։ Եթե այո, ապա ահա մի պարզ աղոթք, որով կարող եք աղոթել Աստծուն։ Այս աղոթքը մի կերպ է, որով Աստծո առջև դավանում եք, որ Ձեր փրկության հարցում վստահում եք Հիսուս Քրիստոսին։ Սակայն այդ բառերն ասելը միայն Ձեզ փրկություն չի պարգևի։ Միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատն է փրկություն պարգևում։ «Տե՛ր Աստված, ես գիտեմ, որ Քեզ դեմ մեղքեր եմ գործել և արժանի եմ պատժի։ Սակայն այն պատիժը, որին ես էի արժանի, Հիսուս Քրիստոս Իր վրա վերցրեց, որպեսզի Նրա հանդեպ հավատի շնորհիվ ես ներում ընդունեմ։ Քո օգնությամբ ես Քեզ եմ վստահում իմ փրկության հարցում։ Շնորհակալ եմ Քո սքանչելի շնորհի և ներման դրսևորման՝ հավիտենական կյանքի պարգևի համար։ Ամեն»։

Արդյոք այստեղ ընթերցածի շնորհի՞վ եք որոշել Քրիստոսին Տեր ընդունել։ Եթե այո, ապա խնդրում ենք սեղմել «Ես այսօր Քրիստոսին Տեր ընդունեցի» գրվածքի վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է փրկության տանող Հռոմեացիների ճանապարհը: