Արդյոք Հիսուս Քրիստոսի հարությունը ճշմարտությո՞ւն է:


Հարց՝ Արդյոք Հիսուս Քրիստոսի հարությունը ճշմարտությո՞ւն է:

Պատասխան՝
Աստվածաշունչը համոզիչ ապացույցներ է ներկայացնում մահացածների միջից Հիսուսի հարության վերաբերյալ։ Քրիստոսի հարության փաստը նկարագրված է Մատթեոս 28․1-20, Մարկոս 16․1-20, Ղուկաս 24․1-53 և Հովհաննես 20․1–21․25 հատվածներում։ Հարություն առած Քրիստոսի նկարագրությանն ենք հանդիպում նաև Գործք Առաքելոց գրքում (Գործք 1․1-11)։ Այս հատվածներից մենք Քրիստոսի հարության մի քանի «ապացույցներ» կարող ենք քաղել։ Նախ, պետք է նշել առաքյալների մոտ տեղի ունեցած կտրուկ փոփոխությունը։ Նրանք վախեցած ու թաքնված մարդկանց մի խմբից վերածվեցին ուժեղ ու քաջ վկաների, որոնք աշխարհով մեկ տարածեցին Քրիստոսի Ավետարանը։ Ուրիշ ի՞նչը կարող է բացատրել նման կտրկու փոփոխությունը, եթե ոչ՝ հարություն առած Քրիստոսին հանդիպելը։

Երկրորդ ապացույցը Պողոս առաքյալի կյանքն է։ Ի՞նչը փոխեց նրան և եկեղեցին հալածողից դարձրեց եկեղեցու առաքյալ։ Դա տեղի ունեցավ, երբ Պողոս առաքյալը Դամասկոսի ճանապարհին հանդիպեց հարություն առած Քրիստոսին (Գործք 9․1-6)։ Երրորդ համոզիչ ապացույցը դատարկ գերեզմանն է։ Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա որտե՞ղ էր Նրա մարմինը։ Թե՛ աշակերտները և թե՛ մյուսները տեսան Նրա գերեզմանը։ Հիսուսի մարմինն այնտեղ չէր։ Հրեշտակները հայտարարեցին, որ Նա հարություն էր առել մահացածների միջից, ինչպես նախօրոք խոստացել էր (Մատթեոս 28․5-7)։ Չորրորդ ապացույցն այն է, որ հարություն առնելուց հետո Տեր Հիսուս շատերին է հանդիպել (Մատթեոս 28․5,9,16-17, Մարկոս 16․9, Ղուկաս 24․13-35, Հովհաննես 20․19,24,26-29, 21․1-14, Գործք 1․6-8, Ա Կորնթացիս 15․5-7)։

Հարության մեկ այլ ապացույց է այն փաստը, թե որքան կարևորություն ու կշիռ էին տալիս առաքյալները Հիսուսի հարության փաստին։ Քրիստոսի հարության մասին աստվածաշնչյան հիմնական հատվածը Ա Կորնթացիս 15-րդ գլուխն է։ Այս գլխում Պողոս առաքյալը բացատրում է, թե ինչու է կարևոր Քրիստոսի հարությունը հասկանալն ու դրան հավատալը։ Հարությունը կարևոր է հետևյալ պատճառներով՝ 1) Եթե Քրիստոս հարություն չի առել մահացածների միջից, ապա չեն կարող հարություն առնել նաև հավատացյալները (Ա Կորնթացիս 15․12-15)։ 2) Եթե Քրիստոս հարություն չի առել մահացածների միջից, ապա մեղքի համար Նրա զոհն ամբողջական չէ (Ա Կորնթացիս 15․16-19)։ Հիսուսի հարությունն ապացուցում է, որ Նրա մահն ընդունելի էր Աստծո համար որպես մեր մեղքերի համար կատարված քավություն։ Հակառակ դեպքում, հավատացյալները չէին կարողանա ներում ստանալ իրենց մեղքերի համար և մահանալուց հետո կկործանվեին (Ա Կորնթացիս 15․16-19)։ Այդ դեպքում չէր լինի հավիտենական կյանք (Հովհաննես 3․16)։ «Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել» (Ա Կորնթացիս 15․20)։

Վերջում նշենք նաև, որ Աստվածաշունչը հստակ է այն հարցում, որ Հիսուս Քրիստոսին հավատացողները հարություն կառնեն հավիտենական կյանքի համար, ինչպես Նա է հարություն առել (Ա Կորնթացիս 15․20-23)։ Ա Կորնթացիս 15-րդ գլուխը շարունակության մեջ խոսում է այն մասին, որ Քրիստոսի հարությունն ապացույց է մեղքի հանդեպ Նրա տարած հաղթանակի և մեզ համար էլ զորություն է ապահովում մեղքի հանդեպ նմանատիպ հաղթական կյանք ունենալու համար (Ա Կորնթացիս 15․24-34)։ Այս հատվածը նկարագրում է մեր հարության նոր մարմինների փառավոր բնությը (Ա Կորնթացիս 15․35-49)։ Այստեղ կարդում ենք, որ Քրիստոսի հարության շնորհիվ բոլոր Նրան հավատացողները վերջնական հաղթանակ են ունենալու մահվան հանդեպ (Ա Կորնթացիս 15․50-58)։

Ինչպիսի՜ փառավոր ճշմարտություն է Քրիստոսի հարությունը։ «Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ» (Ա Կորնթացիս 15․58)։ Ըստ Աստվածանչի, Քրիստոսի հարությունն ամենավստահելի ճշմարտությունն է։ Աստվածաշունչը նկարագրում է Քրիստոսի հարությունը, խոսում այն մասին, որ Նա երևացել է ավելի քան 400 մարդու և կարևորագույն վարդապետություն է կառուցում Հիսուսի հարության պատմական փաստի հիման վրա։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք Հիսուս Քրիստոսի հարությունը ճշմարտությո՞ւն է: