Ովքե՞ր են Եհովայի վկաները և ինչին են նրանք հավատում։


Հարց՝ Ովքե՞ր են Եհովայի վկաները և ինչին են նրանք հավատում։

Պատասխան՝
Պատասխան՝ Եհովայի վկաներ անունը կրող աղանդը սկսվել է 1870 թվականին Պենսիլվանիայում մի աստվածաշնչյան դասաժամից, որն առաջնորդում է Չարլզ Թեյզ Ռասելը։ Ռասելը իր խումբն անվանեց «Հազարամյակի արշալույսի աստվածաշնչյան ուսումնասիրություն», իսկ նրա հետևորդներին կոչում էր «Աստվածաշնչի ուսումնասիրողներ»։ Չարլզ Թ․ Ռասելը սկսեց գրել «Հազարամյակի արշալույս» անունը կրող գրքերի շարքը, որը մինչև նրա մահը հասավ վեց հատորի և պարունակում էր Եհովայի վկաների մերօրյա վարդապետության հիմնական դրույթները։ Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը հիմնվել է 1886 թվականին և արագորեն դարձել այն միջոցը, որի օգնությամբ «Հազարամյակի արշալույս» շարժը սկսեց տարածել իր հայացքները։ Խմբի անդամները երբեմն վիրավորական կերպով անվանվում էին «ռասսելականներ»։ Ռասսելի մահից հետո (1916 թվականին) դատավոր Ջ․ Ֆ․ Ռուտերֆորդը՝ Ռասսելի ընկերն ու հաջորդողը, 1917 թվականին գրեց «Հազարամյակի արշալույս» շարքի յոթերորդ և վերջին «Ավարտված խորհրդավորություն» հատորը։ Այդ տարի նաև բաժանում տեղի ունեցավ կազմակերպության ներսում։ Ռուտերֆորդին հետևած մարդիկ իրենց սկսեցին անվանել «Եհովայի վկաներ»։

Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները։ Այնպիսի հարցերի շուրջ նրանց վարդապետական դիրքորոշումների մանրազնին քննությունը, ինչպիսիք են Քրիստոսի աստվածությունը, փրկությունը, Երրորդությունը, Սուրբ Հոգին և քավությունը, ոչ մի կասկած չի թողնում, որ դրանք հակասում են այդ թեմաների շուրջ ուղղադավան քրիստոնեության տեսակետներին։ Եհովայի վկաները հավատում են, թե Հիսուսը Միքայել հրաշտակապետն է՝ բարձրագույն արարված էակը։ Սա հակասում է աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներում տեղ գտած այն ճշմարտության, ըստ որի Հիսուսը հստակ կերպով ներկայացվում է որպես Աստված (Հովհաննես 1․1,14, 8․58, 10․30)։ Եհովայի վկաները հավատում են, թե փրկությունը կարելի է ընդունել հավատի, բարի գործերի և հնազանդության համադրությամբ։ Սա հակասում է Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներում նկարագրվող որպես շնորհ հավատի միջոցով հասանելի փրկության ճշմարտությանը (Հովհաննես 3․16, Եփեսացիս 2․8-9, Տիտոս 3․5)։ Եհովայի վկաները մերժում են Երրորդությունը, հավատում են Հիսուսի արարված լինելուն և Սուրբ Հոգուն ընդունում են որպես Աստծո անանձնական զորություն։ Նրանք մերժում են Քրիստոսի փոխանորդական քավության գաղափարը և, փոխարենը, հարում են փրկագնման տեսությանը, ըստ որի Հիսուսի մահը Ադամի մեղքի համար վճարված փրկագին էր։

Ինչպե՞ս են Եհովայի վկաները հիմնավորում այս ոչ աստվածաշնչյան պնդումները։ Նախ, նրանք պնդում են, թե եկեղեցին դարերի ընթացքում աղավաղել է Աստվածաշունչը, ինչի պատճառով նրանք կրկին թարգմանել են այն և կոչել Նոր աշխարհի թարգմանություն։ Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը այս թարգմանության մեջ Աստվածաշնչի տեքստը փոփոխել ու հարմարեցրել է իրենց սուտ վարդապետությանը, այլ ոչ թե սեփական վարդապետությունները հարմարեցրել այն ճշմարտություններին, որոնք իրականում սովորեցնում է Աստվածաշունչը։ Նոր աշխարհի թարգմանությունը բազմաթիվ խմբագրումների է ենթարկվել՝ զուգահեռ Եհովայի վկաների կողմից այն աստվածաշնչյան հատվածների բացահայտումների, որոնք հակասում էին իրենց վարդապետություններին։

Դիտարանի ընկերությունը իր հավատալիքները հիմնել է Չարլզ Թեյզ Ռասելի, դատավոր Ջոզեֆ Ֆրանկլին Ռուտերֆորդի և նրանց հետնորդների սկզբնական և հետագայում ընդլայնված ուսուցումների վրա։ Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության կառավարող մարմինը միակ համապատասխան հեղինակություն ունեցող միավորն է այս հերձվածողության մեջ, որը իրավունք ունի մեկնաբանելու Աստվածաշունչը։ Այլ կերպ ասած, ցանկացած աստվածաշնչյան հատվածի իմաստի մասին կառավարող մարմնի ներկայացրած մեկնաբանությունը դիտվում է որպես վերջնական հեղինակություն և անկախ ուսումնասիրությունն ու դատողությունները դիտվում են որպես շեղումներ։ Նման մոտեցումը ուղղակիորեն հակասում է Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի հորդորին (որը նաև մեզ է ուղղված)՝ ուսումնասիրել Աստվածաշունչն ու ստանալ Աստծո հավանությունը, որպեսզի ամոթահար չլինենք և ուղիղ մատակարարենք Աստծո Խոսքը։ Այս հորդորի մեջ, որին հանդիպում ենք Բ Տիմոթեոս 2․15 խոսքում, հստակ հրահանգ կա Աստծուց՝ ուղղված իր յուրաքանչյուր զավակին, որպեսզի մենք նմանվենք բերիացի քրիստոնյաներին, ովքեր ամեն օր ուսումնասիրում էին Աստվածաշունչը, որպեսզի քննեին, թե արդյոք իրենց ուսուցանած ճշմարտությունները համապատասխանո՞ւմ են Աստծո Խոսքին, թե՞ ոչ։

Հավանաբար, իրենց ուղերձը մյուսներին փոխանցելու հարցում ավելի նվիրված այլ կրոնական խումբ չկա, քան Եհովայի վկաները։ Ցավալի է, որ նրանց ուղերձը լի է հակասություններով, մոլորություններով և կեղծ վարդապետություններով։ Թող Աստված բժշկի և բացի Եհովայի վկաների աչքերը դեպի այն ճշմարտությունները, որոնք պարփակված են Ավետարանի և Աստծո Խոսքի ճշմարիտ ուսուցումների մեջ։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ովքե՞ր են Եհովայի վկաները և ինչին են նրանք հավատում։