Ի՞նչ է ասում Աստվածաշունչը տասանորդի մասին:


Հարց՝ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը տասանորդի մասին:

Պատասխան՝
Շատ քրիստոնյաների համար տասանորդի թեման խնդրահարույց հարց է։ Որոշ եկեղեցիներում չափից դուրս մեծ շեշտադրում կա ֆինանսական կողմի վրա, իսկ որոշ եկեղեցիների հավատացյալներ հրաժարվում են հնազանդվել Տիրոջ գործի համար ֆինանսական ներդրում ունենալու աստվածաշնչյան հորդորներին։ Տասանորդը/ֆինանսական ընծան մեզ համար պետք է ուրախություն և օրհնություն լինի։ Ցավոք սրտի, մերօրյա եկեղեցիներում միշտ չէ, որ այս միտքն իրողություն է դառնում։

Տասանորդը հինկտակարանյան հասկացություն է։ Տասանորդ տալն Օրենքի պահանջն էր, որի էությունը կայանում էր նրանում, որ իսրայելացիները պետք է իրենց ստացած բերքի և բազմացրած ընտանի կենդանիների 10 տոկոսն ընծայեին խորանին կամ տաճարին (Ղևտացիս 27․30, Թվոց 18․26, Բ Օրինաց 14․24, Բ Մնացորդաց 31․5)։ Իրականում, Հին Կտակարանի Օրենքը մի քանի տասանորդների մասին է խոսում՝ ղևտացիների համար, տաճարի և տոնախմբություններում օգտագործելու համար, ինչպես նաև իրենց շրջապատի աղքատ մարդկանց հատկացնելու համար, ինչը միասին վերցրած մոտ 23.3 տոկոս էր կազմում։ Ոմանք էլ հինկտակարանյան տասանորդը ընկալում են նաև որպես զոհաբերությունների համակարգում քահանաների ու ղևտացիների կարիքները հոգալու միջոց։

Նոր Կտակարանում ոչ մի տեղ հրահանգ կամ խորհուրդ չենք գտնում, որը վերաբերվեր հինկտակարանյան տասանորդի օրենքին քրիստոնյաների հնազանդվելուն։ Նոր Կտակարանում չի խոսվում եկամտի որևէ տոկոսի մասին, որը քրիստոնյան պետք է առանձնացնի, այլ միայն շեշտադրվում է, որ նվիրատվությունը պետք է լինի եկամտի համեմատ (Ա Կորնթացիս 16․2)։ Որոշ քրիստոնեական եկեղեցիներ հինկտակարանյան 10 տոկոսն ընդունել են որպես քրիստոնյաների ֆինանսական աջակցության «առաջարկվող նվազագույն շեմ»։

Նոր Կտակարանը շեշտադրում է եկեղեցու գործերի համար ֆինանսական ներդրման կարևորությունն ու օրհնությունը։ Մենք պետք է տանք մեր հնարավորությունների չափով։ Երբեմն դա կարող է նշանակել ավելին, քան 10 տոկոսը, իսկ երբեմն էլ՝ ավելի քիչ։ Ամեն բան կախված է քրիստոնյայի կարողությունից և Քրիստոսի մարմնի կարիքներից։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անկեղծ աղոթք բարձրացնի Աստծուն և Նրանից իմաստություն խնդրի տասանորդի կամ ընծայի ճիշտ չափաբաժնի վերաբերյալ (Հակոբոս 1․5)։ Ի վերջո, ողջ տասանորդն ու ընծաները պետք է տրվեն սուրբ շարժառիթներով և որպես Աստծուն երկրպագելու ու Քրիստոսի մարմնին ծառայելու դրսևորում։ «Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողի» (Բ Կորնթացիս 9․7).

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը տասանորդի մասին: