Արդյոք քրիստոնյաները պահո՞ւմ են Հին Կտակարանի օրենքը:


Հարց՝ Արդյոք քրիստոնյաները պահո՞ւմ են Հին Կտակարանի օրենքը:

Պատասխան՝
Այս հարցը ճիշտ ընկալելու բանալին այն փաստը հասկանալու մեջ է, որ Հին Կտակարանի օրենքը տրվել է իսրայելացիներին, այլ ոչ թե քրիստոնյաներին։ Օրենքի որոշ մասը տրվել էր, որպեսզի նրանք ճանաչեին Աստծուն հնազանդվելու և Նրան հաճելի կյանքով ապրելու կերպը (օրինակ, Տասը պատվիրանները)։ Որոշ օրենքներ նպատակ ունեին իսրայելացիներին ուսուցանել Աստծուն երկրպագելու և մեղքի համար կատարվող քավության (զոհաբերությունների համակարգը) գործնական կիրառությունները։ Որոշ օրենքներ միտված էին նրանց մյուս ազգերից առանձնացնելուն (սննդակարգը և հագուստի հատուկ պահանջները)։ Հին Կտակարանի օրենքներից ոչ մեկը չի տարածվում քրիստոնյաների վրա այսօր։ Երբ Հիսուս մահացավ խաչի վրա, Նա դրանով ավարտեց Հին Կտակարանի օրենքի ժամանակաշրջանը (Հռոմեացիս 10․4, Գաղատացիս 3․23–25, Եփեսացիս 2․15)։

Հին Կտակարանի օրենքի փոխարեն մենք այժմ Քրիստոսի օրենքի տակ ենք (Գաղատացիս 6․2), որը հետևյալ ձևակերպումն ունի․ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով․․․ և երկրորդը նման է սրան. Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Մատթեոս 22․37-39)։ Եթե մենք հնազանդվենք այս երկու պատվիրաններին, ապա կկատարենք այն բոլոր պահանջները, որոնք Քրիստոս ունի մեր հանդեպ․ «Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 22․40)։ Պետք է նշել, որ սա չի նշանակում, թե Հին Կտակարանի օրենքը մեր օրերում արդիական չէ։ Հին Կտակարանի օրենքներից շատերը ընկնում են «սիրի՛ր քո Տեր Աստծուն» և «սիրի՛ր քո ընկերոջը» դասակարգումների ներքո։ Հին Կտակարանի օրենքը կարող է հրաշալի ուղեցույց լինել Աստծուն սիրելու և ընկերոջը սիրելու մասին գիտելիք ստանալու հարցում։ Միևնույն ժամանակ, պետք է նշել նաև, որ Հին Կտակարանի օրենքները քրիստոնյաների համար կիրառելը սխալ է։ Հին Կտակարանի օրենքը մեկ ամբողջություն է (Հակոբոս 2․10)։ Այն կա՛մ կիրառվում է ամբողջությամբ, կա՛մ չի կիրառվում ընդհանրապես։ Քրիստոս չկատարեց այն մասնակիորեն, ասենք զոհաբերությունների առումով, այլ կատարեց այն ամբողջովին։

«Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհաննես 5․3)։ Տասը պատվիրանները Հին Կտակարանի օրենքի ամփոփ ներկայացումն էին։ Տասը պատվիրաններից ինը հստակ կրկնվում են Նոր Կտակարանում (բացի շաբաթը պահելու պատվիրանից)։ Ակնհայտ է, որ եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա չենք պաշտի սուտ աստվածների կամ երկրպագություն չենք անի կուռքերի առջև։ Եթե մենք սիրում ենք մեր ընկերոջը, ապա չենք սպանի, չենք ստի, նրա դեմ շնություն չենք գործի և չենք նախանձի նրանց ունեցվածքին։ Հին Կտակարանի օրենքի նպատակը նաև մարդկանց սեփական ուժերով այդ օրենքը պահելու անկարողությունը ցույց տան էր և Հիսուս Քրիստոսին որպես Փրկիչ ընդունելու մեր կարիքը բացահայտելը (Հռոմեացիս 7․7-9, Գաղատացիս 3․24)։ Հին Կտակարանի Օրենքը երբեք Աստծո կողմից չի տրվել որպես համամարդկային օրենք, որը կիրառելի է բոլոր ժամանակներում։ Մենք պետք է սիրենք Աստծուն և սիրենք մեր շրջապատի մարդկանց։ Եթե հնազանդվենք այս երկու պատվիրաններին, մենք կհնազանդվենք այն ամենին, ինչն Աստված պահանջում է մեզնից։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Արդյոք քրիստոնյաները պահո՞ւմ են Հին Կտակարանի օրենքը: