settings icon
share icon
Հարց

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հավատացյալ հայրերի մասին»

Պատասխան


Աստվածաշնչյան ամենամեծ պատվիրանը հետևյալն է․ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով» (Բ Օրինաց 6․5)։ Քիչ վերև, 2-րդ խոսքում կարդում ենք․ «որպեսզի վախենաս քո Տեր Աստծուց և պահես նրա բոլոր կանոններն ու պատվիրանները, որ ես պատվիրում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որդիները և թե՛ քո որդիների որդիները քո կյանքի բոլոր օրերին, որ քո օրերը երկար լինեն»։ Իսկ Բ Օրինաց 6․5 խոսքից հետո կարդում ենք․ «Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս» (6-7 խխ․)։

Իսրայելի պատմությունը մեզ բացահայտում է, որ հայրը պետք է լիներ հետևողական երեխաներին Տիրոջ ճանապարհների մեջ և Խոսքերի համեմատ դաստիարակելու հարցում՝ հանուն նրանց հոգևոր զարգացման ու բարեկեցության։ Աստվածաշնչի պատվերներին հավատարիմ հայրը հենց այսպես էր անում։ Սա մեզ բերում է Առակաց 22․6 խոսքին․ «Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից»։ «Կրթել» բառը խոսում է այն առաջնային ուսուցման մասին, որը երեխային փոխանցում են նրա հայրն ու մայրը։ Այս ուսուցումը նպատակ ունի երեխային հստակ ներկայացնել այն ապրելակերպը, որի համար Աստված արարել է նրան։ Երեխային վաղ հասակից այս ուսուցման մեջ ընկղմելը մեծ կարևորություն է ներկայացնում։

Եփեսացիս 6․4 խոսքը ամբողջացնում է հայրերին տրված հրահանգները թե՛ դրական և թե՛ բացասական շեշտադրությամբ․ «Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք»։ Այս խոսքի բացասական մասը խոսում է այն մասին, որ հայրը չպետք է երեխայի մոտ բացասական վերաբերմունք կազմավորի իր խստությամբ, անարդարությամբ, կողմնակալությամբ և իշխանության անհարկի կիրառությամբ։ Երեխայի հանդեպ չափից դուրս և չհիմնավորված խիստ վերաբերմունքը երեխայի սրտում միայն չարություն կարող է ծնել։ «Բարկացնել» բառը նշանակում է «նյարդայնացնել, հասցնել կատաղության, մղել դեպի սխալ ուղղություն կամ դրդել ինչ-որ բանի»։ Սա արվում է սխալ հոգով և սխալ մոտեցումների արդյունքում՝ խստություն, չհիմնավորված վերաբերմունք, դաժանություն, կտրուկություն, խիստ պահանջներ, անհարկի սահմանափակումներ և եսասիրական պնդում սեփական իշխանության կիրառման առումով։ Նման վերաբերմունքը անցանկալի արձագանքներ կծնի երեխայի մոտ, կթուլացնի երեխայի կապվածությունը ծնողի հետ, կնվազեցնի նրա փափագը սրբության հանդեպ և կստիպի մտածել, թե անհնարին է ծնողներին հաճեցնելը։ Իմաստուն ծնողը ձգտում է երեխայի մոտ հնազանդությունը դարձնել հաճելի մի բան, որը հասանելի է դառնում սիրո ու մեղմության արդյունքում։

Եփեսացիս 6․4 խոսքի դրական մասը ավելի մեծ ցանկ է իր մեջ պարունակում՝ ուսուցանել, դաստիարակել, զարգացնել այնպիսի մոտեցումներ, որ նրանց ողջ կյանքը կառուցվի Աստծո պատվիրանների ու խրատների հիման վրա։ «Խրատել» բառը կրում է այն գաղափարը, որ երեխային պետք է հիշեցնել իր սխալների (կառուցողական մոտեցմամբ) և պարտականությունների (պատասխանատվությունների) մասին։

Հավատացյալ հայրն, իրականում, կարևոր գործիք է Աստծո ձեռքին։ Խրատելու և կրթելու ողջ ընթացքը պետք է լինի Աստծո ցուցումներին ու հրահանգներին համապատասխան, որպեսզի հենց Նրա իշխանությունը գործ ունենա երեխայի մտքի, սրտի և գիտակցության հետ։ Երկրային հայրը երբեք չպետք է իրեն ներկայացնի որպես ճշմարտությունն ու պարտականությունը որոշող վերջնական իշխանություն։ Միայն Աստծուն մեր Ուսուցիչն ու Օրենսդիրը դարձնելու շնորհիվ է, որ Նրա իշխանությունը կարելի է գործի դնել և լավագույն դաստիարակությունը փոխանցել երեխաներին։

Մարտին Լյութերն ասել է․ «Պահեք խնձորը Ձեր մեջքի հետևում և տվեք այն երեխային միայն այն ժամանակ, երբ նա ճիշտ է անում ինչ-որ բան»։ Դաստիարակությունը պետք է զգուշավոր հոգատարությամբ և շատ աղոթքով կատարվի։ Պատժերը, զրկելը կամ խորհուրդները պետք է լինեն Աստծո Խոսքի համեմատ՝ փոխանցելով թե՛ հանդիմանություն և թե՛ քաջալերանք։ Հենց սա է խրատի էությունը։ Տիրոջից եկող ցուցումներին սովորում են քրիստոնեական փորձառության ընթացքում և ծնողների խրատների շնորհիվ, հիմնականում, հոր, սակայն նրա ուղղորդման ներքո նաև մոր։ Քրիստոնեական դաստիարակության նպատակն է երեխաների մոտ զարգացնել մեծարանք Աստծո հանդեպ, հարգանք ծնողների իշխանության հանդեպ և ձևավորել ինքնատիրապետման որակներ։

«Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3․16-17)։ Հոր առաջին պարտականությունը երեխաներին Սուրբ Գրքի հետ ծանոթացնելն է։ Նրա կողմից Աստծո ճշմարտությունների ուսուցման կիրառվող միջոցներն ու մեթոդները կարող են տարբեր լինել։ Երբ հայրը հավատարմորեն ծառայում է որպես օրինակ երեխաների համար, ապա նրանք Աստծո մասին իրենց սովորածը կկիրառեն իրենց երկրային կյանքի ողջ ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչով են զբաղված և որտեղ են գտնվում։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հավատացյալ հայրերի մասին»
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries