Կարո՞ղ է արդյոք քրիստոնյան լինել դիվահար։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյայի մեջ դև լինի:


Հարց՝ Կարո՞ղ է արդյոք քրիստոնյան լինել դիվահար։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյայի մեջ դև լինի:

Պատասխան՝
Թեև Աստվածաշունչը հատուկ չի խոսում այն մասին, թե քրիստոնյան կարո՞ղ է արդյոք լինել դիվահար, թե՞ ոչ, սակայն այս թեմայի շուրջ աստվածաշնչյան ճշմարտությունների առատությունը այս հարցի պատասխանը հստակ ուղղում են նրան, որ քրիստոնյան չի կարող լինել դիվահար։ Պետք է նշենք, որ հստակ տարբերություն գոյություն ունի դիվահար լինելու և դևերի ազդեցության կամ ճնշումների տակ ընկնելու միջև։ Դիվահարության ժամանակ դևը ուղղակի և ամբողջական կերպով վերահսկում է մարդու մտքերն ու գործողությունները (Մատթեոս 17․14-18, Ղուկաս 4․33-35, 8․27-33)։ Դիվային ճնշումները կամ ազդեցությունը ներառում են դևի կամ դևերի հոգևոր հարձակումը անձի վրա կամ վերջինիս մեղավոր վարքագծի մղելը։ Ուշադրություն դարձրեք, որ հոգևոր պատերազմի վերաբերյալ նորկտակարանյան հատվածներում ոչ մի տեղ չենք գտնում հավատացյալի հանդեպ դիվանահության գործողություններ անելու որևէ ցուցում (Եփեսացիս 6․10-18)։ Հավատցյալներին հրահանգված է հակառակ կանգնել սատանային (Հակոբոս 4․7, Ա Պետրոս 5․8-9), այլ ոչ թե իր միջից հանել դևին։

Քրիստոնյաներն ունեն Սուրբ Հոգու ներբնակությունը (Հռոմեացիս 8․9-11, Ա Կորնթացիս 3․16, 6․19)։ Ակնհայտ է, որ Սուրբ Հոգին չէր թողնի դևին բնակվել մի անձի ներսում, որտեղ Ինքն է բնակվում։ Չի կարող պատահել, որ Աստված թույլ տա, որպեսզի Քրիստոսի արյունով գնված (Ա Պետրոս 1․18-19) և նոր արարած դարձած (Բ Կորնթացիս 5․17) Իր զավակի ներսում դև բնակվի ու կառավարի նրան։ Այո՛, որպես հավատացյալներ մենք սատանայի ու նրա դևերի դեմ պատերազմի մեջ ենք, սակայն՝ ո՛չ մեր ներսում։ Հովհաննես առաքյալը հայտարարում է․ «Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է Նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է» (Ա Հովհաննես 4․4)։ Ո՞վ է Նա, որ մեր մեջ է։ Սուրբ Հոգին։ Ո՞վ է, որ աշխարհի մեջ է։ Սատանան ու նրա դևերը։ Հետևաբար, հավատացյալը հաղթել է դևերի աշխարհին, և հավատացյալի դիվահարությունը հոգևորապես անհնարին է։

Որոշ աստվածաբաններ, ընդունելով, որ Աստվածաշունչն ակնհայտորեն ասում է, որ քրիստոնյան չի կարող դիվահար լինել, կիրառում են «դիվային վերահսկողություն» տերմինը, որպեսզի նկարագրեն քրիստոնյայի հանդեպ դիվային վերահսկողությունը։ Ոմանք պնդում են, որ թեև քրիստոնյայի ներսում չի կարող դև կամ չար ոգի բնակվել, սակայն նա կարող է ընկնել դիվային վերահսկողության տակ։ Սովորաբար, դիվային վերահսկողության նկարագրությունը գրեթե նույնն է, ինչ դիվահարության նկարագրությունը։ Դրանք նույն հետևանքներն ունեն։ Տերմինների փոփոխությունը չի փոխում այն փաստը, որ դևերը չեն կարող բնակություն հաստատել քրիստոնյայի մեջ կամ ամբողջական վերահսկողության տակ վերցնել նրա կամքը։ Դիվային ազդեցությունը կամ ճնշումներն, անկասկած, իրական կարող են լինել քրիստոնյայի կյանքում, սակայն պարզապես աստվածաշնչյան չէ պնդել, թե քրիստոնյան դիվահար է կամ դիվային վերահսկողության ներքո։

Դիվային վերահսկողության գաղափարի կողմնակիցների հիմնական փաստարկները կառուցվում են անձնական փորձառությունների հիման վրա, երբ նրանք տեսնում են, որ քրիստոնյա հավատացյալ ինչ-որ մեկը «հստակ» կերպով դրսևորում է դիվահարության նշաններ։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք թույլ չտանք, որպեսզի մեր անձնական փորձառությունն ազդի աստվածաշնչյան մեկնությունների վրա։ Այլ փոխարենը մենք պետք է մեր անձնական փորձառություններ քննենք Աստվածաշնչի ճշմրատությունների օգնությամբ (Բ Տիմոթեոս 3․16-17)։ Երբ տեսնում ենք մեկին, ով քրիստոնյա է ներկայանում, սակայն դրսևորում է դիվահարի վարքագիծ, ապա սա պետք է մեր մոտ հարցեր առաջացնի նրա հավատի անկեղծության ու իրական լինելու շուրջ։ Դա չպետք է մեզ մղի քրիստոնյաների դիվահարության հնարավորության վերաբերյալ մեր տեսակետի վերանայմանը։ Հնարավոր է նաև, որ տվյալ անձնավորությունը իրական հավատացյալ քրիստոնյա լինի, սակայն անցնի խիստ դիվային ազդեցության կամ ծանր հոգեբանական խնդիրների ժամանակաշրջանով։ Սակայն, կրկին, մեր փորձառությունը պետք է հաստատվի Աստվածաշնչի ճշմարտություններով, այլ ոչ թե հակառակը։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Կարո՞ղ է արդյոք քրիստոնյան լինել դիվահար։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյայի մեջ դև լինի: