Ո՞րն է Աստվածաշունչն ուսումնասիրելու ճիշտ կերպը:


Հարց՝ Ո՞րն է Աստվածաշունչն ուսումնասիրելու ճիշտ կերպը:

Պատասխան՝
Աստվածաշնչի նշանակության ճիշտ մեկնաբանությունը հավատացյալի կյանքի կարևորագույն հանձնարարություններից մեկն է։ Աստված մեզ չի հրահանգել պարզապես ընթերցել Աստվածաշունչը։ Մենք պետք է ուսումնասիրենք և ճիշտ մատուցենք այն (Բ Տիմոթեոս 2․15)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը դյուրին մի գործ չէ։ Դրա մակերեսային ուսումնասիրությունը երբեմն կարող է մեծ մոլորությունների հանգեցնել։ Հետևաբար, կարևոր է մի քանի սկզբունքների ծանոթանալ, որոնք մեզ կօգնեն Աստվածաշնչի ճիշտ իմաստը բացահայտելու գործում։

Նախ, Աստվածաշունչն ուսումնասիրողը պետք է աղոթի և խնդրի Սուրբ Հոգու օգնությունը ընթերցածը հասկանալու հարցում, քանի որ դա Նրա գործառույթներից մեկն է։ «Սակայն երբ Նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև Ինքն Իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ» (Հովհաննես 16․13)։ Ճիշտ ինչպես Սուրբ Հոգին առաջնորդում էր առաքյալներին Նոր Կտակարանի գրքերը գրի առնելու մեջ, Նա նաև մեզ է առաջնորդում դրանք հասկանալու մեջ։ Հիշե՛ք, որ Աստվածաշունչը Աստծո Գիրքն է, և մենք կարիք ունենք Նրանից հարցնելու դրա իմաստը։ Եթե Դուք քրիստոնյա եք, ապա Աստվածաշնչի Հեղինակ Սուրբ Հոգին բնակվում է Ձեր մեջ և ուզում է, որպեսզի Դուք հասկանաք այն ամենն, ինչ Նա գրի է առել։

Երկրորդ, մենք իրավունք չունենք Աստվածաշնչի որևէ խոսք առանձնացնելու դրանից առաջ և հետո եղած խոսքերից և փորձելու այն մեկնաբանել դրա համատքեստից կտրված կերպով։ Մենք պետք է միշտ կարդանք նաև տվյալ խոսքի շուրջ գոյություն ունեցող հատվածներն ու գլուխները, որպեսզի բացահայտենք տվյալ խոսքի համատեքստը։ Թեև ողջ Աստվածաշունչը ներշնչված է Աստծո կողմից (Բ Տիմոթեոս 3․16, Բ Պետրոս 1․21), սակայն Աստված մարդկանց է գործածել Իր Խոսքը գրի առնելու համար։ Այս մարդիկ որոշակի թեմաներ ունեին իրենց մտքում, որոշակի նպատակ էին հետապնդում և հատուկ խնդիրների էին անդրադառնում։ Մենք պետք է կարդանք այն աստվածաշնչյան գրքի նախապատմությունը, որը պատրաստվում ենք ուսումնասիրել։ Պետք է իմանանք, թե ով է գրի առել այն, ում է այն ուղղված եղել, երբ է գրվել և ինչու է գրվել։ Նաև մենք պետք է թույլ տանք, որպեսզի մեր ընթերցածը ինքն իրեն բացատրի։ Երբեմն մարդիկ իրենց ընթեցած բառերին այնպիսի նշանակություն են հարմարեցնում, որ հետո ստանան այն մեկնաբանությունը, որը ցանկանում են ստանալ Աստվածաշնչի ընթեցանությունից։

Երրորդ, մենք պետք է չփորձենք լիովին անկախ լինել Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։ Մեծամտություն է կարծել, թե ոչ մի կարիք չունենք Աստծո այն ծառաների օգնության, ովքեր իրենց կյանքն են նվիրել Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Ոմանք սխալմամբ Աստվածաշնչին մոտենում են՝ միայն Սուրբ Հոգու օգնությանը հուսալով, որպեսզի այնտեղ թաքցրած գանձեր բացահայտեն։ Քրիստոս Տերը, Սուրբ Հոգին ուղարկելով Եկեղեցուն, հավատացյալներին Նրանով նաև հոգևոր պարգևներ շնորհեց։ Այդ պարգևներից մեկը ուսուցչության պարգևն է (Եփեսացիս 4․11-12, Ա Կորնթացիս 12․28)։ Այս ուսուցումները Տիրոջ կողմից տրվում են, որպեսզի օգնեն մեզ հասկանալու ու հնազանդվելու Աստվածաշնչյան ճշմարտություններին։ Միշտ ավելի իմաստուն մոտեցում է Աստվածաշունչը մյուս հավատացյալների հետ միասին ուսումնասիրելը՝ օգնելով միմյանց Աստծո Խոսքի ճշմարտությունները հասկանալու և կիրառելու հարցում։

Այսպիսով, ամփոփելով ասվածը, պատասխանենք այս հարցին՝ ո՞րն է Աստվածաշնչի ուսումնասիրության ճիշտ կերպը։ Նախ, աղոթքի ու խոնարհության մեջ մենք պետք է հուսանք, որ Սուրբ Հոգին մեզ ըմբռնողություն կշնորհի։ Երկրորդ, մենք միշտ պետք է ուսումնասիրենք աստվածաշնչյան հատվածն իր համատեքստի հետ միասին՝ ընդունելով, որ Աստվածաշունչը կարող է բացատրել տվյալ հատվածի իմաստը։ Երրորդ, մենք պետք է հարգենք մյուս քրիստոնյաների ջանքերը, որոնք ապրել են նախկինում կամ մեր ժամանակակիցներն են և ժամանակ են հատկացերլ Աստվածաշնչի ճշմարիտ ուսումնասիրություններին։ Հիշե՛նք, որ Աստվածաշնչի Հեղինակն Աստված է, և Նա ուզում է, որպեսզի մենք հասկանանք այն։

English
Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ո՞րն է Աստվածաշունչն ուսումնասիրելու ճիշտ կերպը: