Ի՞նչ է քրիստոնէական աշխարհայեացքը:



Հարց. Ի՞նչ է քրիստոնէական աշխարհայեացքը:

Պատասխան.
«Աշխարհայեացք» ասելով հասկանում են աշխարհի վերաբերեալ ընդգրկուն գաղափար՝ որոշակի հայեցակէտից: Ըստ այդմ «քրիստոնէական աշխարհայեացքը» աշխարհի վերաբերեալ ընդգրկուն գաղափար է քրիստոնէական հայեցակէտից: Որեւէ անհատի աշխարհայեացքը նրա տեսած «մեծ պատկերն» է, աշխարհի մասին նրա բոլոր հաւատալիքների ներդաշնակ ամբողջութիւնը: Դա իրականութիւնն ընկալելու նրա կերպն է: Մարդու աշխարհայեացքը ամէնօրեայ վճիռներ կայացնելու հիմքն է, հետեւաբար եւ յոյժ կարեւոր է:

Սեղանի վրայ դրուած խնձորին, օրինակ, տարբեր մարդիկ տարբեր կերպ են նայում: Բուսաբանը դասակարգում է այն որպէս բոյս: Նկարիչը այդ նոյն խնձորը դիտում է որպէս նատյուրմորտ եւ նկարում է այն: Նպարավաճառը գնահատող աչքով նայում է որպէս ապրանքի: Իսկ երեխան տեսնում է ուտելիք եւ ուտում է: Որեւէ իրավիճակ դիտարկելը կախուած է նրանից, թէ ինչպէս ենք դիտարկում աշխարհն ընդհանրապէս: Իւրաքանչիւր աշխարհայեացք, քրիստոնէական թէ ոչ-քրիստոնէական, պատասխանում է առնուազն այս երեք հարցերին:

1) Որտեղից ենք գալիս (եւ ինչու ենք այստեղ)
2) Ինչն է սխալ աշխարհում
3) Ինչպէս կարող ենք շտկել

Այսօր գերակայ աշխարհայեացք է նատուրալիզմը (բնապաշտութիւն), որն այս երեք հարցերին պատասխանում է այսպէս. 1) Մենք արդիւնք ենք բնութեան կոյր տարերքի, առանց որոշակի նպատակի: 2) Մենք չենք յարգում բնութիւնն ինչպէս հարկն է: 3) Աշխարհը կարող ենք փրկել բնապահպանութեամբ: Նատուրալիստական աշխարհայեացքը ծնում է փիլիսոփայական յարակից ուսմունքներ, ինչպէս՝ բարոյական ռելատիվիզմ (յարաբերապաշտութիւն), էկզիստենցիալիզմ (գոյապաշտութիւն), պրագմատիզմ (օգտապաշտութիւն) եւ ուտոպիականութիւն:

Քրիստոնէական աշխարհայեացքը, միւս կողմից, վերոյիշեալ հարցերին աստուածաշնչային պատասխան է տալիս: 1) Մենք Աստուծոյ արարչութիւնն ենք, նախատեսուած ենք աշխարհը կառավարելու եւ Արարչի հետ հաղորդակցուելու (Ծննդոց 1.27-28; 2.15): 2) Մենք մեղանչեցինք Աստուծոյ դէմ եւ ողջ աշխարհը ենթարկեցինք նզովքի (Ծննդոց 3): 3) Աստուած ինքը փրկագնեց աշխարհը իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի զոհով (Ծննդոց 3.15, Ղուկաս 19.10), եւ մի օր վերականգնելու է արարչութիւնն իր նախածին կատարեալ վիճակով (Եսայիա 65.17-25): Քրիստոնէական աշխարհայեացքը յանգեցնում է մեզ հաւատալու բարոյական բացարձակ արժէքների, հրաշքների, մարդկային արժանապատւութեանը եւ փրկագործութեան հնարաւորութեանը:

Կարեւոր է յիշել, որ աշխարհայեացքը ընդգրկուն է, համապարփակ: Այն ազդում է կեանքի ամէն բնագաւառին՝ դրամից մինչեւ բարոյականութիւն, քաղաքականութիւնից մինչեւ արուեստ: Ճշմարիտ քրիստոնէութիւնն աւելին է, քան եկեղեցում կիրառուելիք գաղափարների ցանկ: Քրիստոնէութիւնը, ինչպէս որ ուսուցանւում է Աստուածաշնչում, ինքնին աշխարհայեացք է: Աստուածաշունչը երբեք չի տարանջատում «կրօնական» կեանքը «աշխարհիկ» կեանքից. քրիստոնէական կեանքը միակ հնարաւոր կեանքն է: Յիսուս իր մասին ասաց՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտութիւնը եւ կեանքը» (Յովհ. 14.6), եւ դրանով իսկ դարձաւ մեր աշխարհայեացքը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է քրիստոնէական աշխարհայեացքը: