Կին հովի՞ւ, կին քարոզի՞չ: Ի՞նչ է ասում Աստուածաշունչը ծառայութիւն կատարող կանանց համար:



Հարց. Կին հովի՞ւ, կին քարոզի՞չ: Ի՞նչ է ասում Աստուածաշունչը ծառայութիւն կատարող կանանց համար:

Պատասխան.
Ոչ մի հարց եկեղեցում այնքան թէժ վէճերի տեղիք չի տալիս այսօր, որքան հովիւ կամ քարոզիչ ծառայող կանայք: Շատ կարեւոր է հասկանալ, որ սա տղամարդ – կին հակադրութիւն չէ: Շատ կանայք համոզուած են, որ կինը չպէտք է հովիւ լինի կամ քարոզի, որ Աստուածաշունչը սահմանափակում է կնոջ ծառայութիւնը, եւ շատ տղամարդիկ էլ համոզուած են, որ կինը կարող է ծառայել որպէս քարոզիչ, որ կնոջ ծառայութեան հարցում սահմանափակում չկայ: Շովինիզմի կամ խտրականութեան խնդիր չէ սա: Սա աստուծաշնչեան մեկնութեան հարց է:

Աստուծոյ Խօսքն ասում է՝ «Կինը թող սովորի հանդարտութեամբ, ամենայն հնազանդութեամբ: Կնոջը չեմ արտօնում, որ սովորեցնի, ոչ էլ ամուսնու վրայ իշխի, այլ լուռ մնայ» (Ա Տիմ. 2.11-12): Աստուած տարբեր դերեր է տալիս տղամարդուն եւ կնոջը եկեղեցում: Սա արդիւնքն է այն բանի, թէ ինչպէս է մարդկութիւնն ստեղծուել, եւ ինչպէս է մեղքը մուտք գործել աշխարհ (Ա Տիմ. 2.13-14): Աստուած Պօղոս առաքեալի միջոցով սահմանափակում է կանանց ծառայութիւնը տղամարդկանց սովորեցնելու եւ նրանց վրայ հոգեւոր իշխանութիւն ունենալու հարցում: Սա էլ հէնց արգելում է կանանց հովիւ լինել, որի մէջ ակնյայտօրէն մտնում է տղամարդկանց քարոզելը, սովորեցնելը եւ հոգեւոր իշխանութիւն գործադրելը:

Շատ առարկութիւններ են բերւում կանանց ծառայութեանը վերաբերող այս տեսակէտին: Ամենաընդունուածն այն է, որ Պօղոսը կանանց թոյլ չի տալիս ուսուցանել, որովհետեւ առաջին դարում կանայք, որպէս կանոն, անգրագէտ էին: Բայց Ա Տիմոթէոս 2:11-14 հատուածում ոչ մի բան չի ասւում կրթական կարգավիճակի մասին: Եթէ ծառայութիւնը որոշուէր կրթութեամբ, ապա Յիսուսի աշակերտների մեծ մասը պարզապէս պիտանի չէր լինի այդ գործում: Ասում են նաեւ, թէ Պօղոսը նկատի ունի Եփեսոսի կանանց (Ա Տիմոթէոս Թուղթը հասցէագրուել է Տիմոթէոսին, ով Եփեսոսի եկեղեցու հովիւն էր): Եփեսոս քաղաքը յայտնի էր Արտեմիս դիցուհու՝ յունա-հռոմէական չաստուածուհու տաճարով: Բայց Ա Տիմոթէոս Թուղթը որեւէ ակնարկ չի անում Արտեմիսի մասին, վերոյիշեալ հատուածում Պօղոսը Արտեմիսի պաշտամունքով չի պատճառաբանում կնոջ ծառայութեան սահմանափակումը:

Մէկ այլ՝ տարածում գտած առարկութիւն. իբր Պօղոսը նկատի ունի միայն ամուսինների, ոչ տղամարդկանց ու կանանց ընդհանրապէս: Բնագրի բառերը կարող են «ամուսին» եւ «կին» նշանակել, սակայն այդ բառերի հիմնական իմաստը թերեւս տղամարդ եւ կին է ընդհանրապէս: Աւելին, նոյն յունարէն բառերն են գործածուած նոյն գլխի 8-10 հատուածում: Ինչ է՝ միայն ամուսնացած տղամարդի՞կ պիտի «սուրբ ձեռքերը վեր բարձրացնեն՝ առանց բարկութեան ու երկմտանքի» (2.8): Միայն ամուսնացած կանա՞յք պիտի «վայելուչ հագուստով իրենց անձերն ամօթխածութեամբ եւ պարկեշտութեամբ զարդարեն, բարի գործեր անեն» (2.9-10): Իհարկէ ոչ: 2.8-10 հատուածը պարզորոշ վերաբերում է բոլոր տղամարդկան ու կանանց, ոչ սոսկ ամուսիններին: Տեքստի (2.11-14) բովանդակութեան մէջ ոչինչ չի ենթադրում իմաստային նման անցում:

Կանանց ծառայութեան վերաբերեալ այս հատուածի մեկնութեան դէմ յախախ առարկում են՝ նշելով այնպսիս կանանց, որոնք առաջնորդներ են եղել՝ ըստ Աստուածաշնչի, մասնաւորապէս՝ Միրիամը, Դեբօրան եւ Ողդան Հին Կտակարանում: Այս առարկութիւնը թերանում է հաշուի առնելու մի քանի կարեւոր գործօն: Նախ՝ Դեբօրան միակ կին դատաւորն էր տասներեք այր դատաւորների մէջ: Ողդան միակ մարգարէուհին էր Սուրբ Գրքում յիշատակուող բազմաթիվ այր մարգարէների մէջ: Միրիամի՝ առաջնորդ լինելու միակ պայմանը Մովսէսի ու Ահարոնի քոյրը լինելն էր: Թագաւորաց շրջանում ամենանշանաւոր երկու կանայք Գոթողիան ու Յեզաբէլն էին՝ հազիւ թէ բարեպաշտ կին առաջնորդների տիպարներ: Բանն էլ հէնց այն է, որ Հին Կտակարանում կնոջ իշխանութիւնը վերնագրի մեր հարցին չի վերաբերում: Ա Տիմոթէս Թուղթը եւ հովուական միւս նամակները եկեղեցու համար նոր օրինակ, նոր տիպ են ներկայացնում՝ Քրիստոսի մարմինը, եւ դա վերաբերում է եկեղեցու ղեկավարման կառոյցին, այլ ոչ թէ Իսրայէլ ազգին կամ հինկտակարանային որեւէ այլ հանրութեան:

Նմանատիպ փաստարկներ են բերում Պրիսկիղայի եւ Փիբէի առնչութեամբ՝ Նոր Կտակարանում: Գործք 18 գլխում Պրիսկիղան եւ Ակիւղասը ներկայացւում են որպէս Քրիստոսի հաւատարիմ սպասաւորներ: Ի դէպ՝ առաջինը նշւում է կնոջ՝ Պրիսկիղայի անունը, հաւանաբար ակնարկելով նրա աւելի նշանաւոր դերը ծառայութեան մէջ, քան իր ամուսնու: Այդուհանդերձ, Պրիսկիղայի ծառայութեան մասին որոշակի որեւէ բան չի ասւում, որ հակասի Ա Տիմոթէոս 2:11-14-ին: Պրիսկիղան ու Ակիւղասը Ապողոսին իրեն մօտ առան ու աշակերտ դարձրին՝ աւելի ստոյգ սովորեցնելով նրան Աստուծոյ Խօսքը (Գործք 18:26):

Հռոմայեցիս 16.1-ում եթէ Փիբէին նոյնիսկ համարենք «սարկաւագուհի», քան թէ «սպասաւոր», չի նշանակում, թէ Փիբէն ուսուցիչ էր եկեղեցում: «Սովորեցնելու ունակ» յատկանիշը վերաբերում է երէցներին, բայց ոչ սարկաւագներին (Ա Տիմ. 3.1-13, Տիտ. 1.6-9). Երէցները, եպիսկոպոսները, սարկաւագները բնութագրւում են որպէս «մէկ կնոջ ամուսին», «հնազանդ ու պարկեշտ զաւակների հայր», «պատուարժան» մարդիկ: Պարզ է, որ այս որակները վերաբերում են տղամարդկանց: Բացի այդ՝ Ա Տիմոթէոս 3:1-13 եւ Տիտոս 1:6-9 հատուածներում գործածուած են բացառապէս արական սեռի դերանուններ՝ անշուշտ նկատի ունենալով երէցների, եպիսկոպոսների, սարկաւագների: Պատճառը միագնամայն պարզ է Ա Տիմոթէոս 2.11-14 հատուածի շարադասութիւնից: Այսպէս. 2.13-ը սկսվում է «որովհետեւ» շաղկապով եւ բերում է 2.11-12-ում Պօղոսի դրոյթի պատճառը: Ինչո՞ւ կինը չպէտք է սովորեցնի կամ իշխի տղամարդկանց. որովհետեւ «առաջ Ադամն ստեղծուեց, յետոյ՝ Եւան»: Եւ Ադամը չխաբուեց, այլ կինը»: Աստուած նախ Ադամին է ստեղծել, այնուհետեւ ստեղծել է Եւային՝ Ադամին «օգնական» լինելու: Արարչութեան այս կարգը համընդհանուր կիրառութիւն ունի ընտանիքում (Եփեսացիս 5:22-33) եւ եկեղեցում: Այն փաստը, որ Եւան խաբուեց, նոյնպէս պատճառ է, թէ ինչու կինը չպէտք է հովիւ լինի կամ տղամարդու վրայ իշխանութիւն ունենայ: Ոմանք այս տրամաբանութեամբ շարունակում են՝ ասելով, որ կինը չպէտք է սովորեցնի, որովհետեւ հեշտութեամբ խաբւում է: Վիճելի հարց է, բայց եթէ կինն աւելի հեշտ է խաբւում, ապա ինչո՞ւ պիտի թոյլ տրուի երեխաներին (որոնք նոյնպէս հեշտութեամբ խաբւում են) եւ ուրիշ կականց սովորեցնել (որոնք, ըստ այդմ, հեշտութեամբ խաբւում են): Տեքստը դա չի ասում: Կանայք չպէտք է սովորեցնեն տղամարդկանց կամ իշխեն նրանց վրայ, որովհետեւ խաբուղը Եւան էր: Հետեւապէս, Աստուած տղամարդկանց է տուել եկեղեցում սովորեցնելու գլխաւոր պաշտօնը:

Շատ կանայք աչքի են ընկում հիւրասիրութեան, ողորմածութեան, սովորեցնելու, օգնելու պարգեւներով: Որեւէ եկեղեցու ծառայութեան զգալի մասը կապուած է կանանց հետ: Եկեղեցում կանանց նկատմամբ որեւէ սահմանափակում չկայ հրապարակաւ աղօթելու կամ մարգարէանալու խնդրում (Ա Կորնթացիս 11.5), բացառութեամբ հոգեւոր ուսուցման եւ տղամարդկանց նկատմամբ հոգեւոր իշխանութեան: Սուրբ Գիրքը երբեւէ չի արգելում կանանց՝ Սուրբ Հոգու պարգեւները դրսեւորելու (Ա Կորնթացիս 12): Կանայք, ինչպէս եւ տղամարդիկ, կոչուած են ծառայելու մարդկանց՝ Հոգու պտուղը դրսեւորելու (Գաղատացիս 5.22-23) եւ աւետարանը կորսուողներին հռչակելու (Մատթէոս 28.18-20, Գործք 1.8, Ա Պետրոս 3.15):

Աստուած այսպէս է կարգել, որ եկեղեցում միայն տղամարդիկ ծառայեն հոգեւոր ուսուցման հեղինակաւոր դիրքում: Ոչ թէ որ տղամարդիկ անպայմանօրէն աւելի լաւ ուսուցիչներ են, կամ կանայք ստորադաս կամ նուազ խելացի են (որ բնաւ այդպէս չէ): Պարզապէս Աստուած այդպէս է կարգել եկեղեցու գործունէութիւնը. տղամարդը պէտք է աւելի մեծ պատասխանատւութիւն կրի եւ օրինակ ցոյց տայ հոգեւոր առաջնորդութեան մէջ՝ իր կեանքում եւ իր խօսքով: Կինը պէտք է աւելի նուազ հեղինակաւոր դիրք ստանձնի: Սուրբ Գիրքը կնոջը յորդորում է ուսուցանել այլ կանանց (Տիտ. 2.3-5) եւ չի սահմանափակում նրանց դերը երեխաներին սովորեցնելու հարցում: Միակ սահմանափակումը տղամարդկանց սովորեցնելու եւ տղամարդկանց նկատմամբ հոգեւոր իշխանութիւն գործադրելու մէջ է: Սա էլ տրամաբանօրէն բերում է եզրակացութեան, որ կինը չպէտք է որպէս հովիւ կամ քարոզիչ ծառայի: Այս արգելքը ամենեւին չի նսեմացնում կնոջը, բնա՛ւ, այլ պարզապէս արտօնում է նրան այնպիսի ծառայութիւն, որ աւելի համահունչ է Աստուծոյ ծրագրին եւ այն պարգեւներին, որոնք Աստուած շնորհում է կնոջը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Կին հովի՞ւ, կին քարոզի՞չ: Ի՞նչ է ասում Աստուածաշունչը ծառայութիւն կատարող կանանց համար: