Ինչո՞ւ աղօթել:



Հարց. Ինչո՞ւ աղօթել: Ի՞նչ իմաստ ունի աղօթելը, եթէ Աստուած գիտի ապագան եւ արդէն իսկ հսկում է ամէն բան: Ինչո՞ւ աղօթենք, եթէ չենք կարող Աստուծոյ միտքը փոխել:

Պատասխան.
Քրիստոնեայի համար աղօթելը շնչելու պէս բան է. աւելի հեշտ է անելը, քան չանելը: Մենք աղօթում ենք ամենաբազմազան պատճառներով: Նախ՝ աղօթքը Աստծուն ծառայելու (Ղուկաս 2.36-38) եւ հնազանդուելու ձեւ է: Աղօթում ենք, որովհետեւ Աստուած պատուիրում է մեզ աղօթել (Փիլիպպեցիս 4.6-7): Աղօթքը մեզ համար օրինակ է դարձել Քրիստոսով եւ վաղ եկեղեցւով (Մարկոս 1.35, Գործք 1.14; 2.42; 3.1; 4.23-31; 6.4; 13.1-3): Եթէ Յիսուս արժանի էր գտնում աղօթելը, ապա որքան առաւել մենք: Եթէ Նա կարիք ունէր աղօթելու, որպէսզի Հօր կամքի մէջ մնար, ապա որքան առաւել մենք կարիք ունենք աղօթելու:

Աղօթելու մէկ այլ պատճառ է այն, որ Աստուած աղօթքը համարում է զանազան իրավիճակներում իր լուծումներն ստանալու միջոց: Աղօթում ենք կարեւոր վճիռների պատրաստուելիս (Ղուկաս 6.12-13), դիւական արգելքները յաղթահարելու համար (Մատթէոս 17.14-21), հոգեւոր հունձքին մշակներ հանելու (Ղուկաս 10.2), գայթակղութեանը չտրուելու ուժ գտնելու (Մատթէոս 26.41) եւ որպէս միջոց այլոց հոգեւորապէս զօրացնելու համար (Եփեսացիս 6.18-19):

Գալիս ենք Աստծուն մեր յատուկ խնդրանքներով եւ խոստում ունենք, որ մեր աղօթքները զուր չեն, նոյնիսկ եթէ որոշակիօրէն չենք ստանում այն, ինչ խնդրում ենք (Մատթէոս 6.6, Հռոմայեցիս 8.26-27): Նա խոստացել է՝ երբ խնդրում ենք իր կամքի համաձայն, տալիս է մեր խնդրանքը (Ա Յովհաննէս 5.14-15): Երբեմն առկախում է իր պատասխաններն ըստ իր իմաստութեան եւ ի շահ մեզ: Այդ դէպքում մեզ մնում է փութաջան ու հաստատակամ լինել աղօթքի մէջ (Մատթէոս 7.7, Ղուկաս 18.1-8): Աղօթքը չպէտք է համարել միջոց Աստծուն երկրի վրայ մեր կամքը կատարել պարտադրելու: Աստուծոյ իմաստւթիւնը անսահման վեր է մեր իմաստութիւնից:

Այն իրավիճակներում, երբ որոշակիօրէն չգիտենք Աստուծոյ կամքը, աղօթքը Նրա կամքը հասկանալու միջոց է: Եթէ ասորի կինը, որի դուստրը դիւահար էր, չաղօթէր Քրիստոսին, նրա դուստրը չէր բժշկուի (Մարկոս 7.26-30): Եթէ Երիքովի մօտ կոյր մարդը չաղաղակէր Քրիստոսին, ապա կոյր կմնար (Ղուկաս 18.35-43): Աստուած ասել է, որ յաճախ մենք ձեռնունայն ենք մնում, որովհետեւ չենք խնդրում (Յակոբոս 4.2): Աղօթքը ինչ-որ իմաստով նման է աւետարանը քարոզելուն: Մենք չգիտենք, թէ ով կարձագանքի աւետարանի պատգամին, քանի դեռ չենք քարոզել: Նմանապէս երբեք չենք տեսնի պատասխանուած աղօթքի արդիւնքը, մինչեւ որ չաղօթենք:

Աղօթել թերանալը թերահաւատութեան եւ Աստուծոյ Խօսքին չվստահելու նշան է: Աղօթում ենք, որպէսզի դրսեւորենք մեր հաւատն առ Աստուած, որ Նա կանի ինչպէս խոստացել է իր Խօսքում եւ կօրհնի մեր կեանքը առատապէս, առաւել, քան կարող էինք խնդրել կամ յուսալ (Եփեսացիս 3.20): Աղօթքը Աստծուն այլոց կեանքում գործելիս տեսնելու մեր գլխաւոր միջոցն է: Աղօթքով միանում ենք Աստուծոյ զօրութեանը, դա Սատանային ու իր զօրքը պարտութեան մատնելու մէր միջոցն է, առանց որի անզօր ենք յաղթելու մեր սեփական ուժերով: Արդ՝ թող որ Աստուած յաճախակի գտնի մեզ իր գահի առջեւ, քանզի Քահանայապետ ունենք երկնքում, ով կարեկից է մեր ամէն հոգսին (Եբրայեցիս 4.15-16): Նրա խոստումն ունենք, որ արդարի ջերմեռանդ աղօթքը շատ զօրաւոր եւ գործուն է (Յակոբոս 5.16-18): Թող Աստուած փառաւորի իր անունը մեր կեանքում, եւ մենք, հաւատալով Նրան, աւելի յաճախ իր առջեւ գանք աղօթքով:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ինչո՞ւ աղօթել: