Ի՞նչ է նեղութիւնը: Որտեղի՞ց գիտենք, որ նեղութիւնը տեւելու է եօթ տարի:



Հարց. Ի՞նչ է նեղութիւնը: Որտեղի՞ց գիտենք, որ նեղութիւնը տեւելու է եօթ տարի:

Պատասխան.
Նեղութիւնը ապագայ եօթնամեայ ժամանակաշրջան է, երբ Աստուած աւարտելու է Իսրայէլի դատը եւ դատաստան է բերելու անհաւատ աշխարհին: Եկեղեցին՝ բոլոր նրանք, ովքեր վստահել են Տէր Յիսուսի անձին եւ գործին, փրկուած է լինելու մեղքի պատժից եւ ներկայ չի լինելու նեղութեան ժամանակ: Եկեղեցին հեռացուած է լինելու երկրից «յափշտակութիւն» կոչուած իրադարձութեամբ (Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18, Ա Կորնթացիս 15.51-53): Եկեղեցին փրկուած է գալիք բարկութիւնից (Ա Թեսաղոնիկեցիս 5.9): Նեղութիւնը Աստուածաշնչում ակնարկւում է այլ անուններով եւս, ինչպէս՝ Տիրոջ օր (Եսայիա 2.12; 13.6-9, Յովէլ 1.15; 2.1-31; 3.14, Ա Թեսաղոնիկեցիս 5.2), նեղութիւն կամ փորձութիւն (Բ Օրինաց 4.30, Սոփոնիա 1.1), մեծ նեղութիւն, որ վերաբերում է եօթնամեայի առաւել խիստ երկրորդ կէսին (Մատթէոս 24.21), նեղութեան, տառապանքի, կործանման եւ աւերմունքի օր (Դանիէլ 12.1, Սոփոնիա 1.15), նեղութեան ժամանակ Յակոբի համար (Երեմիա 30.7):

Նեղութեան ժամանակն ու նպատակը հասկանալու համար նախ հարկ է հասկանալ Դանիէլ 9.24-27-ը: Այս հատուածում խօսւում է 70 շաբաթների մասին, որոնք վճռուած են «քո ժողովրդի» վրայ: Դանիէլի ժողովուրդը հրեաներն են, Իսրայէլ ազգը, եւ Դանիէլ 9.24-ը այն ժամանակի մասին է, որ Աստուած յատկացրել է «յանցանքը վերջացնելու, մեղքերը կնքելու, անօրէնութիւնը քաւելու, յաւիտենական արդարութիւն բերելու, տեսիլքն ու մարգարէները կնքելու եւ ամենասրբին օծելու համար»: Աստուած հռչակում է, որ «եօթանասուն եօթնեակ» ժամանակում են կատարուելու այս բոլոր բաները: Սա 70 անգամ եօթ տարի է՝ 490 տարի, եւ հաստատւում է շարունակութեան մէջ (9.25-26), որտեղ Դանիէլին ասւում է, որ «եօթ եօթնեակ եւ վաթսուներկու եօթնեակ» (ընդամենը՝ 69) է անցնելու մինչեւ Մեսիայի մահը՝ Երուսաղէմը վերաշինելու հրամանն արձակուելուց սկսած: Այսինքն՝ Երուսաղէմը վերաշինելու հրամանից 69 անգամ եօթ տարի (483 տարի) յետոյ է Մեսիան մահանալու: Աստուածաշնչեան պատմաբանները հաստատում են, որ վերոյիշեալ հրամանից մինչեւ Յիսուսի խաչելութիւնը 483 տարի է: Քրիստոնեայ գիտնականների մեծ մասը, անկախ վախճանաբանական իրենց հայեացքներից, այսպէս են հասկանում Դաիէլի 70 եօթնեակները:

Երուսաղէմը վերաշինելու հրովարտակից մինչեւ Մեսիայի մահը անցել է 483 տարի, մնում է մէկ եօթնամեայ ժամանակաշրջան, որ պիտի կատարուի ըստ Դանիէլ 9.24-ի. «յանցանքը վերջացնելու, մեղքերը կնքելու, անօրէնութիւնը քաւելու, յաւիտենական արդարութիւն բերելու, տեսիլքն ու մարգարէները կնքելու եւ ամենասրբին օծելու համար»: Այս վերջին եօթնեակն էլ հէնց յայտնի է որպէս նեղութեան շրջան, երբ Աստուած աւարտի Իսրայէլին դատելը մեղքի համար:

Դանիէլ 9.27-ը որոշ պատկերացում է տալիս նեղութեան եօթնամեայ շրջանի վերաբերեալ. «Եւ նա պիտի զօրացնի ուխտը շատերի համար մէկ եօթնեակ. եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնի զոհը եւ պատարագը. եւ տաճարի ծայրին աւերածի պղծութիւնը կլինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը թափուի աւերածի վրայ»: «Նա»-ն այստեղ այն անձն է, որի մասին Յիսուս ասաց «աւերուածի պղծութիւն» (Մատթ. 24.15), իսկ Յայտնութեան 13-ում կոչւում է «գազան»: Դանիէլ 9.27-ն ասում է, որ գազանը եօթ տարուայ ուխտ է անելու, բայց այս եօթնեակի կէսին (երեքուկէս տարի անց) դրժելու է ուխտը՝ վերջ դնելով տաճարային պաշտամունքին: Յայտնութիւն 13-ում կարդում ենք, որ գազանն իր պատկերը դնելու է տաճարում եւ պահանջելու է, որ աշխարհը երկրպագի իրեն: Ըստ Յայտնութիւն 13.5-ի՝ սա տեւելու է 42 ամիս, որ երեքեւկէս տարի է: Եւ քանի որ ըստ Դանիէլ 9.27-ի սա լինելու է եօնթեակի կէսին, եւ Յայտնութիւն 13.5-ն ասում է, որ գազանը այս անելու է 42 ամիս, դժուար չէ տեսնել, որ այս ամբողջ ժամանակաշրջանը կազմում է 84 ամիս կամ 7 տարի: Տե՛ս նաեւ Դանիէլ 7.25-ը, որտեղ «մէկ ժամանակ եւ երկու ժամանակ եւ կէս ժամանակը» («մէկ ժամանակը» = 1 տարի, «երկու ժամանակը» = 2 տարի, «կէս ժամանակը» = 1/2 տարի, ընդամենը՝ 3 եւ 1/2 տարի) նոյնպէս վերաբերում է «մեծ նեղութեանը»՝ եօթնամեայ նեղութեան երկրորդ կէսին, երբ գազանն իշխանութեան գայ:

Նեղութեան վերաբերեալ յաւելեալ տեղեկութիւնների համար տե՛ս Յայտնութիւն 11.2-3-ը, որտեղ խօսւում է 1260 օրուայ եւ 42 ամսուայ մասին, եւ Դանիէլ 12.11-12-ը, որտեղ ասւում է 1290 օր եւ 1335 օր: Այս օրերը վերաբերում են նեղութեան շրջանի միջնամասին: Իսկ Դանիէլի 12 գլխի մնացած օրերը հաւանաբար ներառում են վերջին ժամանակը ազգերի դատաստանի համար (Մատթէոս 25.31-46) եւ Քրիստոսի հազարամեայ թագաւորութիւնը հաստատելու ժամանակը (Յայտնութիւն 20.4-6):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նեղութիւնը: Որտեղի՞ց գիտենք, որ նեղութիւնը տեւելու է եօթ տարի: