Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դաջուածքների, փիրսինգի մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դաջուածքների, փիրսինգի մասին:

Պատասխան.
Հին Կտակարանի օրէնքը իսրայէլացիներին պատուիրում էր. «Եւ մէկի համար ձեր մարմնի վրայ վէտեր չանէ՛ք եւ ձեր վրայ կտկտած գրի նշան չանէ՛ք. ես եմ Տէրը» (Ղեւտ. 19.28): Յետեւաբար, թէեւ այսօրուայ հաւատացեալները հինկտակարանային օրէնքի տակ չեն (Հռոմ. 10.4, Գաղ. 3.23-25, Եփես. 2.15), այն փաստը, որ դաջուածքի դէմ հրահանգ կայ, արդէն իսկ հարցեր է յարուցում եւ ստիպում է մտածել: Նոր Կտակարանում ոչինչ չի ասւում՝ հաւատացեալին վայել է դաջուածք անել, թէ ոչ:

Մարմնի դաջուածքների եւ փիրսինգի վերաբերեալ լաւ կլինի խորհել՝ արդեօք կարող ենք ազնուօրէն, մաքուր խղճմտանքով խնդրել Աստծուն, որ օրհնի եւ գործածի դրանք Իր նպատակների համար: «Արդ՝ ուտէք թէ խմէք, ինչ գործ էլ որ անէք, ամէն բան Աստուծոյ փառքի համա՛ր արէք» (Ա Կորնթ. 10.31): Նոր Կտակարանը չի արգելում դաջուածք կամ փիրսինգ անելը, բայց նաեւ հիմք չի տալիս կարծելու, թէ դա Աստուծոյ կամքն է կամ հաճոյ է Նրան:

Աստուածաշնչեան կարեւոր սկզբունքը այն հարցերի վերաբերեալ, որոնց մասին Սուրբ Գրքում յատուկ չի խօսւում, հետեւեալն է՝ արդեօք որեւէ կասկած ունենք տուեալ խնդրի առնչութեամբ: Եթէ դոյզն-ինչ կասկած ունենք, որ դա Աստծուն հաճելի չէ, լաւ է, որ բնաւ չանենք: Հռոմայեցիս 14.23-ը յիշեցնում է մեզ. «ամէն բան, որ հաւատից չէ, մեղք է»: Յիշե՛նք, որ մեր մարմինը եւ հոգին փրկագնուած են եւ պատկանում են Աստծուն: Թէեւ Ա Կորնթացիս 6.19-20 հատուածը ուղղակիօրէն դաջուածքին կամ փիրսինգին չի վերաբերում, սակայն տալիս է կիրառելի սկզբունքը. «Չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մէջ է, եւ որն Աստծուց ունէք, եւ դուք ձեր անձի տէրը չէք: Քանի որ մեծ գնով էք գնուել, ուստի փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմնում եւ հոգում, որոնք Աստծունն են»: Այս մեծ ճշմարտութիւնը պէտք է իրապէս որոշի՝ ինչ ենք անում եւ ուր ենք գնում մեր մարմնով: Եթէ մեր մարմինը պատկանում է Աստծուն, ապա պէտք է վստահ լինենք, որ մեր մարմնի վրայ դաջուածք կամ փիրսինգ կամ որեւէ նշանով ու գրով որեւէ բան անելուց առաջ Նրա հաստատ «թոյլատրութիւնը» ունենք:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը դաջուածքների, փիրսինգի մասին: