Ի՞նչ է փոխանորդ քաւութիւնը:



Հարց. Ի՞նչ է փոխանորդ քաւութիւնը:

Պատասխան.
Փոխանորդ քաւութիւնը վերաբերում է Յիսուս Քրիստոսի մահուանը որպէս մեղաւորների փոխանորդ: Աստուածաշունչն ասում է, որ բոլոր մարդիկ մեղաւոր են (Հռոմայեցիս 3.9-18, 23): Մեր մեղսաւորութեան պատիժը մահն է: Հռոմայեցիս 6.23-ում կարդում ենք. «Որովհետեւ մեղքի վարձքը մահ է, իսկ Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսում»:

Այս համարը մի քանի բան է սովորեցնում մեզ: Առանց Քրիստոսի մենք կմեռնենք եւ յաւիտենութիւնը կանցկացնենք դժոխքում՝ որպէս պատիժ մեր մեղքերի համար: Մահը Սուրբ Գրքում նշանակում է «բաժանում»: Բոլորն են մեռնելու, բայց ոմանք յաւիտեան ապրելու են Տիրոջ հետ երկնքում, ոմանք էլ յաւիտեան ապրելու են դժոխքում: Մահը, որի մասին խօսւում է այստեղ, կեանքն է դժոխքում: Երկրորդ բանը, որ սովորում ենք այս համարից, այն է, որ յաւիտենական կեանքը մատչելի է Յիսուս Քրիստոսով: Այս է Նրա փոխանորդ քաւութիւնը:

Յիսուս Քրիստոս մեռաւ մեր փոխարէն, երբ խաչուեց: Մենք էինք արժանի այդ խաչի վրայ մեռնելու, որովհետեւ մենք ենք մեղսալի կեանք ապրում: Բայց Քրիստոս Իր վրայ առաւ պատիժը մեր փոխարէն, Նա մեր փոխանորդը եղաւ եւ առաւ այն, ինչին մենք էին արժանի իրաւամբ: «Աստուած Նրան, որ մեղք չգիտէր, մեզ համար մեղք արեց, որպէսզի մենք Նրա մէջ Աստուծոյ արդարները լինենք» (Բ Կորնթ. 5.21):

«Նա ինքը մեր մեղքերն իր մարմնի մէջ խաչափայտի վրայ հանեց, որ մեղքերից հեռանալով՝ արդարութեան համար ապրենք. Նրա վէրքերով բժշկուեցիք» (Ա Պետր. 2.24): Դարձեալ տեսնում ենք, որ Քրիստոս մեր գործած մեղքերն Իր վրայ առաւ մեր փոխարէն գինը հատուցելու: Նոյն Թղթում կարդում ենք՝ «Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեց, այն Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ Աստծուն մօտեցնի. թէեւ Նա մարմնով մեռաւ, բայց կենդանի եղաւ Հոգով» (Ա Պետր. 3.18): Այս խօսքերը սովորեցնում են մեզ, որ Քրիստոս ոչ միայն մեր փոխանորդն էր, այլեւ քաւութիւնը. Նա հատուցեց մարդու մեղաւորութեան պատժի գինը:

Մէկ այլ հատուած, որ խօսում է փոխանորդ քաւութեան մասին, Եսայիա 53.5-ն է: Սա գալիք Քրիստոսի մասին է, որ պիտի խաչի վրայ մեռնէր մեր մեղքերի համար: Այս մարգարէութիւնը բացառիկ մանրամասն է, խաչելութիւնը եղաւ ճիշտ այնպէս, ինչպէս կանխասուել էր: «Բայց Նա մեր մեղքերի համար խոցուեց եւ մեր անօրէնութիւնների համար զարկուեց, մեր խաղաղութեան պատիժը Նրա վրայ եղաւ, եւ Նրա վէրքերով մենք բժշկուեցինք»: Նկատեցի՞ք փոխանորդութիւնը: Դարձեալ տեսնում ենք, որ Քրիստոս վճարեց գինը մեր փոխարէն:

Մենք մեղքի գինը ինքնուրոյն կարող ենք վճարել պատժուելով եւ ողջ յաւիտենութիւնը դժոխքում լինելով: Բայց Աստուծոյ Որդին՝ Յիսուս Քրիստոս, աշխարհ եկաւ մեր մեղքերի գինը հատուցելու: Եվ քանի որ Նա արեց այս մեզ համար, մենք այժմ պատեհութիւն ունենք ոչ միայն մեր մեղքերի ներում ստանալու, այլեւ յաւիտենութիւնը Նրա հետ ապրելու: Իսկ դրա համար պէտք է հաւատ ընծայենք այն ամենին, որ Քրիստոս արեց խաչի վրայ: Մենք չենք կարող փրկել ինքներս մեզ, անհրաժեշտ է փոխանորդ, որ փոխարինի մեզ: Այդ փոխարինողը Յիսուս Քրիստոսն է, իսկ Նրա մահը՝ փոխանորդ քաւութիւնը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է փոխանորդ քաւութիւնը: