Ի՞նչ է մեղաւորի աղօթքը:



Հարց. Ի՞նչ է մեղաւորի աղօթքը:

Պատասխան.
Մեղաւորի աղօթքը այն աղօթքն է, որով մարդը դիմում է Աստծուն, երբ հասկանում է, որ մեղաւոր է եւ Փրկիչի կարիք ունի: Մեղաւորի աղօթքն արտասանելն ինքնին ոչինչ չի իրագործում: Մեղաւորի անկեղծ աղօթքը սոսկ արտայայտում է այն, ինչ մարդը գիտի, հասկանում կամ համոզուած է իր մեղաւոր բնութեան եւ փրկութեան անհրաժեշտութեան վերաբերեալ:

Մեղաւորի աղօթքի առաջին նշանակութիւնը հասկանալն է, որ մենք բոլորս էլ մեղաւոր ենք: Հռոմ. 3.10-ը պարզ ասում է. «Ինչպէս գրուած է, թէ՝ «Արդար չկայ մէ՛կն էլ չկայ»: Աստուածաշունչը շատ պարզ է ասում, որ մենք բոլորս էլ մեղանչական ենք, բոլորս էլ մեղաւոր ենք եւ Աստուծոյ ողորմութեան ու ներումի կարիքն ունենք (Տիտ. 3.5-7): Մեր մեղքի պատճառով արժանի ենք յաւիտենական պատժի (Մատթ. 25.46): Մեղաւորի աղօթքը խնդրանք է՝ ստանալու շնորհ, ոչ թէ դատապարտութիւն, ողորմութիւն՝ բարկութեան փոխարէն:

Մեղաւորի աղօթքի երկրորդ նշանակութիւնը գիտակցելն է, թէ Աստուած ինչ է արել մեր թշուառ ու մեղաւոր վիճակը դարմանելու համար: Աստուած մարմնացաւ, մարդացաւ Յիսուս Քրիստոսի անձի մէջ (Յովհ. 1.1,14): Յիսուս սովորեցրեց մեզ ճշմարտութիւնն Աստուծոյ մասին եւ արդար ու անմեղ կեանք ապրեց (Յովհ. 8.46, Բ Կորնթ. 5.21): Յիսուս, խաչի վրայ մեռնելով, կրեց այն պատիժը, որին մենք էինք արժանի (Հռոմ. 5.8): Յիսուս յարութիւն առաւ մեռելներից եւ ապացուցեց Իր յաղթութիւնը մեղքի, մահուան եւ դժոխքի վրայ (Կող. 2.15, Ա Կորնթ. 15): Որպէս արդիւնք այս ամենի, մենք կարող ենք ներում ստանալ մեր մեղքերի համար եւ յաւիտենական տուն՝ Երկնքում, եթէ միայն հաւատանք Յիսուս Քրիստոսին: Մեզ մնում է միայն հաւատալ, որ Նա մեռաւ մեր փոխարէն եւ յարութիւն առաւ մեռելներից (Հռոմ. 10.9-10): Մենք կարող ենք փրկուել միայն շնորհով, միայն հաւատով, միայն Յիսուս Քրիստոսով: Եփեսացիս 2.8-ը ազդարարում է. «Որովհետեւ շնորհով էք փրկուած հաւատքի միջոցով, եւ սա ոչ թէ ձեզնից է, հապա Աստուծոյ պարգեւն է»:

Մեղաւորի աղօթքն արտասանելը պարզապէս միջոց է Աստծուն ասելու, որ ապաւինում ես Յիսուս Քրիստոսին՝ քո Փրկչին: Աղօթքի մէջ «մոգական» բառեր չկան, որոնցով փրկուես: Միմիայն Յիսուսի մահուանը եւ յարութեանը հաւատալով կարող ենք փրկուել: Եթէ գիտակցում ես, որ մեղաւոր ես եւ փրկութեան կարիք ունես Յիսուս Քրիստոսով, ահա մեղաւորի աղօթքը, որով կարող ես խօսել Աստուծոյ հետ. «Տէ՛ր իմ Աստուած, գիտակցում եմ, որ մեղաւոր եմ: Հասկանում եմ, որ արժանի եմ մեղքիս հետեւանքները կրելու: Բայց ես վստահում եմ Յիսուս Քրիստոս իմ Փրկչին, հաւատում եմ, որ Նրա մահն ու յարութիւնը ապահովում են իմ թողութիւնը: Հաւատում եմ Յիսուսին, ապաւինում եմ Նրան իբրեւ իմ միակ Տիրոջ եւ Փրկչի: Գոհանում եմ, Տէ՛ր, ինձ փրկելու եւ ներելու համար: Ամէն»:

Քրիստոսին դառնալու վճիռդ այս էջը կարդալու պատճառո՞վ է: Եթէ այո՝ սեղմիր «Այսօր ընդունեցի Քրիստոսին» կոճակը ստորեւ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է մեղաւորի աղօթքը: