Որո՞նք են վերջին օրերի նշանները:



Հարց. Որո՞նք են վերջին օրերի նշանները:

Պատասխան.
Մատթէոս 24.5-8 հատուածը կարեւոր մի քանի «բանալի» է տալիս մեզ՝ բացելու վերջին օրերի գաղտնիքը: «Որովհետեւ շատերն իմ անունով կգան ու կասեն՝ “Ես եմ Քրիստոսը”, եւ շատերի կմոլորեցնեն: Պատերազմներ ու պատերազմների լուրեր կլսէք. նայեցէ՛ք, որ չսարսափէք, որովհետեւ դրանք բոլորը պէտք է լինեն, սակայն դեռ վերջը չէ: Որովհետեւ ազգն ազգի դէմ կելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. սովեր կլինեն եւ տարաժամ մահեր. տեղ-տեղ երկրաշարժեր կլինեն: Բայց այս ամենը երկունքի սկիզբն է»: Շատանալու են սուտ մեսիաները, պատերազմները, սովը, արհաւիրքներն ու բնական աղէտները՝ սրանք են վերջին օրերի նշանները: Նաեւ զգուշացում է տալիս մեզ, որ չխաբուենք, որովհետեւ այս իրադարձութիւնները երկունքի ցաւերի սկիզբն են միայն, վերջը դեռ գալու է:

Որոշ մեկնիչներ ամէն երկրաշարժ, քաղաքական ամէն վայրիվերում, Իսրայէլի դէմ սանձազերծած ամէն մի յարձակում մատնացոյց են անում իբրեւ վերջին օրերի մօտենալու հաստատ նշան: Այս կամ այն դէպքը կարող է թերեւս վերջին օրերի մօտենալու ազդանշան լինել, բայց չի կարելի հաստատապէս պնդել, թէ ահա վերջը եկել է: Պօղոս առաքեալը զգուշացնում էր, որ վերջին օրերը բերելու են նաեւ սուտ վարդապետութեան տարածման աննախադէպ աճ: «Հոգին յայտնապէս ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հաւատից կհեռանան եւ կհետեւեն մոլար ոգիների ու դեւերի ուսմունքների» (Ա Տիմոթէոս 4.1): Վերջին օրերը մարդու չար բնութեան եւ ճշմարտութեանը հակառակուող մարդկանց պատճառով բնութագրւում են որպէս «չար ժամանակներ» (Բ Տիմոթէոս 3.1-9, տե՛ս նաեւ Բ Թեսաղոնիկեցիս 2.3):

Հնարաւոր այլ նշաններ են հրէական տաճարի վերակառուցումը Երուսաղէմում, յարաճուն թշնամանքը Իսրայէլի դէմ եւ որոշակի քայլերը համաշխարհային միացեալ կառավարութեան ստեղծման ուղղութեամբ: Վերջին ժամանակների ամենակարեւոր նշանը թերեւս Իսրայէլ պետութիւնն է: 1948 թ. Իսրայէլը ճանաչուեց որպէս անկախ պետութիւն, ըստ էութեան առաջին անգամ մ. թ. 70 թվականից ի վեր: Աստուած Աբրահամին խոստացել էր, որ նրա սերունդը պիտի սեփականէր Քանանը որպէս «յաւիտենական ժառանգութիւն» (Ծննդ. 17.8), իսկ Եզեկիէլը մարգարէացել էր Իսրայէլի ֆիզիկական եւ հոգեւոր վերականգնումը (Եզեկիէլ 37): Իսրայէլ պետութեան գոյութիւնն իր իսկ հողի վրայ կարեւոր է վերջին ժամանակների մարգարէութեան լոյսի ներքո վախճանաբանութեան մէջ Իսրայէլի յոյժ կարեւոր նշանակութեան պատճառով (Դանիէլ 10.14; 11.41, Յայտնութիւն 11.8):

Ահա այս նշաններն ի մտի առնելով՝ կարող ենք խելամտօրէն կողմնորոշուել վերջին ժամանակների ակնկալիքներում: Այդուհանդերձ, չի կարելի այդ առանձին նշանները մեկնել որպէս աշխարհի վերջի մօտալուտ գալուստ: Աստուած մեզ բաւականաչափ տեղեկութիւն է յայտնել, որպէսզի պատրաստ լինենք, իսկ մենք կոչուած ենք հէնց պատրաստ լինելու:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Որո՞նք են վերջին օրերի նշանները: