Ի՞նչ է ասում Աստուածաշունչը ռասիզմի, խտրականութեան եւ նախապաշարմունքի մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը ռասիզմի, խտրականութեան եւ նախապաշարմունքի մասին:

Պատասխան.
Առաջին բանը, որ պէտք է հասկանալ խնդրոյ առարկայի վերաբերեալ, հետեւեալն է. միայն մէկ ռասա կայ՝ մարդկային ցեղը: Կովկասցիները, աֆրիկացիները, ասիացիները, հնդիկները, արաբները, հրեաները տարբեր ռասաներ կամ տարբեր ցեղեր չեն, դրանք մարդկային ցեղի տարբեր ազգային պատկանելութիւն են: Բոլոր մարդ էակներն ունեն ֆիզիկական նոյն յատկանիշները՝ փոքր զանազանութիւններով, անշուշտ: Աւելի կարեւոր է այն, որ բոլոր մարդիկ ստեղծուած են Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ (Ծննդոց 1.26-27): Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ Յիսուսին ուղարկեց իր կեանքը դնելու մեզ համար (Յովհաննէս 3.16): «Աշխարհը» ակնյայտօրէն ներառում է բոլոր ազգերը:

Աստուած կողմնակալութիւն կամ աչառութիւն չի անում (Բ Օրինաց 10.17, Գործք 10.34, Հռոմայեցիս 2.11, Եփեսացիս 6.9), մենք նոյնպէս չպէտք է անենք: Յակոբոս 2.4-ը խտրութիւն անողներին անուանում է «չար խորհուրդների դատաւորներ»: Մենք կոչուած ենք սիրելու մեր մերձաւորին, ինչպէս մեր անձը (Յակոբոս 2.8): Հին Կտակարանում Աստուած մարդկութեանը բաժանել էր երկու «ցեղի»՝ հրեաների եւ հեթանոսների: Աստուծոյ մտադրութիւնը հրեաների համար քահանաների թագաւորութիւն լինելն էր՝ հեթանոս ազգերին օրինակ ծառայող: Փոխարէնը հրեաներն ընդհանուր առմամբ հպարտացան իրենց կարգավիճակով եւ արհամարհեցին հեթանոսներին: Յիսուս Քրիստոս վերջ դրեց սրան՝ կործանելով թշնամութեան բաժանարար պարիսպը (Եփեսացիս 2.14): Ամէն տեսակ ռասիզմ, նախապաշարում եւ խտրականութիւն անարգանք է խաչի վրայ Քրիստոսի գործին:

Յիսուս պատուիրում է մեզ սիրել միմեանց, ինչպէս Ինքը սիրեց մեզ (Յովհաննէս 13.34): Եթէ Աստուած անկողմնակալ է եւ սիրում է մեզ անաչառութեամբ, ապա մենք էլ պիտի սիրենք այլոց նոյն բարձր չափանիշով: Մատթէոս 25 գլխում Յիսուս սովորեցնում է, որ ինչ էլ որ անենք Իր եղբայրներից ամենափոքրի համար, Իր համար ենք անում: Եթէ քամահրանքով ենք վարւում մարդու հետ, ապա անարգում ենք Աստուծոյ պատկերով ստեղծուած մարդուն, վիրաւորում ենք մէկին, ում Աստուած սիրում է, եւ ում համար Յիսուս մեռաւ:

Ռասիզմը, զանազան կերպերի եւ տարբեր աստիճանի, հազարաւոր տարիներ աղէտ է եղել մարդկութեան վրայ: Ամէն ազգի եղբայրնե՛ր եւ քոյրե՛ր, դա չպէտք է լինի այլեւս: Ռասիզմի, նախապաշարումի եւ խտրականութեան զոհերը պէտք է իրենց մէջ ուժ գտնեն ներելու: Եփեսացիս 4.32-ը ասում է. «Իրար հետ քա՛ղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս որ Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց»: Ռասիստները գուցէ եւ արժանի չեն ձեր ներումին, բայց մենք առաւել արժանի չէինք Աստուծոյ ներումին: Նրանք, ովքեր տուրք են տալիս ռասիզմին, նախապաշարմունքին եւ խտրականութեանը, պէտք է ապաշխարեն: «Եւ ձեր անդամները, որպէս անիրաւութեան գործիք, մի յանձնէ՛ք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրէք Աստծուն, որպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամները՝ արդարութեան գործիք՝ Աստծուն» (Հռոմ. 6.13): Թող որ կատարուի Գաղատացիս 3.28 խօսքը՝ «Այլեւս ո՛չ հրեայ կայ, ո՛չ էլ յոյն, ո՛չ ծառայ կայ, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կայ, ո՛չ էլ էգ, որովհետեւ ամենքդ մէկ էք Յիսուս Քրիստոսվ»:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը ռասիզմի, խտրականութեան եւ նախապաշարմունքի մասին: