Ի՞նչ է «նախահազարամեայի» տեսութիւնը:



Հարց. Ի՞նչ է «նախահազարամեայի» տեսութիւնը:

Պատասխան.
«Նախահազարամեան» մի տեսակէտ է, ըստ որի Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է մինչեւ իր հազարամեայ թագաւորութիւնը, եւ որ հազարամեայ թագաւորութիւնը Քրիստոսի բառացիօրէն 1000 տարուայ իշխանութիւնն է երկրի վրայ: Վախճանի ժամանակի իրադարձութիւններին վերաբերող աստուածաշնչային հատուածները հասկանալու եւ մեկնելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ երկու բան՝ Սուրբ Գրոց մեկնութեան պատշաճ մեթոդը եւ Իսրայէլի (հրեաների) ու եկեղեցու (Յիսուս Քրիստոսում բոլոր հաւատացեալների հանրութիւնը՝ մարմինը) զանազանումը:

Նախ՝ Սուրբ Գրքի պատշաճ մեկնութիւնը պահանջում է Աստուածաշունչը մեկնել այնպէս, որ համապատասխանի իր շրջարկին (համատեքստին): Սա նշանակում է՝ սուրբգրային որեւէ հատուած պէտք է մեկնել այնպէս, որ համահունչ լինի այն լսարանին, որին, որի մասին, որի կողմից այն գրուել է: Յոյժ կարեւոր է իմանալ՝ ով է հեղինակը, ում է հասցէագրուած տուեալ խօսքը եւ պատմական ինչ պայմաններում, ինչ հէնքի վրայ է գրուել այդ խօսքը: Հատուածի ճիշտ իմաստը հասկանալուն մեծապէս նպաստում է պատմա-մշակութային միջավայրը իմանալը: Հարկ է յիշել նաեւ, որ Աստուածաշունչը մեկնում է ինքն իրեն, այսինքն՝ որեւէ հատուած խօսում է մի բանի մասին, որին անդրադառնում է մէկ այլ հատուածում նոյնպէս: Շատ կարեւոր է բոլոր այսպիսի հատուածները մեկնել մէկը միւսին ներդաշնակ կերպով:

Վերջապէս, եւ ամենակարեւորը, սուրբգրային հատուածը պէտք է դիտարկել իր բնականոն, պարզ, առօրեական, բառացի իմաստով, եթէ հատուածի բովանդակութիւնը բնոյթով փոխաբերական կամ դարձուածային չէ: Բառացի մեկնութիւնը չի բացառում դարձուածների կիրառութիւնը: Աւելին, մեկնիչից պահանջում է դարձուածային իմաստ չդնել այնտեղ, որտեղ խօսքը պարզ ու բառացի է, առանց դարձուածաբանութեան: Երբեք չփորձել «խորունկ», «աւելի հոգեւոր» իմաստ փնտրել, քան կայ: Խօսքը «հոգեւորեցնելը» վտանգաւոր է, որովհետեւ ընթերցողի մտքում խարխլում է Սուրբ Գրքից ճշգրիտ մեկնութիւն կատարելու հիմքը: Այդ դէպքում մեկնութեան համար առարկայական չափանիշ չի մնայ, աստուածաշնչեան իմաստը կդառնայ ամէն մէկի սեփական տպաւորութեան գերին: Բ Պետրոս 1.20-21-ը յիշեցնում է մեզ, որ «Գրքի ամէն մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ մարդիկ Աստծուց խօսեցին՝ Սուրբ Հոգուց մղուած»:

Սուրբ Գրքի մեկնութեան այս սկզբունքները կիրառելիս հարկ է յիշել նաեւ, որ Իսրայէլը (Աբրահամի մարմնաւոր յետնորդները) եւ եկեղեցին (Նոր Կտակարանի բոլոր հաւատացեալները) երկու տարբեր խմբեր են: Խիստ կարեւոր է հասկանալ, որ Իսրայէլը եւ եկեղեցին տարբեր են, որովհետեւ հակառակ դէպքում սխալ կհասկանանք Աստուածաշունչը: Թիւր մեկնութեան հակամէտ են յատկապէս այն հատուածները, որտեղ խօսւում է Իսրայէլին արուած խոստումների մասին (ե՛ւ կատարուած, ե՛ւ կատարուելիք): Այս խոստումները չպէտք է վերագրել եկեղեցուն: Յիշե՛նք. հատուածի համատեքստն է որոշում, թէ ում է ուղղուած խօսքը, համատեքստը մատնացոյց է անում ստոյգ մեկնութիւնը:

Ահա այս հասկացութիւններն ի մտի առնելով միայն կարող ենք դիտարկել նախահազարամեայի վերաբերեալ աստուածաշնչեան տեսակէտը: Այսպես, Ծննդոց 12.1-3-ում ասւում է. «Եւ Տէրը ասաց Աբրամին. “Թո՛ղ քո երկիրը, քո ազգականներին եւ քո հօր տունը եւ գնա՛ այն երկիրը, որ ես քեզ պիտի ցոյց տամ: Եւ քեզ մեծ ազգ պիտի անեմ ու քեզ պիտի օրհնեմ եւ քո անունը պիտի մեծացնեմ, եւ դու օրհնեալ պիտի լինես: Եւ քեզ օրհնողներին պիտի օրհնեմ եւ քեզ անիծողներին պիտի անիծեմ, եւ երկրի բոլոր ազգերը քեզնով պիտի օրհնուեն”»:

Աստուած այստեղ երեք բան է խոստանում Աբրահամին. Աբրահամը բազում սերունդներ է ունենալու, նրանք պիտի տիրեն ու սեփականեն այն երկիրը, որ Աստուած կտայ, եւ համընդհանուր օրհնութիւն է գալու մարդկութեանը Աբրահամի տոհմից՝ հրեաներից: Ծննդոց 15.9-17-ում Աստուած վաւերացնում է իր ուխտը Աբրահամի հետ եւ դա անում է այնպէս, որ իր վրայ է առնում ուխտը կատարելու բացառիկ պարտաւորութիւնը: Այսինքն՝ Աբրահամը չէր կարող որեւէ բան անել կամ որեւէ բանում թերանալ, որ չեղեալ անէր Աստուծոյ ուխտը: Այս հատուածում նաեւ սահմաններն են տրւում այն երկրի, որ հրեաներն ի վերջո տիրելու էին: (Սահմանների վերաբերեալ մանրամասները տե՛ս Բ Օրինաց 34 գլխում:) Երկրի խոստման այլ հատուածներից են Բ Օրինաց 30.3-5 եւ Եզեկիէլ 20.42-44-ը:

Բ Թագաւորաց 7.10-17-ում կարդում ենք Աստուծոյ խոստումը Դաւիթ թագաւորին: Աստուած խոստանում է Դաւթին մեծ սերունդ, եւ այդ սերնդից հաստատուելու է յաւիտենական թագաւորութիւնը: Վերաբերում է Քրիստոսի թագաւորութեանը հազարամեայի ընթացքում եւ յաւիտեան: Միշտ յիշենք, որ այս խոստումը պէտք կատարուի բառացիօրէն եւ առայժմ չի կատարուել: Ոմանք ասում են, թէ Սողոմոնի իշխանութիւնն էր այս մարգարէութեան բառացի կատարումը, բայց այս պնդումը թերի է: Տարածքը, որին իշխում էր Սողոմոնը, այսօր Իսրայէլինը չէ, եւ ոչ էլ Սողոմոնն է Իսրայէլի կառավարիչն այսօր: Չմոռանանք, որ Աստուած Աբրահամին խոստացել էր, որ նրա սերունդները պիտի տիրէին երկրին յաւիտեան: Ապա՝ Բ Թագաւորաց 7 գլուխը վկայում է, որ Աստուած պիտի մի թագաւոր կարգի, որի իշխանութիւնը յաւիտեան է: Սողոմոնը չէր կարող Դաւթին տրուած խոստման կատարումը լինել: Հետեւաբար, սա այնպիսի խոստում է, որը դեռ պիտի կատարուի:

Ահա այս ամենն ի մտի առնելով՝ տեսնենք, թէ ինչ է գրուած Յայտնութիւն 20.1-7-ում: Հազար տարին, որ շարունակ կրկնւում է այս հատուածում, վերաբերում է Քրիստոսի բառացիօրէն 1000-ամեայ իշխանութեանը երկրի վրայ: Դարձեալ յիշենք, որ արքայի վերաբերեալ Դաւթին տուած խոստումը պէտք է կատարուէր բառացի եւ դեռեւս չի կատարուել: Նախահազարամեայի տեսութիւնը այս հատուածը դիտարկում է որպէս այդ խոստման գալիք կատարում գահին բազմած Քրիստոսով: Աստուած անվերապահ ուխտեր է արել Աբրահամի եւ Դաւթի հետ. դրանցից եւ ոչ մէկը լիովին կամ մշտապէս չի կատարուել դեռեւս: Քրիստոսի ֆիզիկական, բառացի, ճշգրիտ թագաւորումը ուխտերի կատարման միակ ձեւն է Աստուծոյ խոստման համաձայն:

Սուրբ Գրքի մեկնութեան բառացի մեթոդի կիրառումը բոլոր մասերն ի մի բերելով կարծես ամբողջացնում է պատկերը: Յիսուսի առաջին գալստեան վերաբերեալ հինկտակարանային մարգարէութիւնները կատարուել են ստոյգ եւ բառացիօրէն: Պէտք է ակնկալել, հետեւապէս, որ Նրա երկրորդ գալստեան մարգարէութիւնները նոյնպէս կատարուելու են բառացիօրէն: Հազարամեայի տեսութիւնը միակ համակարգն է, որը համահունչ է Աստուծոյ ուխտերի եւ վերջին օրերի վերաբերեալ մարգարէութիւնների բառացի մեկնութեանը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է «նախահազարամեայի» տեսութիւնը: