Արդեօ՞ք ընդունելի է շարունակ աղօթել միեւնոյն բանի համար, թէ՞ պէտք է միայն մէկ անգամ խնդրել:



Հարց. Արդեօ՞ք ընդունելի է շարունակ աղօթել միեւնոյն բանի համար, թէ՞ պէտք է միայն մէկ անգամ խնդրել:

Պատասխան.
Ղուկաս 18.1-7-ում Յիսուս մի առակի օրինակով բացատրում է աղօթքի մէջ յարատեւելու կարեւորութիւնը: Պատմում է մի այրի կնոջ մասին, ով գալիս է մի անիրաւ դատաւորի մօտ իր հակառակորդի դէմ արդարութիւն որոնելու: Կնոջ յամառութեան շնորհիւ դատաւորի գութը շարժւում է: Յիսուս ուզում է ասել, որ եթէ մի անիրաւ դատաւոր ի վերջոյ բաւարարում է յամառ խնդրառուի արդարութեան պահանջը, որքա՜ն առաւել մեզ՝ «իր ընտրեալներին» (18.7) սիրող Աստուած կպատասխանի մեր աղօթքին, եթէ շարունակ աղօթենք: Առակը չի ասում (ինչպէս սխալաբար կարծում են), որ եթէ մի բանի համար անդադար աղօթենք, Աստուած պարտաւորուած կլինի տալու մեզ մեր խնդրածը: Փոխարենը Աստուած խոստանում է լուծել իրենների վրէժը, պաշտպանել նրանց դատը, ուղղել նրանց սխալները, արդարութիւն անել նրանց եւ ազատել իրենց հակառակորդներից: Նա այս ամենն անում է ի սէր իր արդարամտութեան եւ սրբութեան, որովհետեւ ատում է մեղքը. աղօթքին պատասխանելով՝ Նա պահում է իր խոստումը եւ դրսեւորում է իր իշխանութիւնը:

Յիսուս աղօթքի մէկ այլ օրինակ է բերում Ղուկաս 11.5-12-ում: Անիրաւ դատաւորի առակի նմանութեամբ՝ Յիսուսի պատգամն այս հատուածում հետեւեալն է. եթէ մարդ իրեն նեղութիւն տայ կարիքաւոր բարեկամի խնդրանքը կատարելու, Աստուած առաւել եւս կհոգայ մեր կարիքները, քանի որ ոչ մի խնդրանք նեղութիւն չէ Նրա համար: Այստեղ նոյնպէս խոստումն այն չէ, թէ ինչ որ խնդրենք՝ կստանանք, միայն թէ անդադար խնդրենք: Աստուած իր զաւակներին խոստանում է հոգալ նրանց կարիքները, ոչ թէ սպասարկել նրանց ցանկութիւնները: Նա շատ աւելի լաւ գիտէ մեր կարիքները, քան մենք: Նոյն խոստումը կրկնւում է Մատթէոս 7.7-11 եւ Ղուկաս 11.13-ում, որտեղ «բարի պարգեւը», ինչպէս պարզւում է, Սուրբ Հոգին է:

Զոյգ հատուածն էլ յորդորում է մեզ աղօթել եւ յարատեւել աղօթքի մէջ: Ոչ մի սխալ բան չկայ շարունակ նոյն բանը խնդրելու մէջ: Եթէ խնդրածդ Աստուծոյ կամքով է (Ա Յովհաննէս 5.14-15), խնդրի՛ր, մինչեւ որ Աստուած բաւարարի խնդրանքդ կամ հեռացնի այն քո սրտից: Աստուած երբեմն ստիպում է մեզ սպասել մեր աղօթքի պատասխանին, որպէսզի համբերութիւն եւ հաստատակամութիւն սովորեցնի մեզ: Երբեմն որեւէ բան ենք խնդրում, որը մեր կեանքում դեռեւս տարաժամ է ըստ Աստուծոյ ժամանակացոյցի: Երբեմն էլ մի բան ենք խնդրում, որ բնաւ Աստուծոյ կամքը չէ մեզ համար, եւ նա ասում է «ոչ»: Աղօթքը միայն մեր խնդրանք ներկայացնելը չէ Աստծուն, աղօթքը նաեւ Աստուծոյ կամքը ներկայացնելն է մեր սրտին: Շարունակէ՛ք խնդրել, շարունակէ՛ք բախել եւ փնտրել մինչեւ որ Աստուած բաւարարի ձեր խնդրանքը կամ համոզի ձեզ, որ այդ խնդրանքն իր կամքը չէ ձեզ համար:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Արդեօ՞ք ընդունելի է շարունակ աղօթել միեւնոյն բանի համար, թէ՞ պէտք է միայն մէկ անգամ խնդրել: