settings icon
share icon
Հարց

Պե՞տք է արդյոք հավատալ կազմակերպված կրոնին:

Պատասխան


Բացատրական բառարանը «կրոնը» սահմանում է որպես «Աստծո կամ աստվածների հանդեպ հավատ, որը, սովորաբար, արտահայտվում է հատուկ գործողությունների կամ ծիսակարգերի միջոցով։ Կրոնը հավատալիքների մի հատուկ համակարգ է, որը ներառում է պաշտամունք, երկրպագություն և այլն, ինչը հաճախ զուգորդվում է նաև էթիկական որոշակի սկզբունքների առկայությամբ»։ Եթե առաջնորդվենք այս սահմանմամբ, ապա պետք է նշել, որ Աստվածաշունչը խոսում է կազմակերպված կրոնի մասին, սակայն ոչ դրական լույսի ներքո։

Ծննդոց 11-րդ գլխում հանդիպում ենք կազմակերպված կրոնի, թերևս, առաջին հիշատակմանը։ Նոյի սերունդները համախմբվեցին, որպեսզի աշխարհը բնակեցնելու Աստծո պատվիրանին հնազնդվելու փոխարեն կառուցեն Բաբելոնի աշտարակը։ Նրանք հավատում էին, թե իրենց միաբանությունն ավելի կարևոր է, քան Աստծո հետ նրանց հարաբերությունը։ Աստված միջամտեց ու նրանց տարբեր լեզուներ տվեց՝ դրանով իսկ կործանելով նրանց կազմակերպված կրոնը։

Ելից 6-րդ և հաջորդող գլուխներում Աստված Ինքն է կրոն «կանոնակարգում» իսրայելացիների համար։ Տասը Պատվիրանները, խորանի վերաբերյալ օրենքները և զոհաբերությունների համակարգը հաստատվեցին Աստծո կողմից և պարտադիր էին բոլոր իսրայելացիների համար։ Հետագա ուսումնասիրությունը Նոր Կտակարանում բացահայտում է, որ այս կրոնը նպատակ էր հետապնդում մարդկանց հայացքն ուղղելու դեպի Փրկիչ-Մեսիայի կարիքը (Գաղատացիս 3, Հռոմեացիս 7)։ Այնուամենայնիվ, շատերը սխալ հասկացան այս ամենն ու Աստծուն պաշտելու փոխարեն սկսեցին երկրպագել օրենքներին ու ծեսերին։

Իսրայելի պատմության ընթացքում արձանագրված հակամարտություններից շատերը ներառում էին կազմակերպված կրոնների հետ հակամարտությունները։ Նման կրոնների օրինակներ են Բահաղի (Դատավորաց 6, Ա Թագավորաց 18), Դագոնի (Ա Թագավորաց 5) և Մողոքի (Դ Թագավորաց 23․10) պաշտամունքները։ Աստված պարտության մատնեց այդ կրոնների հետևորդներին՝ ի ցույց դնելով Իր ինքնիշխանությունն ու ամենակարողությունը։

Ավետարաններում փարիսեցիներն ու սադուկեցիները Քրիստոսին վերաբերող իրադարձություններում ներկայացվում են որպես կազմակերպված կրոնի ներկայացուցիչներ։ Տեր Հիսուս մշտապես հանդիմանում էր նրանց իրենց սուտ վարդապետությունների և կեղծավոր կենսակերպի համար։ Եկեղեցուն ուղղված թղթերում կամակերպված կրոնի խմբեր են նկարագրվում, որոնք ավետարանի ուղերձին խառնում էին որոշակի ծեսերի ու գործերի պահանջներ։ Նրանք նաև ճնշում էին գործադրում հավատացյալների վրա, որպեսզի վերջիններս փոխվեն ու ընդունեն այս «քրիստոնեությունը գումարած ինչ-որ բաներ» կրոնները։ Պողոս առաքյալը գաղատացիներին ու կողոսացիներին զգուշացնում է նման կրոնների վտանգների մասին։ Հայտնության գրքում նկարագրվում է, թե ինչպիսի ազդեցություն է թողնելու կազմակերպված կրոնը հակաքրիստոսի ժամանակներում համաշխարհային կրոն ձևավորելու հարցում։

Շատ դեպքերում կազմակերպված կրոնի ազդեցության վերջնական արդյունքը Աստծո մտադրության ձախողումն է։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը դրական է խոսում կազմակերպված հավատացյալների մասին, որոնք Իր ծրագրի մաս են կազմում։ Աստված կազմակերպված հավատացյալների այս խմբերին «եկեղեցիներ» է կոչում։ Գործք Առաքելոց գրքի և եկեղեցիներին ուղղված թղթերի մեջ առկա նկարագրությունները խոսում են այն մասին, որ եկեղեցիները պետք է լինեն անկախ ու կազմակերպված։ Համակարգվածությունը բերում է պաշտպանվածության, արդյունավետության և ավետարանչության (Գործք 2․41-47)։ Եկեղեցու պարագայում ավելի ճիշտ կլինի այն կոչել «համակարգված հարաբներություն»։

Կրոնը Աստծո հետ հաղորդակցություն ապահովելու մարդկային ջանքն է։ Քրիստոնեական հավատը հարաբերություն է Աստծո հետ՝ հիմնված մեզ համար Նրա կողմից Հիսուս Քրիստոսի զոհի շնորհիվ մեզ համար հոգացած փրկության վրա։ Հատուկ ծրագիր չկա Աստծուն գտնելու (Նա՛ է մեզ գտել՝ Հռոմեացիս 5․8)։ Չկա հպարտություն (ոչ թե մեր արժանիքը, այլ շնորհքը՝ Եփեսացիս 2․8-9)։ Չպետք է առաջնորդության կոնֆլիկտներ լինեն (Քրիստոս է գլուխը՝ Կողոսացիս 1․18)։ Չպետք է լինեն կանխատրամադրվածություններ (մենք բոլորս մեկ ենք Քրիստոսում՝ Գաղատացիս 3․28)։ Խնդիրը կազմակերպված լինելու մեջ չէ։ Սխալը կրոնական ծեսերի ու կանոնների վրա կենտրոնանալն է։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Պե՞տք է արդյոք հավատալ կազմակերպված կրոնին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries