Արդեօք Հոգու հրաշագործ պարգեւներն այսօրուայ համար են:



Հարց. Արդեօք Հոգու հրաշագործ պարգեւներն այսօրուայ համար են:

Պատասխան.
Նախ կարեւոր է գիտակցել, որ հարցն այն չէ, թէ Աստուած այսօր էլ հրաշքներ գործում է թէ ոչ: Անմտութիւն եւ հակասուրբգրային կլինէր պնդել, թէ Աստուած չի բժշկում մարդկանց, չի խօսում նրանց հետ եւ հրաշքներ ու նշաններ չի անում այսօր: Հարցն այն է, թէ Հոգու հրաշագործ պարգեւները, որոնց մասին խօսւում է Ա Կորնթացիս 12-14 գլուխներում, արդեօք մինչ օրս գործուն են եկեղեցում: Հարցն այն չէ նաեւ, թէ կարող է արդեօք Սուրբ Հոգին հրաշագործութեան պարգեւ տալ որեւէ մէկին: Հարցն այն է, թէ արդեօք Սուրբ Հոգին տակաւին շնորհում է հրաշագործութեան պարգեւները: Ամէն բանից առաւել մենք լիովին գիտակցում ենք, որ Սուրբ Հոգին ազատ է պարգեւներ շնորհելու, ինչպէս որ կամենում է (Ա Կորնթացիս 12.7-11):

«Գործք առաքելոց» գրքում եւ Թղթերում հրաշքների ճնշող մեծամասնութիւնը կատարւում են առաքեալների եւ նրանց սերտ գործակիցների ձեռքով: Պօղոսը տալիս է դրա պատճառը. «Առաքեալի նշանները ձեր մէջ կատարուեցին՝ ամենայն համբերութեամբ, նշաններով եւ հրաշքներով ու զօրութիւններով» (Բ Կորնթ. 12.12): Եթէ Քրիստոսի ամէն հաւատացեալ օժտուած լինէր նշաններ ու հրաշքներ գործելու ունակութեամբ, ապա հրաշագործութիւնն ամենեւին չէր կարող առաքեալին բնորոշող նշանը լինել: Գործք 2.22-ն ասում է, որ Յիսուս «զօրութիւններով, հրաշքներով ու նշաններով ցոյց էր տրուել»: Նմանապէս եւ առաքեալներն իրենց հրաշագործութիւններով ցոյց էին տրուել որպէս Աստուծոյ ճշմարիտ պատգամաբերներ: Գործք 14.3-ը վկայում է, որ Պօղոսի ու Բառնաբասի գործած հրաշքներով ու նշաններով հաստատւում էր աւետարանի պատգամը:

Ա Կորնթացիս Թղթի 12–14 գլուխները հիմնականում Հոգու պարգեւների մասին են: Շարադրանքից երեւում է, որ հասարակ քրիստնեաները երբեմն դրսեւորում էին հրաշագործ պարգեւներ (12.8-10, 28-30): Մենք չգիտենք, թէ որքան յաճախակի էր դա. վերն ասացինք, որ հրաշքներն ու նշանները բնորոշում էին առաքեալներին, եւ թւում է, թէ «շարքային» քրիստոնեաների դէպքում դրանք առաւելապէս բացառութիւն էին, քան թէ կանոն: Բացի առաքեալներից ու նրանց մերձաւոր գործակիցներից Նոր Կտակարանը որեւէ տեղ յատուկ չի նշում Հոգու հրաշագործ պարգեւներ դրսեւորող անհատների:

Հարկ է յիշել նաեւ, որ վաղ եկեղեցին չունէր ամբողջական Աստուածաշունչ մատեանը, ինչպէս մենք ունենք այսօր (Բ Տիմոթէոս 3.16-17): Հետեւաբար, մարգարէութեան, գիտութեան, իմաստութեան եւ նման պարգեւներն անհրաժեշտ էին վաղ քրիստոնեաներին վկայելու համար: Մարգարէութեան պարգեւը հաւատացեալներին հնարաւորութիւն էր տալիս հաղորդակցել նոր ճշմարտութիւնը եւ աստուածային յայտնութիւնը: Հիմա, երբ Աստուծոյ յայտնութիւնը աւարտուն է Սուրբ Գրքով, այսպէս կոչուած «յայտնութեան» պարգեւները այլեւս անհրաժեշտ չեն, գոնէ ոչ այնքան, որքան Նոր Կտակարանում էին:

Աստուած հրաշքով բժշկում է մարդկանց ամէն օր: Աստուած այսօր էլ խօսում է մեզ՝ լսելի ձայնով, թէ մեր մտքում կամ տպաւորութիւններով ու զգացումներով: Աստուած տակաւին զարմանալի հրաշքներ է անում, նշաններ է ցոյց տալիս, երբեմն էլ որեւէ քրիստոնեայի ձեռքով: Բայց այդ ամենն անհրաժեշտաբար Հոգու հրաշագործ պարգեւներ չեն: Հրաշագործ պարգեւների առաջնային նպատակն էր ապացուցել, որ աւետարանը ճշմարիտ է, եւ առաքեալները Աստուծոյ ճշմարիտ բանբերներն էին: Աստուածաշունչը կտրուկ չի ասում, թէ հրաշագործ պարգեւները դադարել են, սակայն հիմք է տալիս հասկանալու, թէ ինչու նոյն չափով չեն դրսեւորւում, ինչպէս որ նկարագրուած են Նոր Կտակարանում:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Արդեօք Հոգու հրաշագործ պարգեւներն այսօրուայ համար են: