settings icon
share icon
Հարց

Ինչո՞ւ էին մարդիկ այդքան երկար ապրում:

Պատասխան


Որոշակիորեն անհասկանալի է, թե ինչու էին Ծննդոց գրքի առաջին գլուխներում նկարագրվող մարդիկ այդքան երկարակյաց։ Այս հարցի վերաբերյալ աստվածաբանական բազմաթիվ տեսություններ գոյություն ունեն։ Ծննդոց 5-րդ գլխում տրված սերնդաբանությունը անդրադառնում է Սեթի աստվածապաշտ սերնդի ներկայացուցիչներին, որից, ի վերջո, սերելու էր նաև խոստացված Մեսիան։ Հնարավոր է, որ Աստված օրհնել էր մարդկության այս ճյուղը նրանց աստվածավախության ու հնազանդության պատճառով։ Թեև սա հնարավոր բացատրություն է, սակայն Աստվածաշունչը որևէ տեղում չի նշում, որ այդ ժամանակ երկարակեցությունը Սեթի աստվածապաշտ սերնդի մենաշնորհն էր։ Ավելին, բացի Ենովքից որևէ մեկի համար հատուկ չի նշվում աստվածապաշտ լինելու մասին։ Ավելի հավանական է, որ այդ ժամանակներում բոլորն էին հարյուրավոր տարիներ ապրում։ Որոշակի փաստարկներ կարող են ամրապնդել նման տեսակետը։

Ջրհեղեղի ժամանակ ինչ-որ բան տեղի ունեցով, ինչը կրճատեց մարդու կյանքի տևողությունը։ Համեմատեք մարդու կյանքի տևողությունը նախքան ջրհեղեղը (Ծննդոց 5․1–32) ջրհեղեղից հետո ապրող մարդկանց կյանքի տևողության հետ (Ծննդոց 11․10–32)։ Ջրհեղեղից անմիջապես հետո այն կտրուկ նվազեց և պահպանեց նվազման հակումը։ Բանալին կարող է լինել Ծննդոց 6․3 խոսքը «Տերն ասաց. «Իմ հոգին թող միշտ չմնա մարդու վրա, որովհետև նա մարմին է, այլ նրա կյանքի օրերը հարյուր քսան տարի լինեն»։ Շատերը «հարյուր քսան տարի» արտահայտությունը ընկալում են որպես մարդու տարիքի Աստծո կողմից հաստատված նոր սահմանաչափ։ Արդեն Մովսեսի ժամանակներում, ով ապրեց 120 տարի, մարդկանց կյանքի միջին տևողությունը շատ ավելի քիչ էր։ Մովսեսից հետո մենք այլևս չենք հանդիպում, որ որևէ մեկն ապրի 120 տարուց ավելի։

Ծննդոց գրքի առաջին գլուխներում նկարագրված մարդկանց երկրակեցության տեսություններից մեկն ասում է, որ երկիրը պատված է եղել ջրի շերտով։ Ըստ այս տեսության, «հաստատության վրա եղած» ջրերը (Ծննդոց 1․7) ջերմոցային միջավայր են ստեղծել, որի արդյունքում այսօր երկրի մակերևույթին հասնող ճառագայթների մի մասը անդրադարձել է, ինչի արդյունքում էլ երկրի վրա եղել է կատարյալ կենսամիջավայր։ Ջրհեղեղի ժամանակ ջրի այդ շերտը թափվել է երկրի վրա (Ծննդոց 7․11), ինչի արդյունքում փոխվել է Երկրի կենսամիջավայրը։ Սակայն այս տեսությունն այժմ չի ընդունվում կրեացիոնիստների մեծամասնության կողմից։

Մեկ այլ մոտեցում պնդում է, որ արարչագործությունից հետո առաջին մի քանի սերունդների ընթացքում մարդկային գենետիկական կոդը որոշակի շեղումներ է զարգացրել։ Ադամն ու Եվան կատարյալ էին ստեղծված։ Նրանք, անկասկած, մեծ դիմացկունություն ունեին հիվանդությունների ու վարակների հանդեպ։ Նրանց սերունդները ավելի ու ավելի քիչ չափաբաժիններով էին ժառանգում այս հատկությունները։ Ժամանակի ընթացքում, որպես մեղքի հետևանք, մարդկային գենետիկական կոդը կորցրեց իր կատարելությունը, և մարդկային էակներն ավելի ու ավելի խոցելի դարձան հիվանդությունների ու մահվան հանդեպ։ Սա էլ իր հերթին բացասական ազդեցություն ունեցավ կյանքի տևողության վրա։

English



Վերադառնալ հայերեն գլխավոր էջին

Ինչո՞ւ էին մարդիկ այդքան երկար ապրում:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries