Դժոխքը իրակա՞ն է: Դժոխքը յաւիտնենակա՞ն է:



Հարց. Դժոխքը իրակա՞ն է: Դժոխքը յաւիտնենակա՞ն է:

Պատասխան.
Հետաքրքիր է, որ շատ աւելի մեծ թուով մարդիկ հաւատում են երկնային արքայութեան գոյութեանը, քան դժոխքի գոյութեանը: Ըստ Աստուածաշնչի, սակայն, դժոխքը նոյնքան իրական է, որքան երկինքը: Սուրբ Գիրքը պարզ եւ աներկբայ ուսուցանում է, որ դժոխքը իրական վայր է, որտեղ ուղարկւում են ամբարիշտները/անհաւատները մահից յետոյ: Մենք բոլորս էլ մեղանչել ենք Աստուծոյ դէմ (Հռոմայեցիս 3.23): Այդ մեղքի արդար պատիժը մահն է (Հռոմայեցիս 6.23): Քանի որ մեր ամբողջ մեղքն, ի վերջոյ, Աստուծոյ դէմ է (Սաղմոս 51.4), եւ քանի որ Աստուած անսահման ու յաւիտենական Էակ է, ապա մեղքի պատիժը՝ մահը, նոյնպէս պիտի անսահման ու յաւիտենական լինի: Դժոխքը այս անսահման ու յաւիտենական մահն է, որը մենք վաստակել ենք մեր մեղսագործութեամբ:

Ամբարիշտ մեռեալների պատիժն ամբողջ Սուրբ Գրքում նկարագրւում է որպէս «յաւիտենական կրակ» (Մատթ. 25.41), «անշէջ կրակ» (Մատթ. 3.12), «նախատինք եւ յաւիտենական անարգանք» (Դանիէլ 12.2), մի վայր, ուր «կրակը չի մարում» (Մարկ. 9.44-49), «տանջանք» եւ «բոց» (Ղուկ. 16.23-24), «յաւիտենական աւերում» (Բ Թես. 1.9), մի տեղ, ուր «տանջանքի ծուխը պիտի ելնի յաւիտեանս յաւիտենից» (Յայտ. 14.10-11) եւ «կրակի ու ծծմբի լիճ», որտեղ անիրաւները «պիտի չարչարուեն ցերեկ ու գիշեր՝ յաւիտեանս յաւիտենից» (Յայտ. 20.10):

Ամբարիշտների դժոխային պատիժը նոյնքան անվերջ է, որքան արդարների երկնային երանութիւնը: Յիսուս ինքը նշում է, որ դժոխքում պատիժը նոյնքան յաւերժական է, որքան յաւիտենական կեանքը երկնքում (Մատթ. 25.46): Ամբարիշտները յաւերժ ենթակայ են Աստուծոյ բարկութեանն ու զայրոյթին: Դժոխք ընկածները պիտի հասկանան եւ ընդունեն Աստուծոյ կատարեալ արդարադատութիւնը (Սաղմոս 76.10): Դժոխք ընկածները պիտի իմանան, որ իրենց պատիժն արդար է, եւ միմիայն իրենց մեղադրեն (Բ Օրինաց 32.3-5): Այո, դժոխքն իրական է: Այո, դժոխքը տանջանքի վայր ու պատժարան է, որն անվերջ է, յաւիտեանս յաւիտենից: Փա՜ռք Աստուծոյ, որ Յիսուսի շնորհիւ կարող ենք խուսափել այս յաւիտենական ճակատագրից (Յովհաննէս 3.16, 18, 36):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Դժոխքը իրակա՞ն է: Դժոխքը յաւիտնենակա՞ն է: