settings icon
share icon
Հարց

Ինչպե՞ս կարող եմ ներել իմ դեմ մեղք գործողներին:

Պատասխան


Թերևս, չկա մի այնպիսի մարդ, ում հանդեպ սխալներ թույլ չեն տվել, չեն նեղացրել և ում հանդեպ մեղք չեն գործել: Ինչպե՞ս պետք է քրիստոնյաներն արձագանքեն, երբ իրենց հանդեպ վիրավորական վերաբերմունք է ցուցաբերվում։ Ըստ Աստվածաշնչի, մենք պետք է ներենք մյուսներին։ Եփեսացիս 4․32 խոսքում կարդում ենք․ «Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց»։ Նաև Կողոսացիս 3:13 խոսքն է սովորեցնում․ «․․․միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք»։ Բերված երկու աստվածաշնչյան հատվածներում էլ բանալին կայանում է նրանում, որ մենք մյուսներին պետք է ներենք այնպես, ինչպես Աստված է մեզ ներել։ Ինչո՞ւ ենք ներում։ Քանի որ մենք ներում ենք ստացել։ Մեր կողմից մյուսներին ներելը պետք է արտացոլի Աստծո կողմից մեզ շնորհված ներումը։

Մեր հանդեպ մեղք գործած մարդկանց ներելու համար մենք նախ պետք է գիտակցենք Աստծո կողմից մեզ շնորհված ներումը։ Աստված հենց այնպես, առանց որևէ նախապայմանի չի ներում բոլորին։ Եթե այդպես լիներ, ապա ոչ ոք չէր գնա կրակել լճի տանջանքների մեջ, որը նկարագրված է Հայտնություն 20․14–15 հատվածում։ Իրական ներումը ներառում է մեղք գործողի կողմից անկեղծ ապաշխարություն և Աստծո ողորմած շնորհի դրսևորում։ Ներման հարցում սերն ու ողորմությունը միշտ ներկա են, սակայն երբեմն բացակայում է ապաշխարությունը։ Այսպիսով, երբ Աստված մեզ հրահանգում է ներել միմյանց, դա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք մեղքը։ Դա նշանակում է, որ մենք սիրահոժար ու ողորմած կերպով ներում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերից։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ներելու, երբ մեր առջև այդպիսի հնարավորություն է բացվում։ Ոչ թե միայն յոթ անգամ, այլ «յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18․22)։ Ներում խնդրողին մերժելը խոսում է մեր մեջ առկա վիրավորանքի, դառնության ու բարկության մասին, որոնք իրական քրիստոնյային ոչ հարիր հատկանիշներ են։

Մեր հանդեպ մեղք գործողներին ներելը համբերություն ու երկայնամտություն է պահանջում։ Եկեղեցին «բոլորի հանդեպ համբերատար լինելու» պատվեր ունի (Ա Թեսաղոնիկեցիս 5․14)։ Մենք պետք է ունակ լինենք անուշադրության մատնելու անձնական հակակրանքն ու մանր վիրավորանքները։ Տեր Հիսուս ասել է, «Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու» (Մատթեոս 5․39)։ Ոչ բոլոր «ապտակներին» է պետք արձագանքել։

Մեր հանդեպ մեղք գործողներին ներելու համար մենք կարիք ունենք մեր կյանքերում Աստծո փոխակերպող զորության ներգործության։ Անկում ապրած մարդկային բնույթի ներսում մի արմատացած ձգտում կա, որը մղում է մարդուն վրեժխնդրության և ստիպում չարին չարով պատասխանելուն։ Բնականաբար, մենք ձգտում ենք համարժեք ցավ պատճառել դիմացինին։ «Աչք՝ աչքի փոխարեն» սկզբունքը միակ արդար հատուցումն է թվում։ Սակայն Քրիստոսով մենք զորություն ենք ընդունել սիրելու մեր թշնամիներին, բարիք անելու մեզ ատողներին, օրհնելու մեզ անիծողներին և աղոթելու մեզ հալածողների համար (տե՛ս Ղուկաս 6․27–28 հատվածը)։ Տեր Հիսուս մեզ մի նոր սիրտ է պարգևել, որը հակված է ներելու և այդպիսին է լինելու մինչև մեր երկրային կյանքի ավարտը։

Մեր հանդեպ մեղք գործողներին ներելը բարդ չէ, երբ գիտակցում ենք, թե ինչպես և որքան է Աստված ներել մեր մեղքերն ու հանցանքները։ Աստծո առատ շնորհն ընդունած մարդիկ իրավունք չունեն մյուսների հանդեպ շնորհ չցուցաբերելու։ Անշուշտ, մենք Աստծո հանդեպ ավելի շատ ու մեծ մեղքեր ենք գործել, քան տվյալ մարդը՝ մեր հանդեպ։ Մատթեոս 18․23–35 հատվածում Տեր Հիսուսի պատմած առակը այս ճշմարտության զորավոր ներկայացումն է։

Աստված խոստանում է, որ երբ մենք Նրանից ներում խնդրենք, Նա այն կշնորհի մեզ (Ա Հովհաննես 1․9)։ Եվ այդ նույն պատրաստակամությամբ մենք պետք է ներենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզնից ներում են խնդրում (Ղուկաս 17․3–4)։

English


Վերադառնալ հայերեն գլխավոր էջին
Ինչպե՞ս կարող եմ ներել իմ դեմ մեղք գործողներին:
Կիսվեք այս էջով Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries