Մենք կճանաչե՞նք մեր բարեկամներին եւ ընտանիքի անդամներին երկնքում:



Հարց. Մենք կճանաչե՞նք մեր բարեկամներին եւ ընտանիքի անդամներին երկնքում:

Պատասխան.
Շատերն ասում են՝ առաջին բանը, որ կուզէին անել երկինք գնալուն պէս, իրենց հարազատներին ու սիրելիներին տեսնելն է, որոնք մահացել են մեզնից առաջ: Յաւիտենութեան մէջ անսահման ժամանակ կայ ճանաչելու եւ մեր ընկերների ու մտերիմների ներկայութիւնը վայելելու: Այդուհանդերձ, դա չի լինելու մեր գլխաւոր զբաղմունքը երկնքում: Մենք շատ աւելի զբաղուած ենք լինելու Աստծուն երկրպագելով եւ երկնքի հրաշալիքներով զմայլուելով: Մեր վերամիաւորումը մեր սիրելիների հետ առաւելապէս, հաւանաբար, լցուած է լինելու մեր կեանքում Աստուծոյ շնորհն ու փառքը, Նրա հրաշափառ սէրը, Նրա զօրաւոր գործերը պատմելով: Առաւել եւս ցնծալու ենք, որովհետեւ կարող ենք պաշտել ու երկրպագել Տիրոջը այլ հաւատացեալների ընկերակցութեամբ, յատկապէս նրանց, ում սիրել ենք մեր երկրային կեանքում:

Իսկ ի՞նչ է ասում Աստուածաշունչը հանդերձեալ կեանքում մարդկանց ճանաչելու մասին: Սաւուղ արքան ճանաչեց Սամուէլին, երբ Ենդովրի վհուկը կանչեց Սամուէլին մեռելների տիրոյթից (Ա Թագաւորաց 28.8-17): Երբ Դաւթի նորածին որդին մահացաւ, Դաւիթն ասաց՝ «Ես նրա մօտ կգնամ, բայց նա ինձ չի վերադառնայ» (Բ Թագ. 12.23): Դաւիթը նկատի ունէր, որ ինքն ի վիճակի կլինի ճանաչելու իր որդուն երկնքում, թէեւ մահացել էր մանկիկ հասակում: Ղուկաս 16.19-31-ում Աբրահամը, Ղազարոսը եւ հարուստը՝ բոլորն էլ ճանաչելի էին մահից յետոյ: Այլակերպութեան պահին Մովսէսն ու Եղիան ճանաչելի էին (Մատթէոս 17.3-4): Այս օրինակներում Սուրբ Գիրքը կարծես հաւաստում է, որ մենք ճանաչելի ենք լինելու մահից յետոյ:

Աստուածաշունչը վկայում է, որ երկինք գնալով՝ «Նրա [Յիսուսի] նման կլինենք, որովհետեւ կտեսնենք Նրան, ինչպէս որ է» (Ա Յովհ. 3.2): Ճիշտ ինչպէս մեր երկրային մարմինները առաջին մարդուց՝ Ադամից էին, այնպէս էլ մեր յարուցեալ մարմինները լինելու են Քրիստոսի մարմնի նման (Ա Կորնթացիս 15.47): «Եւ ինչպէս որ հողեղէնի պատկերը հագանք, այնպէս էլ երկնայինի պատկերը պիտի հագնենք: ...Որովհետեւ այս ապականացուն պէտք է որ անապականութիւնը հագնի, եւ այս մահկանացուն անմահութիւնը հագնի» (Ա Կորնթ. 15.49, 53): Շատերը ճանաչեցին Յիսուսին Նրա յարութիւնից յետոյ (Յովհաննէս 20.16, 20; 21.12, Ա Կորնթացիս 15.4-7): Եթէ Յիսուս ճանաչելի էր իր փառաւորեալ մարմնում, մենք նոյնպէս ճանաչելի կլինենք մեր փառաւորեալ մարմնում: Երկնքի հրաշափառ կողմերից մէկն էլ մեր սիրելիներին տեսնելն է, բայց երկնային արքայութիւնը շատ աւելի Աստուծոյ մասին է եւ աւելի նուազ՝ մեր մասին: Ինչպիսի՜ բերկրանք է լինելու մեր սիրելիներին վերամիանալը եւ նրանց հետ միասին Աստծուն յաւերժ երկրպագելը:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Մենք կճանաչե՞նք մեր բարեկամներին եւ ընտանիքի անդամներին երկնքում: