Ի՞նչ է լինելու ըստ վերջին օրերի մարգարէութեան:



Հարց. Ի՞նչ է լինելու ըստ վերջին օրերի մարգարէութեան:

Պատասխան.
Աստուածաշունչը շատ բան է ասում վերջին օրերի մասին: Աստուածաշնչի գրեթէ ամէն գիրք մարգարէութիւն է պարունակում վերջին ժամանակների վերաբերեալ: Այս բոլոր մարգարէութիւնները համադրելը դժուարին գործ է: Փորձենք համառօտ մի ակնարկով ամփոփել, թէ ինչ է ասում Աստուածաշունչը աշխարհի վերջի իրադարձութիւնների մասին:

Քրիստոս վերստին ծնուած բոլոր հաւատացեալներին վերցնելու է երկրից. այս իրադարձութիւնը կոչւում է յափշտակութիւն (Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18, Ա Կորնթացիս 15.51-54): Քրիստոսի ատեանի առաջ այս հաւատացեալները պիտի վարձատրուեն իրենց երկրային կեանքում արած բարի գործերի եւ հաւատարիմ ծառայութեան համար կամ պիտի զրկուեն այդ վարձքից թերի ծառայութեան կամ հնազանդութեան պատճառով, բայց չեն զրկուելու յաւիտենական կեանքից (Ա Կորնթացիս 3.11-15, Բ Կորնթացիս 5.10):

Հակաքրիստոսը՝ Նեռը (գազանը), իշխանութեան է գալու եւ եօթ տարով ուխտ է կնքելու Իսրայէլի հետ (Դանիէլ 9.27): Եօթնամեայ այս շրջանը յայտնի է որպէս «նեղութիւն»: Այս ընթացքում սոսկալի պատերազմներ, արհաւիրքներ, սով եւ բնական աղէտներ են լինելու: Աստուած թափելու է իր բարկութիւնը մեղքի, չարիքի ու անիրաւութեան վրայ: Նեղութեան ժամանակ են լինելու Յայտնութեան գրքի չորս հեծեալները, եօթ կնիքները, հնչող փողը եւ դատաստանի գաւաթները:

Եօթնամեայի կեսին մօտ Հակաքրիստոսը դրժելու է Իսրայէլի հետ արած խաղաղութեան ուխտը եւ պատերազմի է ելնելու Իսրայէլի դէմ: Նա պիտի գործի «աւերածի պղծութիւնը» եւ իր պատկերը դնի Երուսաղէմի տաճարում երկրպագելու համար (Դանիէլ 9.27, Բ Թեսաղոնիկեցիս 2.3-10), որը մինչ այդ կառուցուած պիտի լինի: Նեղութեան երկրորդ մասն անուանում են «մեծ նեղութիւն» (Յայտնութիւն 7.14) եւ «նեղութեան ժամանակ Յակոբի համար» (Երեմիա 30.7):

Եօթնամեայ նեղութեան վերջում Նեռը մի վերջին յարձակում է գործելու Երուսաղէմի վրայ, որի բարձրակէտը լինելու է Արմագեդոնի ճակատամարտը: Յիսուս Քրիստոս վերադառնալու է, կործանելու է Նեռին ու նրա զօրքը եւ գցելու է նրանց կրակէ լիճը (Յայտնութիւն 19.11-21): Այնուհետեւ Քրիստոս հազար տարով կապելու է Սատանային եւ հազար տարի թագաւորելու է երկրի վրայ (Յայտնութիւն 20.1-6):

Հազարմեայի վերջում Սատանան պիտի արձակուի, դարձեալ ջախջախուի եւ կրակէ լիճը գցուի (Յայտնութիուն 20.7-10) յաւիտեան: Ապա Քրիստոս դատելու է բոլոր անհաւատներին (Յայտնութիւն 20.10-15) ճերմակ մեծ ատեանի առաջ՝ նրանց բոլորին նոյնպէս գցելով կրակէ լիճը: Քրիստոս այնուհետեւ նոր երկինք եւ նոր երկիր է ստեղծելու, ինչպէս նաեւ Նոր Երուսաղէմ՝ հաւատացեալների յաւիտենական բնակութեան վայրը: Չի լինելու այլեւս մեղք, տառապանք եւ մահ (Յայտնութիւն 21–22):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է լինելու ըստ վերջին օրերի մարգարէութեան: