Ընտանի կենդանիները Երկի՞նք են գնում: Կենդանիները հոգի ունե՞ն:



Հարց. Ընտանի կենդանիները Երկի՞նք են գնում: Կենդանիները հոգի ունե՞ն:

Պատասխան.
Աստուածաշունչը յստակ ուսուցում չի տալիս այն հարցի մասին, թէ արդեօք մեր սիրելի ընտանի կենդանիները հոգի ունեն կամ լինելու են Երկնքում, թէ ոչ: Սակայն, կիրառելով աստուածաշնչեան ընդհանուր սկզբունքներ, կարող ենք որոշ պարզութիւն մտցնել խնդրոյ առարկայի մէջ: Սուրբ Գիրքն ասում է, որ ե՛ւ մարդը (Ծննդ. 2.7), ե՛ւ կենդանիները (Ծննդ. 1.30; 6.17; 7.15, 22) «կեանքի շունչ» ունեն, այսինքն՝ թէ՛ մարդը, թէ՛ անասունները կենդանի էակ են: Մարդու եւ կենդանիների միջեւ հիմնական տարբերութիւնն այն է, որ մարդը Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ է ստեղծուել (Ծննդ. 1.26-27), իսկ կենդանիները՝ ոչ: Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ ստեղծուած լինելը նշանակում է, որ մարդ էակները Աստուծոյ պէս են. հոգեւոր են, ունեն միտք, զգացում եւ կամք, եւ նրանց էութեան մի մասը մահից յետոյ շարունակում է իր գոյութիւնը: Եթէ ընտանի կենդանիները «հոգի» կամ աննիւթական որեւէ սուբստանց ունեն, ապա այն պիտի տարբեր եւ աւելի «ցածրորակ» լինի, քան մարդունը: Այդ տարբէրութիւնը հաւանաբար նշանակում է, որ ընտանի կենդանիների «հոգիները» յետմահու գոյութիւն չունեն:

Ուրիշ գործօն, որ արժէ դիտարկել, այն է, որ կենդանիները, ըստ Ծննդոց գրքի, Աստուծոյ արարչագործութեան մի մասն են: Աստուած ստեղծեց կենդանիներին եւ ասաց, որ բարի է (Ծննդ. 1.25): Հետեւաբար հիմքեր չունենք կարծելու, որ նոր երկրում կենդանիներ չեն լինելու (Յայտ. 21.10): Հազարամեայ թագաւորութեան շրջանում հաստատ լինելու են (Եսայիա 11.6; 65.25): Չենք կարող ասել, թէ արդեօք այս կենդանիների մէջ լինելու են մեր տնային սիրելիները, որ կային այստեղ, երկրի վրայ: Մի բանում համոզուած ենք, որ Աստուած արդար է, եւ երբ Երկինք գնանք, միանգամայն համաձայն պիտի լինենք Նրա վճռին այս հարցում, ինչ էլ որ այն լինի:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ընտանի կենդանիները Երկի՞նք են գնում: Կենդանիները հոգի ունե՞ն: